Լրահոս
Օրվա լրահոսը

ՎԱՐԴԱՎԱՌԻ ԶՈՀԵՐԸ

Հուլիս 26,2011 00:00

Հուլիսի 25-ին, ժամը 11-ի սահմաններում, Նոյեմբերյան քաղաքից 40 կմ հեռավորության վրա գտնվող Բերդավան գյուղի «Սալկուտ» սարից իջնելիս շուռ է եկել «Գազ-66» ավտոմեքենան: Մեքենայում են գտնվել Բերդավան գյուղի 14 բնակիչ, ովքեր նախօրեին՝ հուլիսի 24-ին սարում մասնակցել էին Վարդավառի տոնակատարությանը եւ վերադառնում էին գյուղ: Վարորդը՝ բերդավանցի Վահան Երգենյանը, որոշել է մեքենայով իջնել ավելի կարճ ճանապարհով, ինչն էլ ճակատագրական նշանակություն է ունեցել: Վթարի հետեւանքով երկու ուղեւորներ՝ 3 ամսական Սերգեյ Աբրահամյանը եւ 37 տարեկան Վահան Քարիմյանը, տեղում զոհվել են: Եվս 11 հոգի՝ Ռաշիդ Ոսկանյանը, Գոռ, Հեղինե, Վահան եւ Դոնարա Երգենյանները, Անժելա եւ Արթուր Քարիմյանները, Կարեն Աբրահամյանը, Հայրափի Պետրոսյանը, Նունե Միքայելյանը, Ալլա Բարսեղյանը, վնասվածքներով տեղափոխվել են Նոյեմբերյանի հիվանդանոց: Վիրավորներից 3-ը երեխա են:
Վթարի վայրը հեռավոր, դժվարամատչելի տեղանքում է, ինչը դժվարացրել է վիրավորների տեղափոխումը, եւ դեպքից միայն 5,5 ժամ անց՝ 16:30-ի մոտ, Նոյեմբերյանի հիվանդանոցի շտապօգնության մեքենաները վիրավորներին հասցրին հիվանդանոց, ուր նրանց ցուցաբերվեց առաջին բուժօգնություն: Նույն րոպեներին Նոյեմբերյանի հարեւան Կողբ գյուղում վայրէջք կատարեց ռազմական ուղղաթիռ, որով Նոյեմբերյանի հիվանդանոց ժամանեցին զինվորական բժիշկներ: Առավել վատ ու ծանր վիճակում գտնվող վիրավորներին ուղղաթիռներով տեղափոխեցին Երեւան:
Վարդավառի տոնակատարությունից հետո տուժածները, ցավոք, բերդավանցիներով չեն սահմանափակվում: Հուլիսի 24-ին, ժամը 19.00-ի սահմաններում, 54-ամյա Աշոտ Ծատուրյանի վարած «ՎԱԶ-21099» մակնիշի ավտոմեքենան Նոյեմբերյանի «Կոզմանթալա» հանդամասի ճանապարհին դուրս է եկել բանուկ մասից, գլորվել ձորը: Վարորդը տեղում մահացել է։ Նա Վարդավառի տոնակատարության մասնակիցներին սարից տեղափոխել էր հայրենի Ջուջեւան, վերադառնում էր սար՝ նոր ուղեւորներ վերցնելու:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել