Լրահոս
Օրվա լրահոսը

«ՔԻՉ ԵՆՔ, ԲԱՅՑ՝ ՈՐԱԿՈՎ»

Հուլիս 23,2011 00:00

Ասում է Չայկովսկու անվան մրցույթի հաղթող, թավջութակահար Նարեկ Հախնազարյանը

\"\"
Պարզվում է՝ Նարեկ Հախնազարյանը նաեւ վիրտուոզ պարում է:

Վերջերս ավարտված Չայկովսկու անվան 14-րդ միջազգային մրցույթը ամենասկանդալայինը եղավ նրա պատմության մեջ։ Գիտեինք, որ մրցույթներում կուլիսային գործարքներ են կնքվում, իբր միամտաբար ձախողվում են մրցանակների հավակնորդները, հաճախ դրանց ենթատեքսում փողն է։ Աշխարհը տեսավ, թե ինչպես Ռուսաստանի ակադեմիական սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար, դիրիժոր Մարկ Գորնշտեյնը ջանում էր մրցույթի եզրափակիչ փուլից առաջ ձախողել տաղանդավոր թավջութակահար Նարեկ Հախնազարյանի փորձը՝ նվագախմբի հետ։ Չնայած այս ամենին, հայ երիտասարդը հաջողությամբ հանդես եկավ եւ ստացավ առաջին մրցանակը:
Մրցույթից հետո առաջին անգամ Ն. Հախնազարյանը «Արամ Խաչատրյան» համերգասրահում հուլիսի 24-ին ելույթ կունենա Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախմբի (ՀՊՖՆ) հետ (դիրիժոր՝ Էդուարդ Թոփչյան)։ Ծրագրում ընդգրկված կլինի նաեւ Չայկովսկու Ռոկոկո թեմայով վարիացիաները, որի մեկնաբանմամբ էլ թավջութակահարը հաղթել է մրցույթում։
Երեկ հրավիրված ասուլիսում ՀՊՖՆ-ի տնօրեն Ռուզաննա Սիրունյանը հայտարարեց, որ կայանալիք համերգով նվագախումբը փակում է 2010-2011 թթ. համերգաշրջանը։ Էդ. Թոփչյանն էլ, շարունակելով նրա խոսքը, մանրամասնեց. «Իսկապես նշանակալից էին ֆիլհարմոնիկի՝ հայ դասական երաժշտարվեստը ներկայացնող շքեղ երեկոները, որոնք, համոզված եմ, արժանացան ինչպես հայ, այնպես էլ օտարազգի ունկնդիրների ուշադրությանը։ Նարեկի հետ եւ նրա հաղթանակին նվիրված հանդիսությամբ անցնող համերգաշրջանի ամփոփումը այս իմաստով խորհրդանշական է»։
«Առավոտը» Ն. Հախնազարյանից հետաքրքրվեց՝ մրցույթից հետո ինչպե՞ս դասավորվեց հրեա դիրիժորի ճակատագիրը, մանավանդ նշանավոր շատ երաժիշտներ պնդում էին, թե նա արժանի չէ զբաղեցնելու ՌԴ ակադեմիական սիմֆոնիկ նվագախմբի գլխավոր դիրիժորի պաշտոնը՝ նախկինում լինելով ընդամենը կրկեսի նվագախմբի դիրիժոր։ Թավջութակահարը նախ նշեց, թե հաճելի չէ իրեն ուղղված հարցը, որում հոլովվում է Գորնշտեյնի անունը, բայց, այնուամենայնիվ, ասաց հետեւյալը. «Ըստ տարածված լուրերի, նրան ազատել են աշխատանքից»։
Գոյություն ունեն բարոյական խոչընդոտներ, որոնք հաճախ դրվում են երիտասարդ տաղանդների առջեւ, մանավանդ, եթե նրանք ազգային փոքրամասնության ներկայացուցիչ են։ Հարցին, չնայած երիտասարդ տարիքին, ունենալով հեղինակավոր մրցույթների, այդ թվում՝ Կորեայի Geongnam, ԱՄՆ-ի Johansen եւ Երեւանի Ա. Խաչատրյանի անվան դափնիներ եւ համերգային բուռն գործունեություն, իբրեւ հայազգի ներկայացուցիչ հանդիպե՞լ է խոչընդոտների, Նարեկն ասաց. «Վստահ եմ, որ հայ լինելն ավելի ուժ է տալիս։ Ի վերջո, թող ամպագոռգոռ չհնչի, քիչ ենք, բայց՝ որակով»։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել