Լրահոս
Օրվա լրահոսը

Կամավորները՝ Եղվարդում

Հուլիս 23,2011 00:00

Կապանի տարածաշրջանի Եղվարդ գյուղ Ֆրանսիայից կամավորների խումբ է եկել՝ մասնակցելու գյուղի 18-րդ դարի Սուրբ Աստվածածին եկեղեցու բարեկարգման աշխատանքներին: 14 հոգանոց կամավորների խմբի անդամներից մեկն էլ Անգլիայից է Եղվարդ ժամանել: Գյուղի եկեղեցին 2007թ.-ից վերականգնվում է ֆրանսիական «Երկիր-մշակույթ» կազմակերպության աջակցությամբ, իսկ ամեն տարի այդ աշխատանքներին մասնակցելու են գալիս սփյուռքահայ կամավորները աշխարհի տարբեր վայրերից՝ իրենց մասնակցությամբ ինչ-որ ձեւով օգտակար լինել հայրենի հողին: Խմբի ղեկավար Վահան Քերոբյանի փոխանցմամբ՝ կամավորները, բացի եկեղեցու շրջակայքում բարեկարգման աշխատանքներ անելուց, կմասնակցեն նաեւ Եղվարդից 2 կմ հեռու հայտնաբերված դամբարանադաշտում իրականացվող պեղումներին:
Եղվարդ ժամանած կամավորները գյուղում կմնան մինչեւ օգոստոսի սկիզբը, որից հետո գյուղ կայցելի նոր խումբ: Նախատեսվում է Սուրբ Աստվածածին եկեղեցու շրջակայքի բարեկարգումն ու մնացած աշխատանքներն ավարտին հասցնել մինչեւ օգոստոսի 20-ը, քանի որ գյուղում օգոստոսի 20-ին նախատեսված եկեղեցու վերաօծման եւ վերաբացման արարողությանը ցանկալի է, որ ներկա լինեն աշխատած կամավորները:
Հիշեցնենք, որ անցած տարի Եղվարդ գյուղի Սուրբ Աստվածածին եկեղեցու վերականգնման եւ նորոգման աշխատանքներին մասնակցում էր նաեւ աշխարհահռչակ ռեժիսոր Ատոմ Էգոյանի որդին՝ 16-ամյա Արշիլ Էգոյանը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել