Լրահոս
Օրվա լրահոսը

Հայերի երջանկության գաղտնիքը

Հուլիս 23,2011 00:00

\"\"Ամուսնությունների թիվը աճում է, ամուսնալուծությունները՝ շատանում

Հայ տղամարդիկ հիմնականում ուզում են ամուսնանալ նիհար, բոյով, կապույտ աչքերով եւ շեկ մազերով աղջիկների հետ, աղջիկներն էլ՝ սպորտային կազմվածքով տղայի, ով ունի աշխատանք, բնակարան, ավտոմեքենա: Սա ցույց է տալիս «Երջանկության գաղտնիք» ամուսնական գործակալության դիմողների վիճակագրությունը: Երեկ այդ մասին լրագրողներին պատմեց նշված ամուսնական գործակալության տնօրեն Իլոնա Բաղիշյանը: Նա նշեց, որ գործակալություն կարող են դիմել միայն 28 եւ դրանից բարձր տարիքի տղամարդիկ, իսկ կանանց համար այդպիսի սահմանափակում չկա, չեն ընդունում 65-ն անց դիմողների հայտերը:
Գործակալությունում դիմողների հետ զրուցում է տնօրենը՝ մասնագիտությամբ հոգեբան եւ մաթեմատիկ: «Երկուսն իրար լրացնում են, հաշվարկը եւ հոգեբանությունը»,- ասում է Ի. Բաղիշյանը: Զուգընկեր փնտրողները ներկայացնում են իրենց սպասումները կողակցի մասին եւ լուսանկարվում հենց ամուսնական գործակալությունում: «Երբեմն բերում են մի 5 տարի առաջվա նկար, որտեղ աղջիկը եղել է 5 կիլոգրամ նիհար, հետո հանդիպման ժամանակ տղան տեսնում է՝ թմբլիկ է»,- ասում է նա՝ ավելացնելով. «Տղամարդիկ դեռ չմտած օֆիս՝ ասում են՝ գեր աղջիկ չլինի»: Ըստ բանախոսի՝ բարձրագույն կրթություն ստացած անձանց համար շատ կարեւոր է, որ զուգընկերն էլ այդպիսին լինի: «Հայ տղաներին հետաքրքրում է աղջիկների կույս լինելու հանգամանքը»,- ասում է տիկին Բաղիշյանը եւ իր ասածով արժանանում ասուլիսին ներկա՝ եզակի արական սեռի ներկայացուցիչ օպերատորի հավանությանը: «Աղջիկներ էլ կան՝ ասում են, որ իրենք չեն ուզում այնպիսի տղա, որի համար կուսությունն առաջնահերթ լինի»,- ասում է բանախոսը՝ ավելացնելով, որ եթե աղջիկը կույս է լինում, չի ցանկանում «կյանքը կապել» ամուսնացած-բաժանվածի հետ: «Մեզ մոտ 60 տարեկան մի տատիկ էր եկել, շատ էր ամաչում: Պետք է ասել, որ մեծ տարիքում ավելի շատ են միայնություն զգում: Այդ տարիքում բոլորին թվում է, որ արդեն ոչ ոքի պետք չեն: Նրանք ասում են, որ ուզում են գոնե մեկը լինի, ում հետ կարող են սուրճ խմել»,- պատմում է տիկին Բաղիշյանը: Հիշելով մի պատմություն՝ նա հավելեց. Իսրայելից մի հայ տղա աղջիկ էր փնտրում, եկավ Հայաստան եւ նրանց գործակալության շնորհիվ ամուսնացավ մի աղջկա հետ, ով սրտի արատ ուներ: «Նրանք շատ համապատասխան զույգեր էին, կարծես իրար համար ստեղծված լինեին: Չնայած տղան գիտեր, որ աղջկա մոտ երեխա ունենալու խնդիր կարող է լինել, որոշեց, որ պետք է անպայման ամուսնանա»,- ասում է Ի. Բաղիշյանը: Պատմեց նաեւ մի դեպք, երբ ԱՄՆ-ից մի երիտասարդ ցանկացել էր ամուսնանալ հայ երգչուհի Ռիփիի նման մի աղջկա հետ: Ըստ «Երջանկության գաղտնիք» գործակալության տվյալների՝ հայ աղջիկների «պահանջարկ» կա Հարավային Կորեայում, Իրանում:
Լրագրողներին հետաքրքրեց՝ «Երջանկության գաղտնիք» ամուսնական գործակալության տնօրենը գիտե՞, արդյոք, երջանկության գաղտնիքը: «Երջանկության գաղտնիքն ընդամենը կողքին սիրած էակ ունենալն է, ում դու կհասկանաս, եւ ով քեզ կհասկանա»,- ասում է Ի. Բաղիշյանը՝ իրեն երջանիկ համարելով:
Բանախոսներից էր նաեւ ՀՀ ազգային վիճակագրական ծառայության մարդահամարի եւ ժողովրդագրական բաժնի պետ Կարինե Կույումջյանը: Ըստ նրա՝ 2010թ., նախորդ տարիների համեմատ՝ ամուսնությունների դեպքերը մի փոքր նվազել են՝ 18 000-ից հասել են 17 986: Ամենացածր ամուսնությունների թիվը գրանցվել է 2000թ. «Եթե 1995-ին ամուսնությունների թիվը 15 000-ն էր, ապա 2000-ին այն 10 988 էր»,- ասում է տիկին Կույումջյանը: Նրա փոխանցմամբ՝ եթե 1994-ին տղամարդկանց ամուսնական տարիքը միջին հաշվով 27-ն էր, ապա վերջին տարիներին՝ 25-ն է, կանանցը 22-ն էր, հիմա 25-ն է: Կ. Կույումջյանը նկատում է. «Որքան աճում է ամուսնությունների թիվը, այնքան էլ մեծանում է ամուսնալուծությունների թիվը»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031