Լրահոս
Օրվա լրահոսը

«ՇԱՏ HISTORICAL Է» ԵՎ ԱՄԵՆ ՄԱՐԴ STREET-Ի ՎՐԱ

Հուլիս 23,2011 00:00

Սփյուռքահայ երիտասարդները՝ Հայաստանի մասին

\"\"

31 երիտասարդ սփյուռքահայեր Հայաստանում են: Համազգային հայ կրթական եւ մշակութային միության ուսանողական ֆորումի հերթական հավաքն է: Հիմնադրամի նախագահ Լիլիթ Գալստյանը այս ֆորումի ամենակարեւոր նպատակը համարում է հայրենաճանաչությունը: «Փորձում ենք քաղաքացի տեսնել բոլորի մեջ, աշխարհի բոլոր հայերին համարում ենք մեր դեսպանները: Որքան էլ Հայաստանը քաղաքական վայրիվերումների մեջ լինի, սփյուռքը չի դադարում իր մայրենի երկրի, հայրենիքի զգացողությունը ունենալուց»,- ասում է նա՝ հորդորելով բոլորին մեղմ լինել սփյուռքի հետ շփվելիս:
«Առավոտը» հանդիպեց ֆորումի մասնակիցներից մի քանիսի հետ:
Շահան Գունջյանը ԱՄՆ-ից է, Լոս Անջելեսից: «Մայր Հայաստանի» մասին «շատ բաներ» չէր լսել: Հայրն էր, որպես բժիշկ, Սպիտակի երկրաշարժի ժամանակ Հայաստան եկել եւ հետո պատմել: Երիտասարդը Հայաստանի մասին պատկերացում էր կազմել նկարներով՝ լեռներ, քարեր: «Երեւանը ասանկ չէի պատկերացնում: Սիրուն է: Ամեն մարդ street-ի վրան է, Լոս Անջելեսում չկա նման բան»,- պատմում է նա եւ անկեղծանում, որ երբ առաջին անգամ ոտքը դրեց հայկական հողին, իրեն իր երկրում զգաց: Շահանին առաջինը Հայաստանում տաքսու վարորդն էր օդանավակայանում հանդիպել եւ զարմացրել երիտասարդին իր առաջարկություններով: «Տաքսիի վարորդը nice ձեւով ինձ համարը ցույց տվեց եւ ասաց, եթե ես ուզենամ live the forum, կանչեմ իրեն, ըսավ Արագած կերթանք, nice աղջիկներ կտեսնենք»,- ծիծաղում է Շահանը: Լոս Անջելեսում նա համալսարանական է, մասնագիտանում է բիզնես ոլորտում, հետաքրքրվում է սպորտով, համակարգչային տեխնոլոգիաներով եւ աստղագիտությամբ:
Հայաստանյան ֆորումին մասնակցելը, կարծում է, շատ բան տվեց, նոր ծանոթություններ… «Որ գնամ Լոս Անջելես, շատ բան կկարոտեմ, cafe, museum, շատ historical է: Լոս Անջելեսում կասեմ իմ ընգերներիս գան Հայաստան»,- ասում է Շահանը:
Արին Գալուստյանը Լիբանանից է: Հայաստանում նա բանասիրական կրթություն է ստացել: 1998-ից «Համազգայինի» կենտրոնական վարչության  տնօրեն է՝ Բեյրութում: Պատմում է՝ Հայաստան միշտ գալիս է «Համազգայինի» ֆորումի շրջանակներում, երկիրը միշտ հարազատ է իրեն թվում: Ըստ նրա, Հայաստանում հաստատվելը այնքան էլ հեշտ չէ. «Եթե դու այդ երկրում ամեն ինչ՝ տուն, ընտանիք ունես, չես կարող միանգամից մոռանալ ու գալ այստեղ»:
Նարեկ Զայերն էլ ԱՄՆ-ի Կալիֆոռնիա նահանգից է եկել: Ասում է՝ 50 %-ով է հայ, հայրական կողմով՝ արաբ: Մայրը եկել է Հայաստան խորհրդային տարիներին, անընդհատ պատմել է երկրի մասին եւ միշտ ասել, որ պետք է վերադառնան հայրենիք: «Շատ կուզիմ, որ աշխարհի բոլոր հայ երիտասարդները գան Հայաստան, օգնեն, որ զորանա Հայաստանը»,- ասում է նա: ԱՄՆ-ում նա սպորտով է զբաղվում, բասկետբոլիստ է, կարծում է, որ գա Հայաստան՝ կարող է աշխատանք գտնել իր համար: Այստեղ ամենից շատ նրան գրավում է բոլորի հայ լինելը, բայց ցավում է, որ հայրենիքում ավելի քիչ հայ կա, քան սփյուռքում: Որոշել է անպայման հայոց պատմությունը լավ ուսումնասիրել: «Ինձ համար դժվար է, արաբի կողմն էլ կուզի իրա պատմությունը իմանալ, հայի կողմն էլ»,- ասում է: 
Նարե Սահակյանը կենսուրախ կյանքով լի աղջիկ է՝ Իրանից է եկել: Դեռ դպրոցում է սովորում, բայց ակտիվ հասարակական կյանք է վարում,  սկաուտական խմբերի մեջ է: «Առաջին անգամ է, որ այսպիսի մեծ միջոցառման եմ մասնակցում: Տարբեր մարդկանց տեսա, տարբեր գաղափարներով»,- խոսում է նա «Համազգայինի» կազմակերպած ֆորումի մասին եւ հավելում, որ Հայաստանի հետ կապվածություն է զգում: Ցանկություն ունի այստեղ կրթություն ստանալու, դեռ չի որոշել ինչ մասնագիտություն կընտրի, բայց ասում է. «Հիմա մաթեմատիկ եմ ուսումնասիրում, երեւի ինժեներ դառնամ»: Թեհրանը համարում է մեծ, հզոր քաղաք, Երեւանը փոքր է, համեստ, «բայց դուրեկան ա». «Պարսիկներ չկան, օտար չկա, այսինքն՝ ամենը հայ են»: Նարեի մեծ նախասիրություններից են երգը, պարը, այստեղ հասկացել է, որ կարողանում է նաեւ դերասանություն անել:
Ալեքսանդրյան Սեպուհի համար Հայաստանը հիշարժան էր Գեղարդ այցելությամբ: Այստեղ նա 1 տարեկանում կնքվել էր. մայրը հղի ժամանակ Գեղարդում ուխտ էր արել, որ եթե տղա ծնվի, ապա այդտեղ պետք է կնքվի:  «Ինձի համար 21 տարի հետո այնտեղի ջուր խմելը շատ աղվոր զգացում էր»,- ասում Է նա: Պատմում է, որ միշտ ցանկացել է գալ Հայաստան, լավագույն առիթն էլ այս ֆորումն էր: «Երբ օդանավով մտանք Հայաստանի օդերը, աչքերս լցվեցան, չէի հավատա, որ վերջապես հասանք Հայաստան»,- պատմում է նա: Մայրը նրան ասել է, որ ամենահրաշալի բանը Արարատ լեռն է: Մի քանի օր առաջ գնացել էին Խոր Վիրապ, այստեղ էլ մոտիկից հանդիպել էր «առասպելին»: «Մարմինս փուշ-փուշ եղավ: Շատ աղվոր էր»,- ժպտում է Սեպուհը: Հայաստանի մասին նա էլ է նկարներով պատկերացում կազմել, բայց չէր սպասում, որ այսքան գեղեցիկ կլինի: Նա մեկ բան է նկատել Հայաստանում, որ Լիբանանում չկա. հայերը մշակույթ շատ են սիրում.
«Այստեղ անգամ դրամներու վրա արվեստագետներն են, ոչ թե փոլիտիկի մարդիկ»:
16-ամյա Մեթյուն էլ Մարսելից է եկել, անկեղծորեն խոստովանում է՝ հայրենիքն այսպես չէր պատկերացնում, սպասելիքները չարդարացան: «Չէի մտածում, որ Հայաստանում միայն Երեւանի մեջ շենքեր կլինեն»,- ասում է նա: Երիտասարդը դեռեւս դպրոցական է, որոշել է քաղաքականությամբ զբաղվել: Ասում է, երբ քաղաքական գործիչ դառնա, Ֆրանսիայում փորձելու է Հայկական դատը պաշտպանել: Ապագա քաղաքագետը նկատում է՝ Հայաստանում դեռեւս կոմունիստական կարգեր են տիրում եւ գնահատում քաղաքական վիճակը. «Մենք երկու ճակատներով ենք կռվում: Արցախ ունենք, որ պետք է պաշտպանվի զենքով, եւ դիասփորա, որ մենք ենք, ու ունենք սեփական օրենքներ»: Նա էլ է մտածում Հայաստան գալու մասին, բայց հաստատապես որոշել է՝ ապրելու է գյուղում, գետի ափին:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել