«Global gold»-ն՝ ընդդեմ պետռեգիստրի եւ «Կալդերա ռեսուրսիզի» դատական գործն էլի հետաձգվեց
Հուլիսի 22-ին վարչական դատարանում «Global gold» ընկերության հայցն էր լսվում՝ ընդդեմ արդարադատության նախարարության պետական ռեգիստրի: Հիշեցնենք, որ «Global gold»-ը պետռեգիստրին մեղադրում է ապօրինի կարգով «Մարջան մայնինգ» ընկերության 100 տոկոս բաժնեմասը «Կալդերա ռեսուրսիզի» անունով գրանցելու մեջ եւ դատարանից պահանջում է ամբողջությամբ անվավեր ճանաչել այդ գործարքը:
Այս հերթական դատական նիստը, ինչպես հայցվոր կողմի ներկայացուցիչն ասաց, հոբելյանական էր. լրացավ դատական գործընթացի 10-րդ ամիսը, սակայն վերջնական վճռի կայացումը կարծես թե ոչ մի կերպ չի ստացվում. մե՛կ պատասխանող կողմը ներկա չէր լինում, մե՛կ 3-րդ կողմը դատական նիստը հետաձգելու միջնորդություն էր խնդրում՝ ինչ-որ փաստաթղթեր ներկայացնելու համար, մե՛կ դատավորի ինքնաբացարկ էր պահանջում, դատավորը փոխվեց, մե՛կ էլ նոր դատավորի ինքնաբացարկ պահանջեց: Դատավորն էլ փոխվեց, բայց սայլը տեղից չշարժվեց: Նախորդ նիստին էլ «Մարջան մայնինգի» եւ «Կալդերա ռեսուրսիզի» ներկայացուցիչն էր բացակայում:
Իսկ այս վերջին նիստին թեեւ բոլոր կողմերը ներկա էին, սակայն հենց նիստի առաջին րոպեներին «Մարջան մայնինգ» ընկերության հայաստանյան տնօրեն Ազատ Վարդանյանի ստորագրությամբ փաստաթուղթ ներկայացվեց դատավորին, ըստ որի՝ տեղեկացնում էր, որ իրենց ներկայացուցչի լիազորագիրը վերացրել են, եւ մեկ այլ անձ պետք է ներգրավվի գործում՝ որպես ներկայացուցիչ, այսինքն՝ միջնորդություն ներկայացրեցին դատական նիստը հետաձգելու համար: Պարզվեց, որ «Մարջան մայնինգի» ներկայացուցիչ Վարդան Սաֆարյանը դատական նիստից ընդամենը 30 րոպե առաջ է իմացել, որ նույն օրը նիստ է լինելու, եւ որ իր լիազորությունները վերացրել են, սակայն նա դեռեւս մնում էր որպես «Կալդերա ռեսուրսիզի» ներկայացուցիչ: Դատավորը 10 րոպե ընդմիջում հայտարարեց, որպեսզի կողմերը, այսպես ասած, մարսեն ինֆորմացիան եւ իրենց կարծիքը հայտնեն: Ընդմիջումից հետո հայցվոր կողմն իր կարծիքն արտահայտեց միջնորդության վերաբերյալ. «Առաջին հերթին միջնորդությունից երեւում է, որ Վարդան Սաֆարյանը հանդիսանում է «Մարջան մայնինգի» ներկայացուցիչը: Իսկ ընկերության հայաստանյան տնօրենը՝ Ազատ Վարդանյանը, միաժամանակ նաեւ «Կալդերայի» ներկայացուցիչն է: Միջնորդության մեջ գրված է, որ վերացվել են փաստաբանի լիազորությունները, բայց չի գրվել որեւիցե հանգամանք, թե՝ ե՞րբ, հատկապես ո՞ր նոտարով հաստատված: Միջնորդության ներկայացման ժամանակին ուշադրություն դարձրեք՝ սա հերթական փորձն է՝ դատավարությունը ձգձգելու, ձախողելու եւ տապալելու: Իրենք իրենց իրավունքները չարաշահում են, իսկ օրենքը պահանջում է, որ կողմերը բարեխղճորեն իրականացնեն իրենց իրավունքները»: Միջնորդագրում նաեւ նշված էր, որ դատական նիստի վերաբերյալ ծանուցագիր չեն ստացել:
Պատասխանող կողմը՝ Վարդան Սաֆարյանն էլ այս առնչությամբ ասաց. «Ես նիստի մասին տեղյակ չեմ եղել, պետռեգիստրի ներկայացուցչից եմ իմացել, որ այսօր դատական նիստ է լինելու: Իրենք (հայցվոր կողմը,- Ն. Բ.) ասում են՝ բարեխղճորեն չենք իրականացնում իրավունքները: Նախ՝ իրենք չեն պատկերացնում՝ ինչ են ուզում: Հայցվորը նշում է, որ լիազորագիրը վերացրել է, ու չի նշել պատճառը: Լավ է արել, օրենքը չի ասում, որ պատճառը պետք է նշել, միայն ասում է՝ կարող է վերացնել: Իրենք (հայցվոր կողմը) խոսում են խոսելու համար»:
«Կալդերայի» շահերը ներկայացնող Վարդան Սաֆարյանի խոսելու ընթացքում դատավորը պահանջեց կոռեկտություն պահպանել, ինչին ի պատասխան՝ Վ. Սաֆարյանն ասաց. «Ես կոռեկտ եմ: Կարող ա հաջորդ դատական նիստում ասեմ, թե ինչու դադարեցվեցին իմ լիազորությունները, ուղղակի խիստ խոսակցություններ եղան իմ եւ «Մարջանի» ղեկավարի հետ: Ես խնդրում եմ հետաձգել դատական նիստը»: Դատավորը պետռեգիստրի ներկայացուցչին հարցրեց՝ արդյոք չի՞ առարկում դատական նիստը հետաձգելուն, վերջինս էլ միանգամայն կողմ էր հետաձգելուն: Սրանից հետո «Գլոբալ գոլդի» հայաստանյան մասնաճյուղի տնօրեն Աշոտ Պողոսյանի համբերության բաժակը կարծես թե լցվեց եւ հետեւյալ կարծիքն արտահայտեց. «Արդեն 10-րդ ամիսն է, որ առանց հարցը քննարկելու՝ անընդհատ ձգձգվում է: Պատասխանողը չի առարկում, որ գործը հետաձգվի, արդարադատության նախարարության ներկայացուցիչը շատ լավ գիտի՝ ինչ ա տեղի ունեցել, ծանոթ ա գործին: Բայց անընդհատ իրենց գործողություններով օգնում է 3-րդ կողմի («Կալդերայի» եւ «Մարջան մայնինգի».- Ն. Բ.) ներկայացուցիչների կողմից մեր ընկերության գույքը ապօրինի օգտագործումով մեզ կայուն վնաս հասցնելուն»: Այս խոսքերից հետո «Կալդերայի» փաստաբանն իր տեղից անմիջապես արձագանքեց՝ «Սուտ է»: Դատավորը կրկին պահանջեց կոռեկտություն պահպանել՝ «Սա բանավեճի տեղ չէ, կոռեկտության սահմանները մի անցեք»:
Նիստի ընթացքում «Կալդերայի» փաստաբանը՝ Վարդան Սաֆարյանը, փորձում էր համոզել, որ դատական նիստի մասին ծանուցագիր չի ստացել, դատավորն էլ փորձում էր ապացուցել, որ ծանուցագիրը իրենց հատկացված հասցեով, այնուամենայնիվ, ուղարկվել է: Եվ որպեսզի նման բան չկրկնվի, դատավորը գրեթե «խնդրում-աղաչում էր», որ «Կալդերայի» փաստաբանը ճիշտ հասցե տրամադրի, որով կարող են ուղարկել ծանուցագիրը: Փաստաբանը պատճառաբանություններ բերեց՝ գնամ օֆիս՝ կասեմ կամ էլ՝ երկուշաբթի կասեմ: Դատավորը 10 րոպե առաջարկեց նրան, որպեսզի կապվի իր վստահորդի հետ ու ճշտի հասցեն, սակայն «Կալդերայի» ներկայացուցիչը հրաժարվեց, պատճառաբանելով, որ երկուշաբթի կարող է կոնկրետ հասցե ասել: Մինչ դատավորը փորձում էր փաստաբանին համոզել, որ նա հասցեն ճշտի, հայցվոր կողմը «Կալդերա ռեսուրսիզի» պաշտոնական կայքէջից գտավ նրանց էլեկտրոնային հասցեն, որն էլ տրամադրեց դատավորին: Վերջինս այն ընդունեց եւ հայտարարեց, որ այդ հասցեով է ուղարկվելու է դատական նիստի մասին ծանուցագիրը:
Իսկ հաջորդ նիստը նշանակվեց հուլիսի 27-ին: Չնայած հայցվոր կողմը էլի հույս չունի, որ այդ նիստի ընթացքում քննվող գործը որեւէ առաջընթաց կունենա. «Այս անգամ էլ եթե 3-րդ կողմի նոր ներկայացուցիչը գա՝ կրկին ժամանակ է խնդրելու, որ նյութերին ծանոթանա, ու էլի կձգձգվի գործը»: