Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՐՄԵՆ ՇԵԿՈՅԱՆ

Հուլիս 23,2011 00:00

\"a\"

ՀԱՅԿԱԿԱՆ ԺԱՄԱՆԱԿ

Գլուխ քսանմեկերորդ

ՔՍԱՆՉՈՐՍ ՀԱԶԱՐ

Եվ Գագոն զարմացած նայեց Սաքոյին ու  հարցրեց՝ «ի՞նչ  բազար. ո՞վ ա ում հետ բազար արել», եւ Սաքոն պատասխանեց ու ասաց՝ «դուք» եւ մի քիչ մտածեց ու ավելացրեց՝ «Դերոն ու դու», եւ Գագոն զարմացած նայեց Դերոյին ու հարցրեց՝ «էս ի՞նչ ա ասում, Դերո ջան», եւ Դերոն ժպտալով ասաց՝ «եսիմ», եւ Գագոն Դերոյին հարցրեց՝ «մենք իրար հետ բազար ունե՞նք», եւ Դերոն մի քիչ մտածեց ու ասաց՝ «մենք իրար հետ ի՞նչ բազար կարանք  ունենանք, Գագո ջան», եւ Գագոն մի քիչ մտածեց ու Դերոյին հարցրեց՝ «բա էս Սաքոն ի՞նչ ա ասում», եւ Դերոն մի քիչ  մտածեց ու ժպտալով ասաց՝ «եսիմ» եւ մի քիչ էլ մտածեց ու  ժպտալով ավելացրեց՝ «շիրա տալու համար խելքը իրանը չի» եւ մի քիչ էլ  մտածեց ու փռթկացնելով ասաց՝ «ուզում ա մեզ կռվացնի», եւ Գագոն մի քիչ մտածեց ու ժպտալով Դերոյին հարցրեց՝ «բայց կարա՞», եւ մինչ Դերոն կմտածեր, Սաքոն ժպտալով ասաց՝ «դուք իրար հետ լավ էղեք, թող չուզողը ես ըլնեմ» եւ մի քիչ մտածեց ու ավելացրեց՝ «էրկուսդ էլ կռիվ եք ման գալի» եւ մի քիչ էլ մտածեց ու ասաց՝ «էրկուսդ էլ պիստոնով եք», եւ Գագոն ժպտալով Դերոյին  հարցրեց՝ «էս ի՞նչ ա ասում», եւ Դերոն մի քիչ մտածեց ու ժպտալով ասաց՝ «եսիմ» եւ մի քիչ էլ մտածեց ու ժպտալով ավելացրեց՝ «երեւի շատ ա խմել» եւ մի քիչ էլ մտածեց ու ծիծաղելով ասաց՝ «խմած մարդն ինչ էլ ասի, ներելի ա», եւ Գագոն մի քիչ մտածեց ու ժպտալով  Դերոյին հարցրեց՝ «ասում ես՝ ներե՞նք», եւ Դերոն մի քիչ մտածեց ու ժպտալով ասաց՝ «ճարներս ինչ», եւ Սաքոն մի քիչ մտածեց ու ասաց՝ «շատ ուրախ եմ», եւ Գագոն ժպտալով հարցրեց՝ «ինչի՞ համար ես ուրախ», եւ Սաքոն մի քիչ մտածեց ու քամահրանքով ասաց՝ «ուրախ եմ, որ էդքան շուստրի տղերք եք» եւ մի քիչ էլ մտածեց ու ժպտալով ավելացրեց՝ «մանավանդ Դերոյի համար եմ ուրախ», եւ Գագոն մի քիչ մտածեց ու ժպտալով Սաքոյին հարցրեց՝ «կարող ա՞ մտածում էիր՝ մենակ դզողփչողներն են շուստրի», եւ Սաքոն զարմացած հարցրեց՝ «շուստրիությունն ի՞նչ կապ ունի», եւ Գագոն ժպտալով Սաքոյին ասաց՝ «շուստրիության մասին դու խոսք բացեցիր», եւ Դերոն ծիծաղելով ասաց՝ «Սաքուլը խոսք ա բացում, որ Արմոն գրելու թեմա ունենա», եւ Գագոն մի քիչ մտածեց ու ժպտալով Դերոյին հարցրեց՝ «կարող ա՞ օրթախ են» եւ մի քիչ էլ մտածեց ու ժպտալով ինձ հարցրեց՝ «կարող ա՞ իրար հետ փայ եք», եւ ես մի քիչ մտածեցի ու ժպտալով ասացի՝ «ըսենց որ գնա, դու ու Դերոն էլ օրթախ կդառնաք», եւ Սաքոն ժպտալով ասաց՝ «չուզողը թող մենք ըլնենք», եւ Դերոն լրջանալով ասաց՝ «շատ լրջացրիք» եւ մի քիչ մտածեց ու ավելացրեց՝ «հանաք արինք՝ անցավ», եւ Սաքոն մի քիչ մտածեց ու ժպտալով ասաց՝ «Աստված տա՝ չանցնի», եւ Դերոն զարմացած հարցրեց՝ «ի՞նչը չանցնի», եւ Սաքոն մի քիչ մտածեց ու ժպտալով Դերոյին ասաց՝ «Աստված տա՝ Գագոն ու դու միշտ ըսենց ջանուջիգյարով ըլնեք», եւ Դերոն ժպտալով Սաքոյին ասաց՝ «քո ինադու ջանուջիգյարով կըլնենք», եւ Սաքոն մի քիչ  մտածեց ու ժպտալով ինձ ասաց՝ «Արմո ջան, էդ վեպիդ մեջ կգրես, որ Գագոն ու Դերոն  իրար հետ շատ ջանուջիգյարով են», եւ ես ծիծաղելով Սաքոյին ասացի՝ «կգրեմ, որ քո ինադու են ջանուջիգյարով», եւ Գագոն զարմացած նայեց ինձ ու հարցրեց՝ «իսկականից գրելու ե՞ս», եւ ես ժպտալով հարցրի՝ «բայց ինչի՞ չպիտի գրեմ», եւ Գագոն մի քիչ մտածեց ու լրջանալով ինձ ասաց՝ «բա նոր ասում էիր՝ հոգուս հետ են խաղում», եւ ես ժպտալով  ասացի՝ «չգիտեմ ինչիդ հետ են խաղում, բայց որ էս ամեն ինչը գրելու եմ, կարաս չկասկածես», եւ Դերոն ժպտալով ինձ ասաց՝ «դու կգրես, մենք էլ կկարդանք» եւ մի  քիչ մտածեց ու ժպտալով ավելացրեց՝ «որ մեր մասին գրես, ես է՛լ ստիպված կկարդամ», եւ Սաքոն ծիծաղելով ասաց՝ «մենք թերթով կկարդանք, Գագոն՝ ինտերնետով», եւ Գեւորը տղերքին  սաստելով ասաց՝ «էլի չսկսեք», եւ Գագոն թարս նայեց Գեւորին ու ասաց՝ «դու որ չսկսես, իրանք չեն սկսի», եւ Գեւորը զարմացած  նայեց Գագոյին, մի քիչ մտածեց ու շիվարած ասաց՝ «էրեւում ա՝ ես եմ վերջը վատամարդ դուս գալու», եւ Դերոն ժպտալով Գեւորին  ասաց՝ «բա չէիր իմանո՞ւմ, որ  լավություն անողի գլուխը ծակ ա», եւ Գեւորը զարմացած հարցրեց՝ «ի՞նչ լավություն», եւ Դերոն Գեւորին  ասաց՝ «դու որ չըլնեիր, մենք էսօր ըսենց իրար գլխի հավաքված չէինք ըլնի», եւ Գեւորը մի քիչ մտածեց ու ասաց՝ «մեր էս իրար գլխի հավաքվելը Գագոյի գաղափարն ա», եւ Գագոն մի քիչ մտածեց ու Գեւորին ասաց՝ «դու որ չըլնեիր, ես ինքնուրույն չէի կարա տղերքին գտնեի» եւ մի քիչ էլ մտածեց, նայեց ինձ ու ժպտալով ավելացրեց՝ «մանավանդ որ՝ որոշ մարդիկ մաբիլնի  չունեն», եւ Գեւորը մի քիչ մտածեց ու Գագոյին ասաց՝ «բայց գաղափարը քոնն ա էղել», եւ Սաքոն ծիծաղելով Գեւորին ասաց՝ «գաղափարը Գագոյից, բենզինը՝ քեզնից», եւ Գեւորը մի քիչ մտածեց ու ժպտալով ասաց՝ «համ գաղափարն ա Գագոյինը, համ էլ՝ բենզինը», եւ Գագոն թարս նայեց Գեւորին ու ասաց՝ «էլի կեղծ համեստությունդ բռնե՞ց», եւ Գեւորը մի քիչ մտածեց ու ասաց՝ «ինչ որ ճիշտն ա՝ էդ եմ ասում, Գագո ջան» եւ մի քիչ էլ մտածեց ու ժպտալով  Գագոյին հարցրեց՝ «էս սեղանի հաշիվը դու ես փակելու, չէ՞», եւ Գագոն մի քիչ մտածեց ու ժպտալով Գեւորին ասաց՝ «եթե իմանամ ի վիճակի ես, կթողեմ՝ դու կփակես», եւ Գեւորը մեղավոր ժպտալով ասաց՝ «ի վիճակի չեմ, Գագո ջան», եւ Գագոն մի քիչ մտածեց ու ժպտալով ասաց՝ «որ ի վիճակի չես, ուրեմն՝ ես կփակեմ», եւ Գեւորը ժպտալով ասաց՝ «դրա համար էլ ասում եմ, որ համ գաղափարն ա քոնը, համ էլ՝ բենզինը», եւ Գագոն մի քիչ մտածեց ու ժպտալով Գեւորին ասաց՝ «բայց դու որ չըլնեիր, ես ինքնուրույն չէի կարա էս բառադիներին իրար գլխի հավաքեի»,  եւ Դերոն Գագոյին ասաց՝ «որ գաղափարն ու բենզինը քեզնից ա, էդ չի նշանակում, որ իրավունք ունես մեզ վիրավորես», եւ Գագոն զարմացած հարցրեց՝ «ձեզ ե՞րբ եմ վիրավորել», եւ Դերոն ժպտալով հարցրեց՝ «քո կարծիքով՝ բառադին վիրավորանք չի՞», եւ Գագոն բավական երկար մտածեց ու ժպտալով ասաց՝ «որ բառադի եք, ո՞նց բառադի չասեմ», եւ Սաքոն ծիծաղելով Գագոյին ասաց՝ «մեզ բառադի ես ասում՝ հասկացանք, բայց Արմոն գրող մարդ ա. իրան ո՞նց ես բառադի ասում», եւ Գագոն մի քիչ մտածեց ու ժպտալով ասաց՝ «քսանմեկերորդ դարի մեջ մեկը որ մաբիլնի չի պահում, էդ մարդը բառադիից էլ բառադի ա», եւ Դերոն ժպտալով ասաց՝ «Գագո ջան, ես քո հետ սաղ հարցերում համաձայն եմ՝ բացի էս մեկից» եւ մի քիչ մտածեց ու ժպտալով ավելացրեց՝ «մարդը որ սոտըվի չունի, ո՞նց կարա սոտըվի պահի», եւ Գագոն մի քիչ մտածեց ու հարցրեց՝ «բայց ինչի՞ չունի», եւ Դերոն մի քիչ մտածեց ու ասաց՝ «դրա համար էրկու պատճառ կարա ըլնի», եւ Գագոն հարցրեց՝ «ի՞նչ էրկու պատճառ», եւ Դերոն ժպտալով պատասխանեց ու ասաց՝ «եթե Արմոն սոտըվի չի պահում, ուրեմն՝ կամ սոտըվի պահելու հնարավորություն չունի, կամ էլ՝ ցանկություն», եւ Գագոն մի քիչ մտածեց ու ասաց՝ «հնարավորության հարցը լուծելը շատ հեշտ ա» եւ մի քիչ էլ մտածեց ու խեղճանալով ավելացրեց՝ «բայց որ ցանկություն չունենա, ես ոչ մի բան չեմ կարա անեմ», եւ Դերոն մի քիչ մտածեց ու ժպտալով ասաց՝ «էսքան խոսակցությունից հետո ո՞նց կարա ցանկություն չունենա», եւ ես ժպտալով Դերոյին ասացի՝ «ճիշտ ես ասում» եւ ծիծաղելով ավելացրի՝ «սոտըվի չունենալուս պատճառով էսօր վրես ահագին խոսակցություն էկավ» եւ մի քիչ մտածեցի ու ծիծաղելով ավելացրի՝ «հիմի ուզեմ թե չուզեմ՝ պիտի սոտըվի պահեմ», եւ Դերոն ժպտալով ինձ հարցրեց՝ «բայց սոտըվի առնելու հնարավորություն ունե՞ս», եւ ես ժպտալով ասացի՝ «նայած սոտըվի» եւ ժպտալով ավելացրի՝ «քսան հազար դոլարանոց սոտըվի էլ կա», եւ Սաքոն ասաց՝ «ժուռնալի մեջ կարդացել եմ, որ Աբրամովիչի սոտըվին միլիոն դոլարանոց ա», եւ Գագոն արհամարհական նայեց Սաքոյին ու ասաց՝ «պարզվում ա՝ լավ էլ ընթերցասեր ես» եւ մի քիչ մտածեց ու ավելացրեց՝ «լավ կանես՝ քո իմացած բաներից խոսաս», եւ Գեւորն ինձ ասաց՝ «հիմի հիսուն դոլարանոց սոտըվիներ էլ կան», եւ Գագոն մի քիչ մտածեց ու Գեւորին հարցրեց՝ «էս ինձ ե՞ք ձեռ առնում» եւ մի քիչ մտածեց ու հարցրեց՝ «թե՞ ձեզ եք ձեռ առնում», եւ Գեւորը զարմացած ասաց՝ «ոչ մեկին էլ ձեռ չենք առնում, Գագ ջան», եւ Գագոն մի քիչ մտածեց ու վրդովված ասաց՝ «մեզ սազում ա՞, որ մեր ախպերը հիսուն դոլարանոց մաբիլնի պահի», եւ Գեւորն արդարանալով ասաց՝ «էդ հիսուն դոլարանոց որ ասում եմ՝ լրիվ նորմալ սոտըվիներ են», եւ Գագոն մի քիչ մտածեց ու Գեւորին ասաց՝ «ես մի բան որ ասում եմ, էդ ասածիս տեր եմ» եւ մի քիչ էլ մտածեց ու ավելացրեց՝ «ես արդեն խոստացել եմ, որ Արմենի մաբիլնիի հարցն անձամբ եմ լուծելու», եւ Գեւորը կմկմալով ասաց՝ «հա. խոստացար», եւ Գագոն մի քիչ մտածեց ու Գեւորին ասաց՝ «ով ով, բայց դու հո գիտես, որ Գագոն իրա խոստումից հետ կայնող տղա չի», եւ Գեւորը գլուխը կախելով ասաց՝ «գիտեմ», եւ Սաքոն ժպտալով ասաց՝ «մենք էլ գիտենք, Գագո ջան», եւ Գագոն մի քիչ մտածեց ու ասաց՝ «որ գիտեք, էլ խի՞ եք սխալ եզրակացություններ անում», եւ Սաքոն զարմացած հարցրեց՝ «ի՞նչ սխալ եզրակացություններ», եւ Գագոն կարմրելով ասաց՝ «էդ հիսունդոլարանոց մաբիլնիների մասին», եւ Սաքոն ժպտալով ասաց՝ «էդ սխալ եզրակացությունը Գեւորն ա արել», եւ Գեւորը մի քիչ մտածեց ու արդարանալով ասաց՝ «ես ոչ մի եզրակացություն չեմ արել» եւ մի քիչ էլ մտածեց ու նեղսրտած ավելացրեց՝ «ես ընդամենը ասել եմ, որ հիսունդոլարանոց սոտըվիներ կան», եւ Գագոն քմծիծաղով Գեւորին հարցրեց՝ «կարող ա՞ դրանք խաղալիք մաբիլնիներ են» եւ մի քիչ մտածեց ու արհամարհանքով ավելացրեց՝ «կարող ա՞ դրանք մանկապարտեզի էրեխեքի համար են նախատեսված», եւ Գեւորն ասաց՝ «չէ. իսկական, նորմալ սոտըվիներ են», եւ Սաքոն ինձ աչքով արեց ու ժպտալով ասաց՝ «Արմոն որ էսքան վախտ սոտըվի չի պահել, կարող ա՞ էսքանից հետո հիսունդոլարանոց սոտըվի պահի», եւ ես փռթկացնելով ասացի՝ «հո խայտառակ չեմ», եւ Դերոն զարմացած ինձ հարցրեց՝ «հիսունդոլարանոց սոտըվի պահելը խայտառակություն ա՞», եւ Սաքոն ժպտալով ասաց՝ «Գագոյի պես ախպեր ունեցողի համար խայտառակություն ա», եւ Դերոն մի քիչ մտածեց ու ասաց՝ «ես էլ Գագոյի պես ախպեր ունեմ, բայց հիսունդոլարանոց սոտըվի  եմ պահում» եւ մի քիչ մտածեց ու ժպտալով ավելացրեց՝ «որ ճիշտն ասեմ, իմը հիսուն դոլարից էլ ա էժան», եւ Գագոն մի քիչ մտածեց ու ժպտալով Դերոյին ասաց՝ «Արմենի մաբիլնիի հարցերը հորովմորով կանենք, հետո կանցնենք քոնին», եւ Դերոն մի քիչ մտածեց ու ասաց՝ «ես իմինից շատ գոհ եմ», եւ Գագոն մի քիչ մտածեց ու Դերոյին ասաց՝ «քո գոհ ըլնելը շատ քիչ ա» եւ մի քիչ էլ մտածեց ու ժպտալով ավելացրեց՝ «մենք էլ պիտի գոհ ըլնենք», եւ էդ օրվա մեր էդ խոսակցություններն էսպես հիշելով ու գրելով՝ արդեն զգում ու հասկանում եմ, որ էդ խոսակցություններն ավարտելու ժամանակն է, մանավանդ որ՝ մինչեւ գիշերվա մեկն էդ սեղանի շուրջ մնալով ու իրարից կարոտներս առնելով՝ առանձնապես նոր ու էական  բան չավելացրինք արդեն ասվածներին, եւ երբ Գագոյի կենացն իբրեւ թամադա էլ առաջարկվեց ու խմվեց, Գագոն եւս մի անգամ հանդիսավոր ու վերջնական խոստացավ, որ հենց հասնի Վոլգոգրադ, առաջին հերթին սոտըվիիս հարցերով է զբաղվելու, եւ մեր էդ առաջին ու առայժմ վերջին հանդիպումից երկու շաբաթ անց՝ առավոտվա տասի կողմերը մեր դուռը թակեց մեր թաղամասի փոստային բաժանմունքի փոստատարն ու կնոջս տվեց մի ծրար, որի վրա երեք լեզուներով ու չափազանց խոշոր տառերով գրված էր՝ ԱՐՄԵՆԹԵԼ, եւ ես ծրարը կնոջս ձեռքից խլելով՝ սկսեցի արագ հագնվել, եւ կինս հարցրեց՝ «էս ո՞ւր ես գնում», եւ ես ծրարը ցույց տալով ասացի՝ «գնամ փոստ», եւ կինս ասաց՝ «բաց՝ տեսնենք էդ ծրարի մեջ ինչ կա», եւ ես խորհրդավոր ժպտալով ասացի՝ «ես գիտեմ՝ ինչ կա», եւ կինս կասկածանքով նայեց ինձ ու ասաց՝ «հաստատ էլի ժամերով Ամերիկա ես խոսել» եւ հոգոց հանելով ավելացրեց՝ «տեսնես էս անգամ ինչքան պարտք են գրել», եւ ես ժպտալով  ասացի՝ «ոչ մի Ամերիկա էլ չեմ խոսացել» եւ ժպտալով ավելացրի՝ «ոչ մի պարտք չկա», եւ կինս մի քիչ մտածեց ու կասկածանքով հարցրեց՝ «բա ինչի՞ ծրարը չես բացում՝ տեսնենք ինչ ա», եւ ես խորհրդավոր ժպտալով ասացի՝ «կբերեմ՝ կտեսնես», եւ կինս զարմացած հարցրեց՝ «ի՞նչը կբերես», եւ ես խորհրդավոր ժպտալով ասացի՝ «փոստով բան եմ ստանալու», եւ կինս հարցրեց՝ «փո՞ղ», եւ ես ժպտալով ասացի՝ «փող չի, բայց թանկանոց բան ա», եւ կինս հարցրեց՝ «ինչքա՞ն թանկանոց», եւ ես ժպտալով պատասխանեցի ու ասացի՝ «հազար դոլարանոց», եւ կինս ժպտալով հարցրեց՝ «ի՞նչ ա», եւ ես ժպտալով ասացի՝ «կբերեմ՝ կտեսնես» եւ ժպտալով ավելացրի՝ «սյուրպրիզ ա», եւ կինս մի քիչ մտածեց ու հարցրեց՝ «կարեւոր բան ա՞», եւ ես մի քիչ մտածեցի ու ասացի՝ «իմ համար կարեւոր չի, բայց քո ու էրեխեքի համար կարեւոր ա», եւ կինս բավական երկար մտածեց ու ժպտալով ասաց՝ «որ մեր համար կարեւոր ա, ուրեմն լավ բան ա» եւ մի քիչ էլ մտածեց ու ժպտալով ավելացրեց՝ «քսան տարուց ավել ա ամուսնացած ենք, առաջին անգամ ես սյուրպրիզ անում», եւ ես ժպտալով ասացի՝ «ամեն անգամ ըտենց  ես ասում» ու էդ ասելով՝ տնից դուրս եկա եւ ամբողջ ճանապարհին անհանգիստ էի, որովհետեւ ճանապարհին մտածելով հասկացա, որ Գագոյի ուղարկած էդ սոտըվին ինձ հեչ պետք չի, որովհետեւ հատկապես էդ օրերին որեւէ մեկի զանգին չէի սպասում, առավել եւս՝ Գագոյի զանգին, եւ Գագոյի էդ թանկանոց նվերի մասին մտածելով՝ սկսեցի նաեւ հասկանալ, որ նույնիսկ շատ մեծ ցանկության դեպքում իր էդ թանկանոց նվերը չեմ կարող կնոջս ու երեխեքիս նվիրել, որովհետեւ էդ սոտըվին Գագոյին պատկանել ու հետագայում էլ էր իրեն պատկանելու, ու էդ նվերի միակ իմաստն էն էր, որ եթե Գագոյի ու մանավանդ Բրիկսինա Տանյայի կողմից հիշվեի, անմիջապես զանգեին ու հետս կապվեին, ու էդ բանը փոստի ճանապարհին վերջնականապես հասկանալով ու ահավոր նեղվելով՝ Ուպռավլենու մեր փոստային բաժանմունքի դռների մոտ բացեցի ծրարն ու նախ շշմեցի, իսկ այնուհետեւ չափազանց ուրախացա ու հոգեպես խաղաղվեցի, որովհետեւ երբ փոստատան դռների մոտ ծրարը բացեցի ու ծրարի  միջի գրությունը հոտնկայս կարդացի, հասկացա, որ ոչ մի նվեր էլ չունեմ ստանալու. ավելին. էդ ծրարի միջի գրությունից անմիջապես հասկացա, որ մեր ընտանիքն ամբողջ քսանչորս հազար դրամ է պարտք «Արմենթելին»՝ միջքաղաքային խոսակցությունների համար, բայց էդ մասին իրազեկվելով՝ ես ոչ թե փոստատուն մտա, այլ ծրարը ձեռքիս տուն վերադարձա՝ ոչ թե էն պատճառով, որ էդ պահին փոստում մեծ հերթ էր, այլ էն պատճառով, որ էդ պահին մոտս քսանչորս հազար չունեի, եւ չնայած քսանչորս հազար չունեի, տրամադրությունս շատ  բարձր էր, եւ հոգիս ու խիղճս էլ՝ չափազանց հանգիստ, եւ նույնիսկ չէի էլ մտածում՝ ում պատճառով էր էդ քսանչորս հազար պարտքը գոյացել ու առաջացել, եւ ճանապարհին խաղաղված մտքով ու խաղաղված հոգով վայելում էի էդ անխռով վիճակս, որը միանգամայն համահունչ էր նախասիրությանս ու սկզբունքիս, այն է՝ ես բջջային հեռախոս  չունեի ու չէի էլ ուզում ունենալ, որովհետեւ ոչ միայն դրա կարիքը երբեւէ չէի զգացել, այլեւ դրա իմաստն էլ երբեւէ չէի հասկացել ու շարունակում էի չհասկանալ. ավելին. ես արդեն նույնիսկ սովորական հեռախոսի իմաստն էի կորցրել, որովհետեւ վերջին տարիներին չէր եղել մի հեռախոսազանգ, որն իմ հոգեկան ու մանավանդ սոցիալական վիճակը փոքր-ինչ թեթեւացներ, չնայած, հիմա որ էս ուղղությամբ ավելի ու ավելի եմ մտածում, սկսում եմ հիշել, որ էդպիսի հեռախոսազանգեր, այնուամենայնիվ, եղել էին, բայց հանուն էդ մի քանիսի  չարժեր հատուկ բջջային հեռախոս պահել, որովհետեւ հեռախոս երեւույթը հիմնականում անօգուտ զրույցների ու շատախոսության իմաստով էր իմ կողմից օգտագործվում, իսկ րոպեավճարի անցնելուց հետո ինձ համար հեռախոսի էդ իմաստն էլ վերացավ. այսինքն, էդ պահի դրությամբ, ես արդեն ոչ միայն բջջայինի անհրաժեշտությունը չէի զգում, այլեւ՝ սովորական տնական հեռախոսի անհրաժեշտությունը, եւ երբ բարձր տրամադրությամբ տուն մտա, կինս ժպտալով հարցրեց՝ «հը՞. սյուրպրիզը բերի՞ր», եւ ես ժպտալով ասացի՝ «շատ մեծ հերթ էր», եւ կինս ձեռքիս ծրարին նայելով հարցրեց՝ «գոնե հիմա կարա՞մ իմանամ՝ ինչ սյուրպրիզ ա», եւ ես ժպտալով ասացի՝ «ոչ մի սյուրպրիզ էլ չկա» եւ մի քիչ մտածեցի ու ծրարը կնոջս տալով ավելացրի՝ «այսինքն, սյուրպրիզ կա, բայց լրիվ ուրիշ սյուրպրիզ ա», եւ կինս ծրարը բացելով  ու գրությունը կարդալով ասաց՝ «շա՜տ ուժեղ սյուրպրիզ ա» եւ մի քիչ մտածեց ու հուզված հարցրեց՝ «բայց ո՞վ ա քսանչորս հազարի խոսացել», եւ ես մի քիչ մտածեցի ու ասացի՝ «ես որ՝ հաստատ չեմ  խոսացել», եւ կինս մի քիչ մտածեց ու հարցրեց՝ «կարող ա՞ Ամերիկա ես խոսացել», եւ ես ասացի՝ «Ամերիկա ո՞վ ունեմ, որ Ամերիկա խոսամ», եւ կինս հարցրեց՝ «բա Պետրոսն ի՞նչ ա», եւ ես արդարանալով ասացի՝ «Պետրոսն ինքն ա ամեն անգամ զանգում» եւ մի քիչ մտածեցի ու ավելացրի՝ «աչքիս լույսը չի, որ զանգեմ ու հետը քսանչորս հազարի խոսամ», եւ կինս ասաց՝ «բայց անցած անգամ դու էիր չէ՞ խոսացել», եւ ես նեղսրտելով ասացի՝ «անցած անգամ  վրես հաստատեցիք, բայց անցած անգամ էլ ոչ մի տեղ չէի խոսացել», եւ կինս հոգոց հանելով ասաց՝ «անցած անգամ ընդամենը յոթ հազար էր» եւ ծրարը պայուսակի մեջ դնելով ավելացրեց՝ «հազիվ էլ էս տեսակ սյուրպրիզներ անես», եւ երբ կինս գնաց, տրամադրությունս նորից բարձրացավ, որովհետեւ երկու շաբաթ Գագոյի ուղարկելիք էդ բջջայինին սպասելով՝ մտածում ու չէի կարողանում էդ բջջայինի անհրաժեշտությունը հասկանալ, բայց դրա անհրաժեշտությունը չհասկանալով՝ արդեն հասկացել էի, որ էդ բջջայինիս վրա րոպեն մեկ զանգելու ու ինձ կտրելու են գրողական էս հիմնական զբաղմունքիցս, որովհետեւ երկու շաբաթ Գագոյի էդ բջջայինին սպասելով՝ արդեն մտածելով հասկացել էի, որ մարդիկ ու մարդկանց գործից կտրողները հիմնականում բջջայինով են զանգում ու մարդկանց գործից կտրում, որովհետեւ բջջային հեռախոսը մեր կյանքի ու կենցաղի մեջ էնքան վերջնական ու բոլորեքյան է թափանցել, որ բջջային ունեցողները բջջային չունեցողներին ոչ միայն լուրջ չեն վերաբերվում, այլեւ լուրջ չեն վերաբերվում էն բջջային ունեցողներին, որոնք իրենց բջջայիններով բջջային չունեցողների տնական հեռախոսներին են զանգում, եւ չնայած ծանոթներս, բոլորն ու ներառյալ մեր տնեցիներն էս մեր ժամանակակից կյանքն առանց բջջային հեռախոսի չեն պատկերացնում, ես, ընդհակառակը, իմ կյանքը բջջայինի առկայությա՛մբ ոչ մի կերպ չեմ պատկերացնում, եւ ինձ չեմ պատկերացնում բջջայինն ականջիս դրած՝ փողոցի մայթով քայլելիս ու  խոսելիս, եւ առավել եւս ինձ չեմ պատկերացնում երթուղայինի մեջ բջջայինով խոսելիս, եւ հատկապես ինձ չեմ պատկերացնում ավտոմեքենայի ու ջիպի ղեկին նստած՝ բջջայինով խոսելիս, մանավանդ որ՝ ավտոմեքենա ու ջիպ չունեմ, եւ, իմիջիայլոց, չեմ էլ ուզում ունենալ՝ ինչպես որ բջջային հեռախոս չեմ ուզում ունենալ, չնայած, ի տարբերություն բջջային հեռախոսի, ավտոմեքենայի անհրաժեշտությունը մշտապես ու որոշակիորեն եմ զգում ու հասկանում, բայց, զգալով ու հասկանալով հանդերձ, երբեւէ չեմ երազել ավտոմեքենա ունենալ, չնայած իմ գունավոր երազներում հաճախ եմ ինձ ավտոմեքենա վարելիս տեսնում, ընդ որում՝ իմ ավտոմեքենայով միշտ Քանաքեռի դիքն եմ հաղթահարում, կամ էլ, ընդհակառակը, էդ նույն դքից նույն էդ ավտոմեքենայով սրընթաց իջնում եմ, եւ մշտապես կողքիս մեր Գրողների միության Հասմիկն է, եւ հաճախակի կրկնվող էդ, ուրեմն, գունավոր երազիս մեջ Հասմիկն ու ես մշտապես ջահել ու սիրուն ենք, եւ հատկապես ու առանձնապես Հասմիկն է ջահել ու սիրուն, եւ մշտապես ութսունմեկ թվականի գարունն է, եւ մշտապես Քանաքեռի ծիրանենիներն ու խնձորենիները սիրուն ծաղկած են, ու էս երազիս գոյության ու շարունակականության հիմնական պատճառն էն է, որ ութսունմեկի գարնանը, երբ Գրողների միությունում վարորդական դասընթացների տեսական մասն ավարտվեց, այնուհետեւ ու անմիջապես գործնական մասն սկսվեց, ու վերջին երկու շաբաթն ամեն առավոտ Քանաքեռի  նույն էդ դիքն էինք ավտոմեքենայով իջնում ու բարձրանում, ու էդ դասընթացների նախավերջին օրը վարորդության մեր դասատու Աշոտին խնդրեցի, որ քշելուս ընթացքում ոչ թե ինքը կողքս նստի, այլ թողնի՝ Գրողների միության Հասմիկին կողքս նստեցնեմ, եւ Աշոտը մի քիչ տատանվելուց հետո համաձայնվեց ու ընդառաջեց՝ ոչ էնքան Հասմիկի հանդեպ ութսունմեկին տածածս զգացմունքները կռահելով, այլ հիմնականում էն պատճառով, որ Նալբանդյան դպրոցի իմ համադասարանցի Վրեժն ու վարորդության մեր դասատու Աշոտը միեւնույն Դոսաաֆում էին աշխատում, եւ Վրեժի ցուցումով ու Վրեժի  միջոցով վարորդական իրավունքիս կաշառքն արդեն Աշոտին տվել էի, ընդ որում՝ Վրեժի շնորհիվ հարյուր հիսունի փոխարեն ընդամենը հարյուր էի տվել, եւ քանի որ էդ պահի դրությամբ գրողներից միայն ձեր խոնարհ ծառան էր իր փայ կաշառքն Աշոտին տվել, Աշոտը տղամարդավարի ու մեծահոգաբար համաձայնվեց, որ Քանաքեռի դքից Գրողների միության Հասմիկին կողքս նստեցրած իջնեմ, ու ես Աբովյանի թանգարանի մոտից Դոսաաֆի էդ ուսուցողական մեքենան անձամբ քշելով՝ Գրողների միության Հասմիկին կողքս նստեցրած հասա համարյա Ռայկոմ, եւ չնայած էդ ամբողջ ընթացքում մեր դասարանի Վրեժի ընկեր ու վարորդության մեր դասատու Աշոտը մեքենայի հետնամասում էր նստած, եւ չնայած Քանաքեռից Ռայկոմ ճանապարհին Աշոտը մի քանի անգամ միջամտեց՝ ձեռքն  ուսուցողական արգելակին գցելով, ես իմ գունավոր ու վարորդական էդ երազներում Աշոտին ոչ մի անգամ չեմ տեսել, այլ միայն՝ ինձ ու Գրողների միության ջահել ու սիրուն Հասմիկին:
Շարունակությունը՝ հաջորդ շաբաթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031