Մասնագետները վստահեցնում են, որ մեծ քանակությամբ գարեջուրը տղամարդու օրգանիզմում կնոջ հորմոններ է ավելացնում:
Ամեն ինչ չափի մեջ է գեղեցիկ, բայց այդ ամեն ինչն ու դրա չափը մենք ենք որոշում, հաճախ չգիտակցելով, որ չափն անցնում ենք: «Ամեն ինչ չափի մեջ է գեղեցիկ» կանոնը հատկապես վերաբերում է սննդին եւ առավելեւս՝ խմիչքին: Գարեջուրը, որ ոգելից խմիչքների մեջ համարվում է «ամենաանշառը», իրականում կարող է շատ լուրջ վնասներ հասցնել տղամարդու առողջությանը: Բանն այն է, որ գարեջրի մեջ առկա ֆիտոէստրոգենը ընկճում է տղամարդու տետոստերոն հորմոնը եւ ավելացնում կնոջ էստրոգեն հորմոնը: Այսինքն, գարեջրի չափն անցնելու դեպքում տղամարդու մոտ հորմոնային դիսբալանս է առաջանում, որը կարող է տարբեր տեսակի առողջական խնդիրներ առաջացնել:
Թերեւս բոլորն էլ գիտեն, որ ոգելից խմիչքի չարաշահումը վնասակար է, բայց քչերը գիտեն, որ «անմեղ» գարեջուրը կարող է տղամարդկանց սեռական ֆունկցիայի անկման հանգեցնել, օրգանիզմի այնպիսի հատվածների ճարպակալում առաջացնել, որ արտաքինով սկսեն նմանվել կանանց: Օրինակ՝ չափից ավելի գարեջուր օգտագործելիս շատ տղամարդիկ արդեն ստիպված կլինեն եթե ոչ 3-րդ, ապա առաջին համարի կրծկալ կրել, քանի որ այդ խմիչքի մեջ առկա ֆիտոէստրոգենի ավելցուկն ազդում է կրծքագեղձերի մեծացմանը:
«Առավոտի» հետ զրույցում ընդհանուր բժշկության կլինիկայի ղեկավար, բժիշկ-սեքսապաթոլոգ Արտաշես Ղազարյանը վստահեցրեց, որ մեծ քանակությամբ գարեջրի օգտագործումը թե տղամարդկանց, թե կանանց կրծքագեղձերը մեծացնում է. «Ժողովրդական, արդեն փորձված մեթոդ է, որ կրծքով կերակրող մայրերին գարեջուր էին խորհուրդ տալիս, որը կաթնարտադրությունն է խթանում: Իսկ առհասարակ գարեջրի շատ օգտագործումից ճարպակալում է առաջանում նաեւ գոտկատեղի, որովայնի հատվածում, հատկապես 30 տարեկանից հետո, երբ սեռական ֆունկցիան աստիճանաբար թուլանում է: Գարեջուրը բարձր կալորիականություն ունի, դա է պատճառը, որ արագ ճարպակալման է բերում»: Չնայած այս ամենին, պետք չէ կտրուկ հրաժարվել գարեջրից, քանի որ այն կարող է նաեւ օգուտ տալ: Մասնագետը վստահեցնում է՝ կես լիտրից մինչեւ մեկ լիտր գարեջուրը նույնիսկ խթանում է թե տղամարդու, թե կնոջ լիբիդոն. «Մարդիկ ավելի անկաշկանդ ու ազատ են դառնում, տոնուսն է բարձրանում: Բացի այդ, գարեջուրը Բ խմբի վիտամիններ է պարունակում, որոնք նյարդային համակարգի վրա են լավ ազդում: Մի խոսքով, չափի մեջ գարեջուր օգտագործելը նույնիսկ օգտակար է»: Թե ո՞րն է գարեջրի այն չափն ու դրա օգտագործման ժամկետը, որը կհանգեցնի վերը նշված խնդիրներին, Ա. Ղազարյանն ասաց. «Դա շատ անհատական է: Կարող է 6 ամսից ազդի, կարող է ավելի շուտ կամ ուշ: Կոնկրետ ժամկետ չկա, աստիճանաբար է լինում: Մարդ կա 5 տարի է խմում՝ բան չի լինում, բայց դա չի նշանակում, թե կարելի է ասել՝ դե որ այդպես է՝ ուրեմն խմեք: Կարելի է 2 օրը մեկ, կամ ամեն օր քիչ քանակությամբ, գոնե 1 լիտրը չգերազանցել, քան շաբաթը մեկ մեծ քանկությամբ խմել ու հարբել: Օրինակ՝ քիչ քանակությամբ կարմիր գինին խթանում է սրտանոթային համակարգի աշխատանքը: Ասենք՝ մեկ բաժակ օղին նյութափոխանակության վրա է լավ ազդում»:
Մասնագետները նաեւ փաստում են, որ գարեջրի պարունակության մեջ եղած էստրոգենը աստիճանաբար թուլացնում է մկանային համակարգը, մեծացնում է շագանակագեղձը, որն էլ ճնշում է միզուղին եւ միզապարկը ու բարդացնում միզարտադրությունը: Մասնագետները վստահեցնում են, որ սրտի անբավարարությունը եւ էստրոգենի ավելցուկը տղամարդկանց համար նշանակում է՝ մահ ժամանակից շուտ: Արդեն ապացուցված է, որ նման ախտանիշներով տղամարդիկ 2 անգամ հաճախ են մահանում: Ի տարբերություն գարեջրի, մյուս խմիչքների մեջ չկա ֆիտոէստրոգեն: Իսկ մեծ քանակությամբ գարեջուր խմելով ու ձեր օրգանիզմում էստրոգենի քանակությունն ավելացնելով, ավելացնում եք նաեւ խոլեստերինի պարունակությունը, մեծացնում սրտի կաթվածի ռիսկը:
Բժիշկների հավաստմամբ՝ գարեջուրն ավելի շուտ եւ ավելի շատ է կախվածություն առաջացնում: Արտաշես Ղազարյանի խոսքերով՝ «Գոյություն ունի գարեջրային հարբեցողություն հասկացություն, որից ավելի շատ են կախման մեջ ընկնում: Թունդ խմիչքները չեն գովազդվում, իսկ գարեջուրը գովազդում են: Սա թյուրիմացություն է առաջացնում, իբր թե գարեջուրն անվնաս է: Ռուսաստանում արդեն օրենք են ընդունել՝ գարեջրի վրա որոշակի սահմանափակումներ դնելու համար»:
Այնպես որ, գարեջուրն այնքան էլ անմեղ խմիչք չէ. մասնագետները վստահեցնում են, որ ինչպես մեծ քանկությամբ օղի, այնպես էլ գարեջուր օգտագործելով, մարդիկ հեշտությամբ եւ նույնիսկ իրենք էլ չնկատելով, դառնում են ալկոհոլիկ: