Լրահոս
Օրվա լրահոսը

Կառավարությունը մոռացել է

Հուլիս 26,2011 00:00

ԿԶԾ սոցիալական գործընկերության համաձայնագրի մասին

2009թ. փետրվարի 10–ին ՀՀ կառավարության եւ քաղաքացիական հասարակության լայն շրջանակների (հասարակական, կրոնական կազմակերպություններ, հիմնադրամներ եւ այլ ֆորմալ ու ոչ ֆորմալ միավորումներ) միջեւ ստորագրվեց Կայուն զարգացման ծրագրի (ԿԶԾ) Սոցիալական գործընկերության (ՍԳ) համաձայնագիրը, ըստ որի՝ ներքոստորագրյալ կողմերը, կարեւորելով ՀՀ–ում աղքատության հաղթահարման հիմնախնդիրը եւ դրան ուղղված ԿԶԾ-ն, հանրային մասնակցությունը ԿԶԾ-ի մշակմանը, իրականացմանը, մոնիտորինգին եւ գնահատմանը, ԿԶԾ մասնակցային գործընթացում սոցիալական գործընկերության ինստիտուտի կայացումը եւ դրա միջոցով մասնակցության շարունակականության եւ արդյունավետության ապահովումը, հաշվի առնելով ԱՀՌԾ (Աղքատության հաղթահարման ռազմավարական ծրագիրը) եւ ԱՀՌԾ մասնակցային գործընթացի անցած փուլի փորձը՝ հաստատում են իրենց պատրաստակամությունը որպես շահագրգիռ կողմեր՝ մինչեւ 2012թ. մասնակցելու ԿԶԾ մշակման, իրականացման, մոնիտորինգի եւ գնահատման գործընթացներին՝ հենվելով հասարակական տարբեր ոլորտները, հանրային ինստիտուտները, սոցիալական խմբերը եւ խավերը ներկայացնող սուբյեկտների միջեւ շահերի ներդաշնակության սկզբունքի վրա:
ԿԶԾ մշակման, իրականացման, մոնիտորինգի եւ գնահատման գործընթացներում ոչ կառավարական հատվածի (քաղաքացիական հասարակության)՝ որպես հավասար գործընկեր կողմի, արդյունավետ մասնակցությունն ապահովելու նպատակով ձեւավորվեց ԿԶԾ ՍԳԻ կազմակերպական կառույց՝ ԿԶԾ Քաղաքացիական հասարակության ցանց (ԿԶԾ ՔՀՑ), որի գործունեությունը ուղղված է կոնկրետ խնդիրների շուրջ շահագրգիռ դերակատարներին մոբիլիզացնելու, ԿԶԾ մասնակցային գործընթացի աշխատանքները կազմակերպելու, համակարգելու եւ նպատակաուղղելու աղքատության հաղթահարման հիմնախնդրի արդյունավետ լուծմանը:
ԿԶԾ մասնակցային իրականացման կառավարման համակարգը բաղկացած է ԿԶԾ համակարգող խորհրդից (ՀԽ) եւ աշխատանքային խմբից (ԱԽ), որոնց գործունեության կազմակերպումը իրականացնում է ԿԶԾ քարտուղարությունը:
ՀՀ վարչապետի 2009թ. օգոստոսի 4–ի թիվ 657–Ն որոշմամբ հաստատվեց ԿԶԾ–ն՝ իր կառույցներով:
ԿԶԾ սոցիալական գործընկերության ինստիտուտի ձեւավորումից հետո անցել է բավականին ժամանակ, սակայն կառավարությունը չի պահպանում ԿԶԾ շրջանակներում ՍԳ համաձայնագրի դրույթները: Մասնավորապես խախտված են ԿԶԾ իրականացման ժամանակացույցը, միջոցառումների պլանը, ԿԶԾ աշխատանքային խմբի կողմից չհաստատվեց ԿԶԾ 2010– 2011թթ. միջանկյալ ծրագիրը, ինչպես նաեւ խախտվեցին նշված ծրագրի փաստաթղթի մշակման եւ հաստատման մասնակցային ձեւաչափը եւ ժամանակացույցը, ոչ բոլոր նախարարություններն են հաստատել իրենց կոլեգիաներում ՔՀՑ ներկայացուցիչներին, ԿԶԾ քարտուղարության կողմից վատ է իրականացվում անհրաժեշտ տեղեկատվության տարածումը, կառավարության եւ ԱԺ–ի կողմից շարունակաբար ընդունվում են օրենքներ եւ որոշումներ, որոնք ԿԶԾ տեսանկյունից ունեն կարեւոր նշանակություն, մինչդեռ դրանք չեն անցել շահագրգիռ բոլոր կողմերի մասնակցությամբ լայն հանրային քննարկումներ, ինչպես նաեւ չեն ներկայացվել ԿԶԾ կառավարման աշխատանքային խմբի հատուկ կարծիքի (որը ամրագրված է Համաձայնագրի դրույթներում), կառավարության եւ ԿԶԾ շրջանակներում վերջիններիս հետ համագործակցող դոնոր հանրության կողմից չի ցուցաբերվում աջակցություն ԿԶԾ ՔՀՑ աշխատանքներին, ինչը խոչընդոտում է ԿԶԾ իրականացման եւ վերահսկման գործընթացում հանրային արդյունավետ մասնակցությանը եւ համակարգմանը:
ԿԶԾ շրջանակներում ՍԳ կողմ հանդիսացող քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները համաշխարհային տնտեսական ճգնաժամի պայմաններում, դրան դիմակայելու եւ երկրի զարգացման համար խիստ կարեւորում են ԿԶԾ իրականացումը եւ մեծ պատասխանատվությամբ են վերաբերվում ծրագրի իրականացման գործընկերային պարտավորություններին:
Կառավարության եւ մասնավորապես ԿԶԾ իրականացման համակարգող՝ ՀՀ էկոնոմիկայի նախարարության կողմից կոպտորեն խախտվել են Համաձայնագրի 2.3 կետի բոլոր դրույթները, որոնք սահմանում են քաղաքականությունների եւ իրավական ակտերի մշակման գործընթացում կողմերի լիիրավ եւ գործուն մասնակցության ապահովում: Վերոնշյալի առնչությամբ բազմիցս մեր մտահոգությունն ենք հայտնել ՀՀ էկոնոմիկայի նախարարությանը:
Ստեղծված իրավիճակի վերլուծությունից կարելի է ենթադրել, որ ԿԶԾ իրականացման ՀԽ–ի եւ ԱԽ–ի անդամ պետական կառույցների ներկայացուցիչները կամ շահագրգռված չեն քաղաքացիական հասարակությանը մասնակից դարձնել ԿԶԾ գործընթացներին, կամ բավարար չափով տեղյակ չեն կառավարության թիվ 657 Ն որոշմանը, կամ էլ ԿԶԾ–ն եւ դրա իրականացման ՍԳ–ն կրում են ձեւական բնույթ, այսինքն՝ ՀՀ–ում փորձ է արվում քաղաքացիական հասարակության եւ հանրային մասնակցության համար նպաստավոր միջավայրի ստեղծման իմիտացիա ձեւավորել, որն իր հերթին քաղաքացիական հասարակության շրջանում էլ ավելի է խտացնում հիասթափության եւ անվստահության՝ արդեն ձեւավորված մթնոլորտը՝ նպաստելով արտագաղթի աճին:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել