Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Եղբայրները կարծես կանգ են առել

Հուլիս 26,2011 00:00

Ուրեմն՝ ինչո՞ւ է երկխոսության գործընթացը խաղ համարում ՀՅԴ խմբակցության պատգամավոր Ալվարդ Պետրոսյանը:

2008 թվականի նախագահական ընտրություններից առաջ՝ փետրվարի 16-ին, «Հայ օգնության միությունը» եւ կանանց «Սոսե» հասարակական կազմակերպությունը երթ էին կազմակերպել՝ վանկարկելով «Ո՛չ ատելությանը» ու «Կա՛նգ առեք, եղբայրնե՛ր»: Նաեւ սպիտակ աղավնիներ երկինք բաց թողեցին Լեւոն Տեր-Պետրոսյանի եւ Սերժ Սարգսյանի նախընտրական շտաբների առաջ ու փոխանցեցին իրենց ուղերձը, որտեղ մասնավորապես ասված էր. «Օրեցօր ահագնացող անհանդուրժողականությունը, չարությունը, փոխադարձ սպառնալիքներն ու ատելությունը հասել են խիստ վտանգավոր սահմանագծի: Ընտրություններով կյանքը ոչ սկսվում է, ոչ էլ վերջանում: Հայրենիքը բոլորինս է, այն վտանգելու իրավունք ոչ ոք չունի: Կա՛նգ առեք, եղբայրնե՛ր»: Այդ նախաձեռնության մասին երեկ մեր հիշեցմանը ՀՕՄ-ի Հայաստանի շրջանային վարչության ատենապետ, ՀՅԴ պատգամավոր Ալվարդ Պետրոսյանն այսպես արձագանքեց. «1994 թվականին «Երկիր» թերթի վերջին համարում՝ փակվելուց առաջ, տպագրված էր իմ հայտարարությունը. «Կա՛նգ առեք, եղբայրնե՛ր»: Դրա համար էլ նույն կարգախոսը կրկնել էինք: Բայց կանգ չառան՝ տեսաք, թե ինչ կատարվեց երկու կողմից, եւ մարտի 1-ը նվեր թողեցին մեր ժողովրդի պատմության մեջ»:
Այս նախաձեռնությունը հիշելու առիթ էր դարձել այն, որ Ալվարդ Պետրոսյանը օրերս կայքերից մեկին տված հարցազրույցում բավական քննադատորեն էր արտահայտվել կոալիցիայի եւ ՀԱԿ-ի միջեւ սկսված երկխոսության մասին, թե չի հավատում դրան եւ մասնավորապես՝ ընդհանրապես չի հավատում Լեւոն Տեր-Պետրոսյանին, այս երկխոսությունը խաղ է, որն իրեն դուր չի գալիս եւ այլն: Հարցին, թե թվում է՝ պիտի ողջուներ, որ թեկուզ ուշացումով, այնուամենայնիվ՝ երկխոսությունը կայացել է՝ Ալվարդ Պետրոսյանը պատասխանեց. «Ես Լեւոն Տեր-Պետրոսյանին չեմ հավատում, քանի որ ինքը խիստ պատեհապաշտ է: Եվ ոչ ոք ինձ չի կարող մեղադրել կերպարանափոխությունների մեջ՝ ես նրան երբե՛ք չեմ հավատացել: Բայց ես շատ ուրախ եմ, որ երկխոսությունը կայանում է, ու փոխանակ իրար գլուխ ջարդեն՝ թող նստեն ու իրար հետ բանավիճեն: Ինձ համար խնդիրն իշխանությունը չէ. այն մի նպատակ ունի՝ պահել իր իշխանությունը, եւ այդ իմաստով հետաքրքիր չէ: Ինձ հետաքրքիր է ընդդիմությունը»:
Մեր հիշեցմանը, թե ՀԱԿ-ի ղեկավարները համարում են, որ երկխոսության դեմ են խոսում այն ուժերը, որոնք խանդով են վերաբերվում այդ գործընթացին ու մտավախություն ունեն, թե դրա հետեւանքով կարող են հայտնվել լուսանցքում՝ Ալվարդ Պետրոսյանն արձագանքեց այսպես. «Բանաստեղծությունների մի գիրք ունեմ, որտեղ գրել եմ, թե անտանելի բան են նախկին իշխանավորներն ու նախկին գեղեցկուհիները: Նրանք կորցնում են իրականության զգացումը: Այս ամենն այնքա՜ն ծիծաղելի է: Իսկ ծիծաղելիից ողբերգականը մի քայլ է, կամ՝ հակառակը: Եվ այդ ամբարտավանությունը շատ տհաճ է: Գնում են իբրեւ թե ժողովրդի ճակատագրին առնչվող լուրջ հարցեր քննարկելու եւ փողոցի, քուչի տղերքի նման ասում՝ եթե այս կետերը չընդունի իշխանությունը, մենք նորից կանցնենք նախկին բառապաշարին: Եթե վստահ եք, որ ավազակապետություն է՝ ինչո՞ւ եք նստում նրանց հետ երկխոսության»: Այս հարցին պատասխանեցինք ՀԱԿ-ի որոշ գործիչների օգտագործած զուգահեռով, թե Հայաստանն Ադրբեջանի հետ էլ է բանակցում՝ չփոխելով այդ երկրի վերաբերյալ դիրքորոշումը, ուստի իրենք էլ կարող են իշխանությանը հանցագործ համարելով՝ երկխոսել նրա հետ: «Եթե նրանք ցանկանում են երկխոսության սեղանի շուրջ նստել՝ իհարկե, ոչ մի նորմալ մարդ չի կարող դեմ լինել, որ նստեն ու իրար հետ խնդիրներ լուծեն հանուն ազգի եւ պետության,- դարձյալ ընդգծեց Ալվարդ Պետրոսյանը:- Բայց ես ուզում եմ, որ մակարդակ լինի, մակարդա՛կ: Նոր սերունդ է եկել: Այդ սերնդից ես ամաչում եմ: Իրավիճակային քաղաքական գործիչները (առաջինն ինձ նկատի ունեմ, հետո մնացածին՝ Լեւոն Տեր-Պետրոսյանով վերջացրած) պիտի ասպարեզը զիջեն իսկական պրոֆեսիոնալներին: Ամո՛թ են այս քուչի կռիվները»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել