Բժիշկները վստահեցնում են, որ ծննդկանի համար արել են ամեն ինչ
Անչափահաս Լիլիթ Մուրադյանի մահվանից անցել է 3 շաբաթ: Այս ընթացքում Լիլիթի հարազատները ամեն կերպ՝ պաշտոնական եւ ոչ պաշտոնական ճանապարհներով փորձում են պարզել, թե որն էր իրենց 16-ամյա աղջկա մահվան իրական պատճառը՝ բժշկի անփութությո՞ւնը, թե՞ խմելու ջուրը, որն այդ օրերին ամենայն հավանականությամբ Մասիսում վարակված է եղել:
Հիշեցնենք, որ Լիլիթը հունիսի 4-ին ծննդաբերել էր Նոր Արեշի «Գրիգոր Նարեկացի» բժշկական կենտրոնում, բայց 4 կգ 200 գրամ քաշով տղա ունենալուց հետո որովայնի սուր ցավերով տեղափոխվել էր Մասիսի հիվանդանոցի ինֆեկցիոն բաժանմունք, այնտեղից էլ՝ «Էրեբունի» հիվանդանոց, որտեղ մոտ 20 օր պառկելուց հետո այդպես էլ նրա կյանքը չի հաջողվել փրկել:
Մինչ դատաքննչական մարմինները անչափահաս ծննդկանի մահվան պատճառների մասին կտան իրենց վերջնական եզրակացությունը, մենք փորձեցինք ճշտել, թե հիվանդանոցներում ծննդաբերությունից հետո անցկացված այդ 1 ամսվա ընթացքում ի՞նչ բժշկական միջամտություններ են կատարվել, ի՞նչ դեղեր է ընդունել Լիլիթը եւ հնարավո՞ր էր արդյոք առավել ուշադիր ու հոգատար լինելու պարագայում փրկել աղջկա կյանքը:
«Գրիգոր Նարեկացի» ծննդատան ծնարանի վարիչ Գագիկ Գեւորգյանը՝ ապացուցելու համար, որ Լիլիթի մահը որեւէ գինեկոլոգիական խնդրի հետ կապված չէ եւ որ իրենք իսկապես արել են հնարավոր ամեն ինչ, «Առավոտի» խմբագրություն էր բերել Լիլիթի բժշկական փաստաթղթերի պատճենները, անկետան եւ այդ օրերին կատարված բոլոր անալիզների պատասխանները: Գ. Գեւորգյանի պատմելով՝ «Լիլիթը չնայած ունեցել է խոշոր պտուղ եւ ծնել է 4.2 քաշով նորածին՝ ծննդաբերությունն անցել է բացարձակ առանց տրավմաների՝ ոչ մի պատռվածք չի եղել: 4 օր եղել է ծննդատանը՝ որպես ծննդկան, վիճակը եղել է բավարար, գանգատներ չի ունեցել: 4-րդ օրը դուրս է գրվել, հարազատները ժպտալով եւ շնորհակալություն հայտնելով՝ գնացել են: Բայց հաջորդ օրը՝ արդեն ամսի 9-ի երեկոյան, նա նորից ընդունվել է որովայնի ցավերով, ախտորոշվել է լորձաթաղանթի բորբոքում՝ մակարդուկներ են եղել արգանդի խոռոչում, այսինքն՝ էնդոմեցիտ: Նման դեպքերում կատարվում է արգանդի խոռոչի դատարկում՝ վակուումասպիրացիա, ինչը եւ մենք արել ենք, նշանակել ենք համապատասխան բուժում: Բայց հետո Լիլիթն ասաց, որ արնաջուր է գնում՝ աղիքից: Մենք հրավիրեցինք ինֆեկցիոնիստի, վիրաբույժի, որոնք ախտորոշել են աղիքային սուր ինֆեկցիա»: Ուշագրավ է, որ Լիլիթի անկետայում վիրաբուժական բաժանմունքի վարիչը, բացի աղիքային ինֆեկցիայից, իր ախտորոշման մեջ հարցական նշանով գրել է նաեւ «ապենդիցիտ», ինչը ժողովրդին հայտնի է որպես կույր աղիքի բորբոքում: Սա, ամենայն հավանականությամբ, բժիշկը նշել է՝ իրեն ապահովագրելու համար, որովհետեւ դեպք է եղել, երբ ծննդաբերությունից հետո կույրաղիքի ցավերը շփոթել են գինեկոլոգիական ինչ-ինչ խնդիրների հետ ու ծննդկանը մահացել է:
Մենք նայեցինք նաեւ Լիլիթի սոնոգրաֆիայի հետազոտությունը, որտեղ աղջկա արգանդի խոռոչի տարբեր հատվածներում հայտնաբերվել էր 5, 10 եւ 20 մլ/լ հեղուկներ: Գ. Գեւորգյանի բացատրելով՝ դա հենց այն մակարդուկներն են, որի մասին ասել է. «Պատկերացնելու համար, թե որքան քիչ են եղել այդ կուտակումները, ասեմ, որ 10 մլ/լ-ը 1 թեյի գդալից էլ քիչ է: Իսկ դա անհանգստանալու պրոբլեմ չէր եւ արագ մաքրվեց»: Ինչ վերաբերում է անալիզներին, որոնք կարող էին կողմնորոշել բժշկին Լիլիթի ինֆեկցիայի մասին՝ միզանյութը բարձր չի եղել, ամեն ինչ նորմալ է եղել եւ միայն լեյկոցիտները, որոնք հղի կանանց մոտ սովորաբար 12 են լինում, նրա մոտ ցույց է տվել 13.4: Բայց սա նույնպես ոչինչ չի ասել մասնագետներին, որովհետեւ դա արդեն կապել են էնդոմեցիտի հետ:
Լիլիթի հարազատները «Գրիգոր Նարեկացի» ծննդատանը մեղադրում են անգործության մեջ՝ վստահեցնելով, որ հունիսի 9-13-ը, ախտորոշելով ինֆեկցիա, ոչինչ չի արվել՝ Լիլիթի կյանքը փրկելու համար: Ինչպես պարզեցինք, ծննդատանը ինֆեկցիոնիստը նշանակել է սմեկտա, ռինգերի լուծույթ, գլյուկոզա՝ վիտամին C-ով, կաթիլային ներարկումներ եւ դիետա: «Առավոտը» հանրապետության գլխավոր վարակաբան Արա Ասոյանից հետաքրքրվեց՝ եթե Լիլիթը Նորքի ինֆեկցիոնում լիներ՝ արդյո՞ք նույն դեղերը նրան կնշանակեին: Ա. Ասոյանի խոսքերով՝ «Հիմնական աշխատող դեղը եղել է սմեկտան, որը նշանակվել է եւ ճիշտ է արվել: Լիլիթին ես տեսել եմ 1 անգամ՝ Մասիսի հիվանդանոցում, այն ժամանակ, երբ Խարբերդում նոր սկսվեց վարակը, այդ բոլոր հիվանդներից հենց ինքը կպավ իմ աչքին, զգացի, որ նա պոտենցիալ ծանր հիվանդ է, ինձ դուր չեկավ, ես անմիջապես այնտեղից զանգեցի նախարարին՝ Քուշկյանին, խնդրեցի, որ նա ապահովի այդ հիվանդի տեղափոխումը «Էրեբունի» հիվանդանոց, նախարարը, իհարկե, արագ տեղափոխումը կազմակերպեց, հետո ամեն օր զանգում էի՝ Լիլիթի վիճակը չէր բարելավվում: Ես ձեզ մի հետաքրքիր բան ասեմ, որը նույնպես կարող էր ապակողմնորոշած լիներ, Լիլիթի մոտ որպես այդպիսին, անգամ լույծ չի եղել: Մենք լույծ ասում ենք, երբ մարդն օրվա մեջ 5 անգամ գնում է զուգարան, ես հիշում եմ, Լիլիթը ինձ էլ ասաց, որ ինքը լույծ չունի, ուղղակի կեղտի մեջ արյուն կար, ունեցել է որովայնում սուր, կտրող ցավեր: Ես չեմ վախենում ասել, որ ինձ համար այդ աղիքային ինֆեկցիայի հարուցիչը մնաց անհայտ, ես 4-5 լաբորատորիա ուղարկեցի անալիզները, որեւէ լաբորատորիայում մենք հստակ ոչինչ չունեցանք»: Մեր հարցին՝ հնարավո՞ր էր Լիլիթի կյանքը փրկել, եթե շուտ ախտորոշում արվեր ու շուտ բուժում սկսվեր՝ պարոն Ասոյանը պատասխանեց. «Չեմ կարծում, արվել է ամեն ինչ, այդ մարդը ոչ մի օր առանց ուշադրության չի մնացել, հիշենք, որ նա նոր է ծննդաբերել, այդ ժամանակ կնոջ օրգանիզմը լրիվ իմունիտետից զրկվում է, թուլանում է: Այս հիվանդության ամենավատ կողմն այն է, որ առաջացնում է երիկամային անբավարարություն ու մահ»: