Լրահոս
Օրվա լրահոսը

«Ընտրությունների հետ կապ չունենք»

Հուլիս 23,2011 00:00

Համաշխարհային հայկական կոնգրեսի եւ Ռուսաստանի հայերի միության կողմից արդեն 4-րդ տարին անցկացվում է գիտական եւ ստեղծագործական աշխատանքների մրցանակաբաշխություն: Այս տարի այն նվիրված է Հայաստանի Հանրապետության 20-ամյա հոբելյանին: Եթե առաջին տարին մրցանակաբաշխությունն անցկացվում էր ԳԱԱ-ի եւ Հայաստանի ժուռնալիստների միության հետ համատեղ, ապա այս տարի ընդգրկված են 6 ստեղծագործական միություններ եւ ԳԱԱ-ն: Մրցանակաբաշխությանը կարող են մասնակցել մինչեւ 35 տարեկան երիտասարդ ստեղծագործողները: Գրողների եւ լրագրողների կողմից ներկայացված ստեղծագործություններն ու հրապարակումները պետք է արտացոլեն ժամանակակից երիտասարդության կերպարը, նրանց խնդիրները, տեղն ու դերը Հայաստանի կայացման, Հայաստան-սփյուռք կապերի առավել սերտացման ասպարեզում: Ռուսաստանի հայերի միության եւ Համաշխարհային հայկական կոնգրեսի փոխնախագահ Վլադիմիր Աղայանը երեկ Նկարիչների միության նորաբաց «Աբովյան 16» ակումբում տեղեկացրեց, որ տարեցտարի ավելանում է մրցանակաբաշխության մասնակիցների թիվը: Ռուսաստանի հայերի միության առաջին փոխնախագահ, ՕԵԿ-ական ներկայացուցիչ Մհեր Շահգելդյանն էլ նշեց, որ իրենց կառույցների գործունեությունն այս տարի մասնավորապես միտված է լինելու ազգային արժեքների պաշտպանությանը, մշակույթի, գիտության, կրթության զարգացմանը, աշխատատեղերի ստեղծմանը: Մեր դիտարկմանը՝ արդյո՞ք Ռուսաստանի հայերի միության եւ Համաշխարհային հայկական կոնգրեսի կողմից մշակութային լայնածավալ գործունեություն իրականացնելը նախընտրական միտում չունի, Մ. Շահգելդյանը պատասխանեց. «Մեր գործունեությունը կապ չունի ո՛չ կուսակցությունների, ո՛չ էլ առաջիկա ընտրությունների հետ: Կոնգրեսն ու միությունը հասարակական կազմակերպություններ են, որ իրականացնում են Հայաստանի զարգացմանն ուղղված ծրագրեր՝ արդեն քանի տարի»: Վլ. Աղայանն էլ, ինչպես հայտարարեց, եղել եւ մնում է կոմունիստ, հավաստիացրեց, որ մրցանակաբաշխության ժամանակ կուսակցական ոչ մի պատկանելություն հաշվի չի առնվելու: Երեկ Նկարիչների միությունում ցուցադրվեցին երիտասարդ նկարիչների աշխատանքները, ապա ամփոփվեցին Նկարիչների միության մրցույթի արդյունքները: Բոլոր ստեղծագործական միությունների վերջնական արդյունքները կամփոփվեն հոկտեմբերին: Մրցույթի կազմակերպիչների կողմից կհրատարակվի նաեւ կատալոգ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031