Երեկ ՀՀ առողջապահության նախարար Հարություն Քուշկյանը եւ ՎիվաՍել-ՄՏՍ ընկերության գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը ներկայացրին շտապ բժշկական օգնության գործակարգավարական համակարգի արդիականացման ծրագիրը, որի իրականացման համար 2011-12թթ. ՎիվաՍել-ՄՏՍ-ը ընդհանուր առմամբ կտրամադրի 85 միլիոն դրամի աջակցություն՝ թվային կապի համար անհրաժեշտ սարքավորումներ ձեռք բերելու, նաեւ՝ դիսպետչերական ծառայության համար անհրաժեշտ թվային ռադիոկապի համակարգի ստեղծման նպատակով: Բացի այդ՝ համակարգի անխափան աշխատանքն ապահովելու նպատակով ՎիվաՍել-ՄՏՍ-ը կտրամադրի իր՝ Հայաստանում ամենաընդարձակ եւ զարգացած 3G/3.5G ցանցը:
Շտապ բուժօգնության արդիականացման շրջանակներում ստեղծվել է արբանյակային վերահսկողության եւ դիսպետչերական համակարգ, որն իրականացնում է շտապօգնության մեքենաների համակողմանի վերահսկողություն՝ ներառյալ ավտոմատ կերպով կանչի գրանցումը, մեքենայի տեղ հասնելն ու հիվանդին համապատասխան բուժկենտրոն տեղափոխելը: Նախ՝ GPS արբանյակների միջոցով որոշվում է մեքենայի աշխարհագրական դիրքը, որից հետո կատարվում է տվյալների հավաքագրում բուժխմբի զբաղվածության, ինչպես նաեւ խմբի տեսակի վերաբերյալ: Մեքենայից ՎիվաՍել-ՄՏՍ-ի 3G/3.5G ցանցերի միջոցով այդ տվյալներն ուղարկվում են կենտրոնական սերվերին: Կանչը ստանալուն պես գրանցվում են բոլոր տվյալները: Դիսպետչերը, մոնիտորին նայելով, որոշում է ազատ մեքենան եւ այն ուղղորդում կանչը սպասարկելու: Ընթացքում GPS եւ 3G/3.5G-ի միջոցով կատարվում է կանչի մոնիթորինգ: Մեքենաներում տեղադրված նավիգատորները թույլ են տալիս վարորդին լուծել հասցեին ամենակարճ ճանապարհով մոտենալու խնդիրը, ինչը թույլ է տալիս նվազագույնի հասցնել շտապօգնությունը «դիմավորելու» անհրաժեշտությունը: Քարտեզի վրա բուժհաստատությունների նախապես նշված լինելը թույլ է տալիս արագ որոշել, թե որ հիվանդանոցն է առավել նպատակահարմար հիվանդի համար: Այս համակարգի ներդրումը նպաստում է կանչի իրականացման օպտիմալացմանը, հիվանդին տեղ հասցնելու ժամանակի կրճատմանը, բուժխմբերի աշխատանքի որակի բարձրացմանը, ինչպես նաեւ թույլ է տալիս էականորեն նվազեցնել վառելիքի ծախսը: «ՎիվաՍել-ՄՏՍ-ը առողջապահության համակարգի կողքին է տեւական ժամանակ: Բավական է նշել ճանապարհային անվտանգության իրազեկման քարոզարշավը, հանրապետության տարբեր մարզերի եւ կենտրոնական հիվանդանոցներին, ծննդատներին եւ ուռուցքաբանության ազգային կենտրոնին ցուցաբերած աջակցությունը, միջազգային բժշկական համաժողովների հովանավորությունը եւ նորարարական լուծումներով՝ համակարգի արդիականացմանը նպաստելու պատրաստակամությունը: Գնահատելի են առողջ հասարակություն ունենալու հարցում ՎիվաՍել-ՄՏՍ-ի ներդրած ջանքերը»,- ասել է նախարարը: