Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

ՖԵՅՍԲՈՒՔՅԱՆ ԿՐՔԵՐ

Հուլիս 26,2011 00:00

\"\"Դրանց անդրադարձավ անձամբ Գարեգին Երկրորդ Կաթողիկոսը

Facebook սոցիալական ցանցում արդեն 437 անդամ ունեցող «Պահանջում ենք Կաթողիկոսի հրաժարականը» բաց խմբի գոյությունն ու այնտեղ ընթացող բազմաբովանդակ քննարկումներն ավելի խորքային են, քան կարելի էր պատկերացնել: Որ Կաթողիկոս Գարեգին 2-րդի հրաժարականի պահանջը դուրս է խմբի շուրջ 400 անդամների շրջանակներից եւ կարող է հասարակական ավելի ընդգրկուն շարժման հանգեցնել, թերեւս, ակնհայտ է՝ թեկուզ դատելով այն անդրադարձից, որը հուլիսի 24-ին հեռարձակվեց Հայաստանի թիվ մեկ հեռուստաընկերությամբ. Հ1-ի եթերում Կաթողիկոս Գարեգին Բ-ն անձամբ էր արձագանքում իր դեմ հրապարակումներին ու ձեւավորված շարժմանը: Բայց նա ընդամենն ասաց, թե իր դեմ մեղադրանքները զուրկ են որեւէ հիմքից, արդար չեն, ու «մեծահոգաբար» ներեց «մոլորյալներին», որոնց մեծամասնությունը, ի դեպ, այդ խմբում Հայ առաքելական եկեղեցու հետեւորդներ են: Գարեգին Բ-ն իրեն ուղղված մեղադրանքներն ու հրաժարականի պահանջը համարեց ոչ միայն «ազգի հոգեւոր միասնականությունը տկարացնելուն» միտված քայլ, այլեւ շեշտեց, թե դրանք «քաղաքական նպատակներից առաջնորդված» են՝ ըստ էության, վկայելով կամ հաստատելով այն պնդումները, թե եկեղեցին՝ ի դեմս Գարեգին Բ-ի, բացի մեր ազգի հոգեւոր կենտրոնը լինելուց, նաեւ քաղաքականության հետ սերտաճած կառույց է: Հակառակ դեպքում անհասկանալի է՝ ինչպե՞ս կարող էր Կաթողիկոսի հրաժարականը քաղաքական նպատակ հետապնդել:
Ի դեպ, Գարեգին Բ-ի այս հայտարարություններին ֆեյսբուքյան խմբում հակադարձողներ եղան. «Սրբազանը միամտաբար նույնացրել է Հայ առաքելական եկեղեցին իր սեփական անձի հետ: Ինչպիսի՜ անփույթ մոլորություն: Որքան ես եմ հասկացել, հայ հասարակության մի ստվար հատված դեմ է հենց իրեն՝ Սրբազանին, այլ ոչ՝ Հայ առաքելական եկեղեցուն: Պաշտպանության շատ վտանգավոր եւ Հայ առաքելական եկեղեցու համար անկանխատեսելի վատ հետեւանքներով լեցուն մարտավարություն է ընտրել Սրբազանը»:
Երեկ «Առավոտը» Կաթողիկոսի հրաժարականի պահանջի ու ֆեյսբուքյան շարժման մասին զրուցեց «Համագործակցություն հանուն ժողովրդավարության» հ/կ ղեկավար եւ religions.am կայքի խմբագիր Ստեփան Դանիելյանի հետ:
– Ինչպե՞ս եք վերաբերվում Կաթողիկոսի հրաժարականի պահանջին եւ ֆեյսբուքյան խմբի գոյությանը:
– Որքան գիտեմ, դա տարերային նախաձեռնություն է, որեւէ կերպ կազմակերպված ակցիա չէ: Այդ երեւույթը վաղուց էր հասունանում, որովհետեւ հատկապես վերջին տարիներին Հայաստանում դժգոհությունը եկեղեցու եւ հատկապես Կաթողիկոսի նկատմամբ շատ մեծ էր: Այդ դժգոհությունը հատկապես սրվեց 2008-ի նախագահական ընտրությունների ժամանակ, երբ եկեղեցին դարձավ քաղաքական պայքարի կողմ. բոլորս հիշում ենք Նավասարդ Կճոյանի խաչով երթերը ՀՀԿ-ի քարոզարշավի ժամանակ: Փաստորեն, հենց այդ ժամանակ Ամենայն հայոց կաթողիկոսը դարձավ իշխանամետ զանգվածի ամենայն կաթողիկոս, եւ հասարակության մյուս հատվածը եկեղեցու նկատմամբ խորթություն զգաց: Դա խոշորագույն սխալ էր Գարեգին Բ-ի կողմից, եւ այդ սխալի պատասխանն է սա: Այսօրվա զարգացումներն ինձ հիշեցնում են 19-րդ դարի վերջն ու 20-րդի սկիզբը, երբ ամբողջ լուսավորյալ հայ մտավորականությունը եկեղեցու դեմ էր՝ Տերյան, Թումանյան, Րաֆֆի, Լեո, Պատկանյան… (այս ցանկը կարելի է երկար թվարկել): Այն ժամանակ էլ պատճառը էլի շատ նման էր այսօրվա պատճառներին՝ եկեղեցին դեմ էր ազգային-ազատագրական շարժումներին, համագործակցում էր թուրքական, օսմանյան, պարսկական, ռուսական իշխանությունների հետ, եւ երկրորդ՝ եկեղեցուն, ինչպես այսօր, այն ժամանակ էլ խորթ էին առաջավոր գաղափարները: Եթե այն ժամանակ եկեղեցու դեմ շարժման պատճառը միայն լուսավորչական գաղափարներն էին, ապա այսօր դրան ավելացել են մարդու իրավունքների, արդարության խնդիրները, իսկ մեր եկեղեցին ե՛ւ այն ժամանակ, ե՛ւ այսօր ետ է մնացել ժամանակից, պահպանողական կառույց է եւ «ռեակցիայի» կողմնակից: Մենք այսօր չենք տեսնում եկեղեցուն ո՛չ բնապահպանական պայքարում, թեեւ բնությունը ոչնչացվում է, դրա պահպանմանը միտված շարժումներ են ծնվում հասարակության մեջ, բայց եկեղեցուն դա չի հետաքրքրում: Եկեղեցուն չի վերաբերում լեզվի խնդիրը, չնայած, որ նա իրեն ազգային կառույց է հայտարարել, եկեղեցուն չեն վերաբերում երկրում տիրող սոցիալական, մարդկային, անարդարությունը, բանակում տեղի ունեցող երեւույթները:
– Բայց արդյոք սրանք եկեղեցո՞ւ խնդիրներն են:
– Իհարկե: 19-րդ դարից սկսած՝ բոլոր եկեղեցիները ձեւավորեցին իրենց սոցիալական հայեցակարգերը, եւ հասարակության խնդիրները հենց եկեղեցիների խնդիրներն էին, որովհետեւ քրիստոնեությունը միայն հավատ չէ, այլեւ հասարակական, մշակութային, քաղաքակրթական նշանակություն ունի: Նկատած կլինեք՝ աշխարհի տարբեր ծայրերում ընտանիքի՝ աբորտների, միասեռականների ամուսնությունների կամ արդարության հետ կապված խնդիրների առնչությամբ եկեղեցիները միշտ իրենց դիրքորոշումները հայտնում են: Դա վերաբերում է ե՛ւ կաթոլիկ, ե՛ւ բողոքական եկեղեցիներին: Մեր եկեղեցին նման հայեցակարգ չունի: Ես նույնիսկ սկսում եմ կասկածել, որ նա դավանաբանություն ունի: Հարցրեք որեւէ կրթված հայի՝ ո՞րն է հայ եկեղեցու դավանաբանությունը: Վստահ եմ՝ 5 տոկոսն էլ չի կարողանա ասել:
– Այսինքն՝ Գանձասար, Սանահին, մայրաքաղաքի կենտրոնում եկեղեցաշինություն… Սրանք հավելյալ շարժառի՞թ էին նման շարժում նախաձեռնելու համար:
– Այո: Իրականում այդ պահանջը շատ ավելի խորքային է, եւ դա կապված է ոչ միայն Գարեգին Բ-ի անձի հետ: Սա անձնավորված խնդիր չէ: Եթե Գարեգին Բ-ի փոխարեն լիներ Նավասարդ Կճոյանը կամ Պարգեւ Սրբազանը՝ պատկերը մոտավորապես նույնը կլիներ: Ուղղակի Գարեգին Բ-ի դեպքում ամեն ինչ ավելի խորն է. նա արդեն 12 տարի է՝ կաթողիկոս է, բայց ոչ մի անգամ լրագրողների մոտ դուրս չի եկել եւ որեւէ հարցի չի պատասխանել: Կարծում եմ՝ նա վախենում է այդ հարցերից կամ պատասխաններ չունի:
– Ի՞նչ եք կարծում՝ ծավալվող շարժումը առողջ հասարակության դրսեւորո՞ւմ է, թե՞ ճշմարտության հատիկ կա Կաթողիկոսի հայտարարության մեջ, թե՝ դա ազգը պառակտող երեւույթ է:
– Գիտեք, նույն այդ փաստարկները Գարեգին Բ-ի փոխարեն կարող էր բերել Սերժ 1-ին Սարգսյանը, Լեւոն 7-րդ Տեր-Պետրոսյանը: Բոլորն էլ, երբ որեւէ հասարակական շարժում է սկսվում իրենց դեմ, միշտ խոսում են դրա՝ ազգը պառակտելու մասին: Դա եղել է Տեր-Պետրոսյանի ժամանակ՝ 1996-ին, Ռոբերտ Քոչարյանի ու Սերժ Սարգսյանի ժամանակ: Ցանկացած շարժում, որը քո շահերին դեմ է՝ կարելի է որակել որպես ազգը պառակտող: Իսկ նման շարժումները դրական են, թե ոչ, կարող են առողջացնել կամ հակառակը՝ ավելի հիվանդացնել առկա վիճակը՝ կախված է այն բանից, թե դրանք ինչպիսի հարցադրումներ կձեւակերպեն եւ ինչպիսի զարգացումներ կարձանագրեն:
– Նաեւ FB-ում բանավեճ կա՝ հասարակությունը կարո՞ղ է հասնել Կաթողիկոսի եթե ոչ կարգալույծ անելուն, ապա հրաժարականին: Ոմանք պնդում են, թե գործնականում նման հնարավորություն չկա, որովհետեւ Կաթողիկոսն ընտրվում է ցմահ, ու հասարակությունը չէ նրան ընտրողը, որ հիմա էլ կարգալույծ անի կամ հրաժարական պահանջի:
– Նման հայտարարություն անողներին պետք է տեղեկացնել, որ Կաթողիկոսին ընտրում է հասարակությունը, որովհետեւ այն ժողովը, որն ընտրում է Կաթողիկոսին, որքանով ես գիտեմ, մի մասով բաղկացած է հավատացյալների ներկայացուցիչներից՝ պատվիրակներից, մյուս մասով՝ հոգեւորականներից: Այսինքն՝ հասարակությունը միջնորդավորված մասնակցում է Կաթողիկոսի ընտրություններին՝ իր պատվիրակների միջոցով: Այլ հարց է, որ 1997-ից սկսած՝ ես շատ քիչ մարդ գիտեմ, որոնք պատվիրակ են ընտրել, թեեւ այդ «պատվիրակները» եղել են ժողովում եւ Կաթողիկոս են ընտրել, այդ թվում՝ Գարեգին Բ-ին: Ինձ համար բացարձակապես միեւնույն է՝ Գարեգին 2-րդը կդադարի՞ Կաթողիկոս լինել, թե՞ ոչ: Ինձ համար կարեւորն այն շարժումն է, որը կարող է փոխել մեր հասարակության մտածողությունը: Իսկ եթե գա մի պահ, որ Գարեգին Բ-ն ընտրի ոչ թե ազգի, այլ իր անձնական շահը եւ դեմ գնա այդ շարժումներին՝ դա արդեն իր խնդիրն է:
– Իսկ հրաժարականը, ասենք՝ հանուն ազգի միասնության, բացառվա՞ծ տարբերակ է:
– Կաթողիկոսն ընտրվում է ցմահ, բայց, որքան գիտեմ, նա կարող է հրաժարական տալ սեփական կամքով, եւ նման դեպքեր եղել են: Այլ հարց է՝ կտա՞, թե՞ ոչ: Հարցը ոչ թե մեխանիզմներն են, այլ բովանդակությունը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել