Ապագա ժուռնալիստները չեն «փայլում»
Երեկ ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետ դիմած 38 դիմորդ բանավոր հաղորդակցության մշակույթ առարկայից քննություն հանձնեց: Սա ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետի վերջին քննությունն էր, մինչ այդ ապագա լրագրողները քննություն են հանձնել հայոց լեզու եւ գրականություն գրավոր եւ ստեղծագործական քննություն:
Ապագա լրագրողներին քննում էին ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետի դասախոսները՝ ԵՊՀ ռադիոհեռուստատեսային ժուռնալիստիկայի ամբիոնի վարիչ Մուշեղ Հովսեփյանը, նույն ամբիոնի դասախոս Մանե Վարդանյանը, ԵՊՀ մամուլի պատմության եւ տեսության ամբիոնի վարիչ Դավիթ Պետրոսյանը: Հանձնաժողովը նախագահում էր ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետի դեկան Նաղաշ Մարտիրոսյան:
«Առավոտը» ներկա գտնվեց բանավոր քննությանը:
38 դիմորդը պայքարում էր ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետի նախատեսած 51 տեղի համար: Նախորդ՝ ստեղծագործական քննությունից ընդամենը երեք դիմորդ չի հաղթահարել դրականի շեմը: Երեկվա քննությունից՝ «Առավոտի» այնտեղ գտնվելու ընթացքում, մեկ դիմորդ կտրվեց, այն էլ՝ հանձնաժողովի անդամները տեղեկանալով, որ առաջին հայտով դիմորդն արդեն ընդունվել է ԵՊՀ սոցիոլոգիայի բաժին, համոզեցին նրան, որ այդ մասնագիտությամբ էլ շարունակի կրթությունը:
Քննության հարցերը դիմորդի՝ լրատվական դաշտի ճանաչողական մակարդակը ստուգելու եւ ընդհանուր գիտելիքները բացահայտելու բնույթ էին կրում: Ըստ Ն. Մարտիրոսյանի, հանձնաժողովը դիմորդին բացահայտելու երկու հնարավորություն ունի՝ հասկանալ նրա պատկերացումները հաղորդում պատրաստելու մասին, թե նա ինչ գրողների, նկարիչների, դերասանների է ճանաչում:
Դիմորդներից մեկը հարցին, թե ի՞նչ տպագիր մամուլ գիտի, պատասխանեց՝ էլեկտրոնային լուրեր: Մեկ այլ դիմորդ էլ՝ ի՞նչ թղթակից-լրագրող ես ճանաչում հեռուստաեթերից, նշեց՝ «Շանթ» հեռուստաընկերության լրատվական մեկնաբան Նվեր Մնացականյանին: Դեռ չբավարարվելով ինքն իր պատասխանից, դիմորդը իր կարծիքը հայտնեց Նվեր Մնացականյանի մասին՝ «Լուրջ մարդ ա, բայց ինձ թվում ա՝ քնած ա»: Նույն դիմորդից հանձնաժողովի անդամները հետաքրքրվեցին, թե ի՞նչ հաղորդումներ է սիրում, պատասխանեց՝ «միայն հայրենասիրական, ժամանցային չեմ հասցնում նայել»:
Դիմորդ Սամվելը իրեն հայտնի լրագրողներից թվեց միայն «Առավոտի» լրագրողների անունները, այդ թվում եւ Աննա Իսրայելյանի: Սամվելը մտածում էր, որ Աննա Իսրայելյանը հայտնի սպորտային մեկնաբան է: Դ. Պետրոսյանը Սամվելից հետաքրքրվեց՝ եթե Շուշիի ազատամարտիկի հետ հարցազրույց աներ, ի՞նչ հարց կտար: Սամվելն էլ պատասխանեց. «ի՞նչ իմաստ ու նպատակ ունեիք պատերազմ գնալուց»:
Դիմորդ Նարինեն ներկայացավ որպես թերթ կարդալ սիրող աղջիկ: Ըստ նրա, թերթում ավելի հեշտ է աշխատելը: Հարցին՝ թերթի ու հեռուստատեսության լրագրողների աշխատանքները ինչո՞վ են տարբերվում, Նարինեն ասաց՝ ոչնչով: Նաեւ կարծիք հայտնեց, թե թերթի լրագրողին օպերատոր է ուղեկցում:
Հանձնաժողովին իր պատասխաններով գրավեց բանակից զորացրված Սիսակ Գաբրիելյանը: Բանավոր քննությունից նա 14 միավոր ստացավ, սակայն հանձնաժողովի անդամ Դ. Պետրոսյանը ճշտեց, որ ստեղծագործական գրավոր քննությանը Սիսակը 1 միավոր է ստացել: «Ցավում եմ, բանավոր խոսքը շատ լավն էր: Ստեղծագործականի սխալները ապշեցրին ինձ՝ «չէ»-ն գրել էր «չե», «գրում եմ»-ը՝ «գրումէմ»…»,- նշեց Դ. Պետրոսյանը:
Քննություն հանձնողների զգալի մասը տղաներ էին, ինչը ուրախացրել էր հանձնաժողովի անդամներին: Ն. Մարտիրոսյանի ձեւակերպմամբ, աղջիկները այս ֆակուլտետ դիմում են զուտ գայթակղությունից. «Նրանք էլ մյուսների պես երազում են ժպիտները դեմքին կանգնել տեսախցիկի առջեւ եւ զրուցակցին ասել՝ պատմեք ձեր հարսանիքից…»:
Ն. Մարտիրոսյանը լրագրողների հետ ճեպազրույցում գնահատեց ապագա լրագրողների գիտելիքների մակարդակը. «Տպավորությունս այնքան էլ լավ չէ: Բանավոր խոսքը գրագետ չէ: Կան ե՛ւ լավ պատասխաններ, ե՛ւ վատ, այնքան որ՝ դիմորդը մի կերպ հաղթահարում է դրականի շեմը: Սակայն նույն կարծիքին չեմ գրավոր՝ ստեղծագործական քննությունից: Այս տարի ստեղծագործական քննության ժամանակ, բարեբախտաբար, Մասիսի լանջերին արյան գետեր չքչքչացին եւ արյան ծովեր չծփացին»:
Ինչպես նշել էինք, դիմորդների մի մասը՝ թե ինչպիսի՞ հաղորդում կամ հոդված կպատրաստեր, պատասխանել էր՝ հայրենասիրական:
Դիմորդների նման հայրենասիրությունը, սակայն, քննության հանձնաժողովի նախագահին կեղծ թվաց: