Լրահոս
Օրվա լրահոսը

ԵՎՐՈՊԱԿԱՆ ՓԱԿՎԱԾ ԴՌՆԵՐԻ ԱՌԱՋ

Հուլիս 23,2011 00:00

«Առավոտ» օրաթերթում (14.07.2011թ.) ԱԺ պատգամավոր Արտակ Զաքարյանը հաղորդել էր ուշագրավ տեղեկություն Ղարաբաղի հարցով Եվրախորհրդարանում ընթացող լսումների մասին, թե ինչպես են տարբեր պետությունների եւ եվրոպական կուսակցությունների պատվիրակները արտահայտել իրենց դիրքորոշումը Ղարաբաղի հարցի վերաբերյալ:

\"\"

Ըստ ներկայացված խճանկարի՝ գրեթե հավասար են եղել հայամետ եւ, մեղմ ասած, ոչ այնքան հայամետ ելույթները: Առանձնակի հուզմունքով էր անդրադարձ կատարվել որոշ պատվիրակների պրոադրբեջանական ելույթներին, որոնք մատուցվել են հակառուսական շեշտադրումներով: Սակայն առավել հավանական է հակառակ պատկերը, որը պարզ երեւում է ներկայացված հոդվածում։ Այդ գործիչներն իրականում Ռուսաստանի դեմ արտահայտվելու խնդիր են ունեցել, որովհետեւ այդ հետամնաց երկիրն օրեր առաջ իրեն անվայել էր պահել Բաշար Ասադի տապալման հարցը լուծելու ժամանակ, որը եվրոպական օրակարգի առաջնային հարցերից է: Նրանք էլ պարզապես օգտվել են պատեհ առիթից եւ մեկ անգամ եւս համերաշխորեն ցույց տվել, որ դատապարտում են Ռուսաստանի ապակառուցողական դիրքորոշումը համաշխարհային գործընթացներում: Եվ ամենեւին հարկ չկա եվրապատվիրակներին կաշառակերության մեջ հանիրավի մեղադրելու համար: Նրանք ոչ թե պրոադրբեջանական ելույթներն են շաղախել հակառուսականությամբ, այլ հակառակը՝ հակառուսական ելույթներն են կառուցել ադրբեջանական դիրքերի վրա: Մի կողմ թողնենք, թե որքան ազնիվ է այդ մոտեցումը: Այն իրողություն է, որի հետ պարտավոր ենք լրջորեն հաշվի նստել, այլ ոչ թե պարզամտորեն ծաղրել:
Ուշագրավ է նաեւ այն, որ պատգամավորի ձեռքով գնդակ է նետվել հայաստանյան ընդդիմադիրների կիսադաշտը: Միգուցե դրածո վարչախմբում կարծում են, որ իրենք՝ օբյեկտիվորեն ի զորու չե՞ն համարժեք արձագանքել այս իրողությանը: Թե՞ իրենց թվում է, որ ընդդիմադիր որոշ ուժեր ընդգծված կամ քողարկված պրոռուսական եւ Ռուսաստանի աջակցությամբ իշխանության հասնելու սին երազներ ունեն, ու նրանց համար պետք է որ պատվի հարց լինի արժանի հուժկու հակահարված տալն այն գործիչներին, ովքեր եվրոպական հարթակներից համարձակվել են հակառուսական ելույթներ տեղայնացնել Ղարաբաղի հարցի հարթության վրա: Ահա այսպիսի խայտառակ խաղի մեջ են ներքաշել երիտասարդ պատգամավորին: Այս հավանական սցենարի զարգացման արդյունքում ավելի է խորանալու Եվրոպայի դարավոր համոզմունքն առ այն, որ Հայաստանը չի ձգտում անկախության եւ հաստատապես մնում է ռուսական գաղութ:
Եթե պետք է եվրոպացիներին ինչ-որ բան ասել, ապա ասելիքը մեկն է. 88-ին սկսված ղարաբաղյան շարժումը լուրջ նշանակություն է ունեցել ԽՍՀՄ փլուզման հարցում ու ճանապարհ հարթել ճնշված ժողովուրդների համար, որոնց մի մասն արդեն դարձել է ԵՄ անդամ: Իսկ Հայաստանի իրական անկախության համար 1960-ականներին սկսված պայքարը գուցե շարունակվի մինչեւ վերջ: Բնական դաշնակիցներ Արեւմուտքն ու Եվրոպան զգուշանում են մեզ լրջորեն աջակցել, ինչպես Մերձբալթիկային, Արեւելյան Եվրոպային, Վրաստանին: Այդ պատճառով է պայքարը Հայաստանում ընթանում դանդաղ, բայց մի օր պսակվելու է հաջողությամբ:
Ղարաբաղի հարցի լուծման բանալին Ռուսաստանի ձեռքում չէ. Կազանը վկա: Եվ օրինաչափ է, որ երիտասարդ պատգամավորը կարեւորում է Ղարաբաղի հարցի խաղաղ կարգավորման գործընթացում եվրոպացի գործընկերների առավել դրական աջակցությունը: Իսկ եթե պատգամավորը ցանկություն ունի, ապա կարող է նաեւ լուծել այդ խնդիրը Նժդեհի օգնությամբ: Հայ ժողովրդի ազատ, անկախ ապրելու իրավունքի համար Նժդեհը կռվել է թուրքերի, ադրբեջանցիների, ռուսների դեմ. սովետական իշխանության կողմից դատապարտվել է այն բանի համար, որ ուզում էր հայ ժողովրդի իրավունքներից մեկը վերականգնել: Եվ ուրեմն, երիտասարդ պատգամավորը կարող է, օգտվելով պատգամավորի օրենսդրական նախաձեռնության իրավունքից, առաջարկել օրինագիծ, որով Գարեգին Նժդեհը հռչակվի Ազգային հերոս, գուցե եւ՝ թիվ մեկ հերոս: Բայց եթե «նժդեհյան գաղափարներով առաջնորդվող» կուսակցությունում այդ քայլն անելու համարձակություն ունեցող այսօր չկա, ապա խայտառակությունից խուսափելու համար պետք է հրաժարական տալ, անցկացնել համապետական ընտրություններ, քվեարկել մեր օգտին ու մանդատներն առանց հեղափոխության զիջել մեզ, իսկ մենք եվրաինտեգրացիան կտանենք այն հունով, որը կապահովի միջազգային հանրության լիարժեք աջակցությունը. ի դեպ՝ նաեւ Արցախի հարցում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել