Լրահոս
Օրվա լրահոսը

ԼՂ իշխանությունը խոչընդոտո՞ւմ է այցերին

Հուլիս 26,2011 00:00

LINKS-ի (London Information Network on Conflicts and State-building) գործադիր տնօրեն, բրիտանացի փորձագետ Դենիս Սամմութն
«ԱրմԻնֆո»-ին տված հարցազրույցում ակնարկել է վերջին տարիներին հարուցվող խոչընդոտների մասին:

– Վերջին ժամանակներս շատ է խոսվում ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացի մասին, հատկապես՝ Կազանի գագաթաժողովից հետո: Արդյոք այսօրվա իրավիճակը տարբերվո՞ւմ է նախկին իրավիճակից:
– Կարծում եմ, որ կա նկատելի տարբերություն, որը պետք չէ թերագնահատել: Առաջին անգամ մենք նկատում ենք միջազգային հանրության վճռականությունը եւ նպատակի ընդհանրությունը ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման հարցում: Այժմ արդեն խոսքը չի վերաբերում գործընթացը տարբեր ուղղություններով շարժող ռուսներին, ամերիկացիներին եւ եվրոպացիներին. բոլորը կիսում են բանակցություններում առաջընթացի սպասումը: Դա ինքնին չի կարգավորի հակամարտությունը, բայց կնպաստի դրան:
– Հայաստանում շատերը պնդում են, որ խաղաղարար գործընթացը չի կարող հաջողությամբ պսակվել, քանի դեռ Ստեփանակերտը չի ներառվել բանակցություններում: Ինչպիսի՞ն է Ձեր կարծիքը:
– Չեմ կարծում, թե մեկուսացումը կարող է ինչ-որ բան լուծել: Եվրամիությունը «ներգրավում՝ առանց ճանաչման» գործընթաց է ծավալում որոշ տարածքների՝ ներառյալ Լեռնային Ղարաբաղի հետ: Լեռնային Ղարաբաղի բնակչությունը պետք է այն որպես շանս ընկալի՝ դրական արձագանքելով դրան:
– Ձեզ հաճախ քննադատում են այն բանի համար, որ չեք այցելում Լեռնային Ղարաբաղ: Արդյոք մոտ ապագայում նման ծրագրեր ունե՞ք:
– Ես անցյալում այցելել եմ Լեռնային Ղարաբաղ, LINKS-ի այլ աշխատակիցներ նույնպես եղել են այնտեղ: Եվ մեր այցելությունները կազմակերպվել են չճանաչված պետությունների հետ աշխատանքի վերաբերյալ մեր հրահանգների շրջանակներում: Վերջին տարիներին Ստեփանակերտի իշխանությունները սկսել են պնդել մեզ ոչ հարմար ընթացակարգեր: Մենք իշխանություններին առաջարկել ենք այդ խոչընդոտի հաղթահարման տարբերակներ՝ շարունակելով այդ հարցի շուրջ շփման մեջ գտնվել նրանց հետ: Եթե այդ հարցերը լուծվեն, ես հաջորդ իսկ օրը կմեկնեմ Ստեփանակերտ: Այդ ընթացքում մենք շարունակում ենք Լեռնային Ղարաբաղի իշխանությունների հետ երկխոսությունը՝ Երեւանում վերջինիս ներկայացուցչության միջոցով: Այնուամենայնիվ, վստահ եմ, որ եթե Լեռնային Ղարաբաղի իշխանությունները ցանկանում են քանդել մեկուսացման պատը՝ նրանք պետք է մեծ ճկունություն ցուցաբերեն իրենց մոտեցման մեջ:
– Իսկ Ձեզ չի՞ մտահոգում, որ Բաքուն կներառի Ձեզ «սեւ ցուցակում» Ստեփանակերտ մեկնելու դեպքում:
– Թե՛ Բաքվում, թե՛ Երեւանում ես միեւնույն բանն եմ ասում, որ բոլոր կողմերը հստակ հասկանան մեր շարժառիթներն ու գործողությունները: Մեզ անհրաժեշտ է քննարկումներ անցկացնել շահագրգիռ բոլոր կողմերի հետ՝ օգնելու հակամարտության կարգավորմանը: Եվ դա նշանակում է Ստեփանակերտ այցելել՝ ճիշտ պայմանների դեպքում: Այնպես որ՝ ո՛չ, դա ինձ չի մտահոգում:
– Կոնկրետ ի՞նչ է այժմ անում LINKS-ը ղարաբաղյան հակամարտության կարգավորման առնչությամբ:
– Մենք աշխատում ենք «Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորմանն ուղղված եվրոպական գործակցության» շրջանակներում: Այդ համատեքստում մենք աշխատում ենք Եվրոպայի եւ տարածաշրջանի մի քանի գործընկերների հետ: Անցած տարվա ընթացքում մենք մշակել ենք Հայաստանում եւ Ադրբեջանում հակամարտության վերաբերյալ ներքին քաղաքական համատեքստ: Հավաքել ենք հակամարտության ու դրա կարգավորման վերաբերյալ 46 կուսակցությունների կարծիքները: Ավարտել ենք ամենատարբեր տեսակետներ ունեցող մարդկանց՝ Լեռնային Ղարաբաղի բնակիչների եւ այնտեղ բնակված ադրբեջանցիների կարծիքների հավաքագրումը: Այդ հետազոտությունը շուտով կհրապարակվի:
Մենք նաեւ մի շարք ուսումնասիրություններ ենք նախապատրաստել ղարաբաղյան հակամարտության շուրջ միջազգային իրավիճակի եւ այն առնչությամբ, թե ինչպես է դա ազդում կարգավորման գործընթացի վրա: Բացի այդ, անցած ամիս գործարկվել է նոր մեծ նախագիծ՝ commonspace.eu: Դա նոր համատեղ վեբ-պորտալ է, որը վարում են LINKS-ը, «ԱրմԻնֆո»-ն եւ 1news.az-ը: Դա ընդհանուր անվտանգ տարածություն ստեղծելու լավ հնարավորություն է, որտեղ կարելի է քննարկել տեսակետներ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել