Հայաստանի համար Եվրալիգան ավարտվեց, իսկ եվրոպական ֆուտբոլի հատակը՝ գնալով ավելի ու ավելի հստակ է երեւում:
Հայ երկրպագուների համար ավարտվեց եվրագավաթային նոր մրցաշրջանի հայրենասիրական մասը ու շուտով արդեն կմեկնարկի ամենահետաքրքիրը՝ այն, ինչ ժողովուրդն անվանում է «իսկական եվրոպական» ակումբային ֆուտբոլ:
Այնպես է ստացվել, որ «հայրենասիրական» Եվրալիգան մի տեսակ պարտադրված է. մի կողմից չես կարող հայկական ակումբներին չերկրպագել ու սրտի կաթված չստանալ ամեն բաց թողած գնդակի համար, մյուս կողմից էլ՝ ինչքա՞ն կարող ես ու պիտի սրտի կաթված ստանաս ամեն բաց թողած գնդակի ու հերթական անփառունակ պարտության համար:
Հուլիսի 21-ին հայկական ակումբային ֆուտբոլի դագաղին վերջին մեխը խփեց «Միկան»՝ այն թիմը, որից սպասելիքները շատ էին նորվեգական «Վալերենգայի» հետ երեւանյան խաղում: Բայց ուզում էինք, որ լավ լինի, իսկ ստացվեց սովորականի պես:
Թեկուզ նվազագույն հաշիվներով, բայց թիմը երկու պարտություն կրեց ու դուրս մնաց հետագա պայքարից: Սակայն ասվածը միայն «Միկային» չի վերաբերում: 2011-2012 եվրագավաթային մրցաշրջանում հայկական ակումբները ութ խաղում միայն 2 գնդակ կարողացան ուղարկել մրցակցի դարպասը, որոնցից 1-ը՝ 11-մետրանոց տուգանային հարվածից: Ասել է թե, արդեն հաղթելու չէ՝ գոնե մեկ գոլ խփելն է մեզ համար գերխնդիր, ասել է թե, հանձնվեցինք առանց մարտի… Ավելին, այդ կապիտուլյացիան անհետեւանք չմնաց. Հայաստանը հայտնվեց այն չորս երկրների ցուցակում, որոնց ազգային առաջնությունների հաղթողները Չեմպիոնների լիգայում պայքարն սկսում են որակավորման 1-ին փուլից: ՈՒԵՖԱ-ի վարկանիշային աղյուսակում Հայաստանն այժմ 50-րդն է՝ իրենից ետ թողնելով միայն Ֆարերներին, Սան Մարինոյին ու Անդորրային: Իսկ դասակարգման աղյուսակում մեզ շրջանցել են անգամ գաճաճ Լյուքսեմբուրգն ու Լիխտենշտեյնը, որոնց ներկայացուցիչները հաղթանակներ են տոնել ու որակավորման 3-րդ փուլ անցնել. մի նշաձող, որը հայկական ակումբային ֆուտբոլի համար այսօր հասու չէ:
Պարտությունների ու այսօրվա ցավալի այս վիճակի համար շատ արդարացումներ ու պատճառաբանումներ՝ արժանահավատ եւ ոչ այնքան, կարելի է փնտրել ու գտնել: Օրինակ, «Միկայի» ավագ Հրայր Մկոյանը խաղից հետո armsport.am կայքին տված հարցազրույցում հայտարարել է. «եթե մարզչին չփոխեին, հավանաբար այլ կերպ ելույթ կունենայինք»: Դժվար թե ակումբի ղեկավարությունն այդ փոքրիկ նյուանսը հաշվի չառներ մարզչական փոփոխություն կատարելիս, ինչից արդեն կարելի է ենթադրել, որ «Միկայի» թիվ մեկ խնդիրը «Վալերենգայի» հետ հանդիպումը չէր: Նույն կերպ «Փյունիկը» Չեմպիոնների լիգայի մրցաշարի մեկնարկից ընդամենը մի քանի շաբաթ առաջ, հակառակ ընդունված «ձեւին ու կարգին», հրաժեշտ տվեց իր երկու առաջատարներին՝ Մարկոսին եւ Գեւորգ Ղազարյանին: Կառլեն Մկրտչյանն էլ ակումբը լքել էր դրանից ավելի վաղ: Այսպիսով, Վարդան Մինասյանի գլխավորած «Փյունիկն» էլ հստակ ձեւակերպեց, որ առաջնայնությունը հավաքականի ուժեղ ֆուտբոլիստ ունենալն է եւ ոչ թե կասկածելի շեշտերը Եվրագավաթներում… Սակայն եթե երկրորդի պարագայում առաջնայնությունների այլընտրանքը, հետեւաբար՝ պատճառաբանումները հասկանալի են, առաջինի դեպքում դա էլ չի գործում: Իսկ մինչ մենք մեր վերքերին դարման՝ արդարացումներ ենք փնտրում, եվրոպական ֆուտբոլի հատակն ավելի ու ավելի հստակ է երեւում…