Լրահոս
Օրվա լրահոսը

«ՄԻՆՉԵՎ ԾԱՆՈԹ ՉՈՒՆԵՆԱՍ՝ ԽԱՂՈՂԴ ՉԵՆ ՄԹԵՐԻ»

Հուլիս 23,2011 00:00

\"\"Ըստ խաղողագործների, մեծահարուստները զավթել են շուկան

Խաղողը դեռ չհասունացած, այդ մշակաբույսի արտադրությամբ զբաղվողներն արդեն իրար են անցել. նախ, որ ի չիք են դարձել առատ բերք ստանալու նրանց սպասելիքները, եւ հետո՝ եղածն էլ, խոսքը տեխնիկական տեսակների մասին է, մթերելիս խնդիրներ են ունենում:
Երկրի ղեկավարների հայտարարությունները, թե բերքի մինչեւ վերջին կիլոգրամը կմթերվի, խամրում է վերամշակող ընկերությունների կողմից պայմանագրերի կրճատման, իսկ որոշ դեպքերում՝ նաեւ սառեցման ֆոնին, տարակուսանք հարուցելով հատկապես այն խաղողագործների շրջանում, որոնք մթերող ընկերությունների հետ առաջին տարին չէ, որ աշխատում են եւ տարեցտարի թարմացնում էին պայմանագրերը:
Արմավիրի մարզի Նալբանդյան համայնքի բնակիչ Սամվել Ղազարյանը մի քանի տարի է՝ 8-10 տոննա խաղող է հանձնում Երեւանի կոնյակի գործարանին: Այս տարի, սակայն, մթերման ծավալները կրճատել են՝ 10-ից իջեցնելով 5 տոննայի: «Թե մնացած 5 տոննան ի՞նչ եմ անելու՝ չգիտեմ»,- ասաց խաղողագործը: Վերջինս, սակայն, ի տարբերություն իր գործընկերներից շատերի, իրեն բախտավոր է համարում այնքանով, որ մթերող ընկերությունն իսպառ չի խզել կամ չի սառեցրել պայմանագիրը:
Ուրիշ է մեկ այլ նալբանդյանցու՝ Մնացական Պետրոսյանի դրությունը: Գործարանը հրաժարվում է նրա հետ պայմանագիր կնքել: Ասում են՝ տեղ չունենք: Ճիշտ է՝ Մնացականի աճեցրած խաղողի ծավալները զգալիորեն զիջում են իր հարեւան Սամվելի խաղողին, սակայն մթերել պետք է, բայց ուզող չկա, կան խնդիրներ: Նույն խնդրին նա առնչվել է նաեւ նախորդ տարի ու մի կերպ հաջողել: «Մինչեւ պատգամավոր ծանոթ մեջ չգցես՝ գործդ գլուխ չի գա»,- ասաց:
Արմավիրի մարզի գյուղատնտեսությունն այս տարի վնաս կրեց հատկապես գերխոնավությունից ու կարկուտից: Վնասից անմասն չմնացին նաեւ խաղողի այգիները: Մի շարք համայնքներում կարելի է հանդիպել կարկուտից ամբողջապես տուժած եւ անմիջական հարեւանությամբ՝ հրաշքով փրկված այգիների: Վերջինների տերերը, որոնք բերք ունեն, բայց մթերող ընկերությունների հետ պայմանագիր չունեն, պատրաստվում են դիմել պայմանագիր ունեցող, բայց խաղողի բերքից զրկված գործընկերներին՝ մթերումը նրանց պայմանագրերով իրականացնելու խնդրանքով: «Համ ունեցողի համար լավ կլինի՝ բերքը կհանձնի, համ էլ՝ չունեցողի. պայմանագրային խախտում թույլ չի տա»,- ասաց կարկուտից տուժած այգեգործ Վարուժան Մուրադյանը:
Էջմիածինցի երիտասարդ այգեգործ Արթուր Ինջիղուլյանն էլ, ինչպես նախորդ տարի, այս տարի եւս տեխնիկական սորտի խաղողի առատ բերք ունի: Բայց վերամշակող որեւէ ընկերության հետ պայմանագրային հարաբերությունների մեջ չի մտնում: Խաղողը մթերման է հանձնում գները երկար-բարակ ծանրութեթեւ անելուց հետո: Այս տարի, սակայն, բերքը կորցրած խաղողարտադրողներից մեկին է դիմելու՝ նրա պայմանագրով մթերելու համար: Այգեգործը դժգոհ է վերամշակող ընկերութունների սահմանած գներից: Այս տարվա գները դեռ չգիտի, դեռ մթերման գնի մասին հայտարարություն չի եղել, բայց նախորդ տարիների փորձն աչքի առաջ ունենալով, վստահ է՝ իրեն էլի չեն գոհացնելու: «Մթերման գինը կորոշեն հենց մթերման պահին. օդի մեջ մի թիվ կկրակեն, դու էլ ուզած-չուզած կհամաձայնես: Թե ինչ հաշվարկ են անում, որտեղից են վերցնում էդ թվերը՝ չեմ հասկանում»,- ասաց Արթուրը:
Խաղողագործները զարմացած են վերամշակող ընկերությունների վարած քաղաքականությունից: Ասում են՝ նախորդ տարի, երբ բերքն առատ էր, նոր պայմանագրեր էին կնքում: Իսկ սակավաբերք այս տարում, երբ պահանջարկը պետք է որ ավելի մեծ լիներ, դադարեցնում, լավագույն դեպքում՝ ընտրյալների հետ են պայմանագիր կնքում:
Գյուղոլորտի արմավիրցի մասնագետներից մեկի կարծիքով՝ պատճառը, ըստ ամենայնի, մթերող ընկերությունների՝ պատրաստի ապրանքի իրացման խնդրի մեջ է. «բացի այդ, պետության ղեկավարները, որ վերամշակողների անունից գյուղացիներին անկորուստ մթերում են խոստանում, արդյոք այդ ընկերությունների հետ պայմանավորվածություն ունե՞ն, չէ՞ որ նրանք էլ պետական երաշխիքների ակնկալիք ունեն, արտոնյալ վարկեր են ուզում: Հո հենց այնպես՝ օդի մեջ հայտարարելով չի՞»:
Այգեգործները, սակայն, այդ հարցին իրենց բացատրությունն ունեն: Ասում են՝ 200-300 հեկտար այգիներ ունեցող մեծահարուստները նվաճել են մթերման ողջ շուկան՝ դուրս թողնելով մանր արտադրողին:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել