Լրահոս
Օրվա լրահոսը

Համաճարակի մասին լռում են՝ «երկիրը փրկելու համար»

Հուլիս 23,2011 00:00

«Գեղարքունիքի մարզի Ճամբարակ քաղաքում համաճարակ է»,- փաստում է օրերս այնտեղից Երեւան եկած ագրարագյուղացիական միավորման նախագահ Հրաչ Բերբերյանը: Նրա խոսքով, անասունների շրջանում ամիսներ առաջ բռնկված դաբաղ հիվանդության դեմն առնելու համար ոչ մի միջոցառում չի կազմակերպվում, այդ իսկ պատճառով քաղաքում լուրջ իրավիճակ է ստեղծվել: «Պոստերը դրած, փակած է ճանապարհը: Վիճակը լուրջ է»,- ասաց պարոն Բերբերյանը:
Գեղարքունիքի մարզպետարանի սննդի անվտանգության եւ անասնաբուժության բաժնի պետ Կորյուն Բարսեղյանն էլ մեզ հետ զրույցում ասաց. «Ճիշտ են ասում, խնդիրը կա, բայց մեր երկիրը փրկելու համար, որ մեր վրա ճանապարհները չփակեն, չենք կարողանում բարձրաձայնել»: Նրա խոսքով, ամբողջ մեղավորը Սննդի անվտանգության եւ անասնաբուժության պետական տեսչության նախկին պետ Գրիգոր Գրիգորյանն է, ով վերջերս է ազատվել պաշտոնից. «Նրա կողմից աշխատանքները ձախողվել են: 3 ամսվա ընթացքում մատը մատին չի տվել: Նա երեւի հիվանդությունից էլ բան չէր հասկանում: Իր գործունեության ընթացքում միակ բանը, որ արել է՝ պրոֆեսիոնալներին շարքից հանելն ու իր շուրջը բացարձակ տգետներին ու կիսագրագետներին հավաքելն էր»: Նրա խոսքով, մարզի միայն Մարտունի գյուղում դաբաղով վարակված 2 անասուն կա:
Գյուղատնտեսության նախարարությունում էլ, ինչպես միշտ, այսպիսի դեպքերում, փոխնախարարից սկսած մինչեւ շարքային աշխատող, ոչինչ չգիտեին: «Հիվանդության ինչ-որ գրանցված դեպքեր կան, հո դեպքերը չե՞նք հաշվելու, ես տեղեկություններ չունեմ»,- առանց մանրամասնելու, ասաց գյուղատնտեսության փոխնախարար Գրիշա Բաղիյանը: Գյուղատնտեսության նախարարության Սննդի անվտանգության եւ անասնաբուժության պետական տեսչության լրատվական ծառայությունից էլ վստահեցրին, որ կարանտին են հայտարարել կենդանիների անվտանգությունից ելնելով, բայց հիվանդության գոնե մեկ դեպք մինչեւ հիմա չեն արձանագրել:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել