Բողոքող բաժնետերերին հորդորում է ժամացույցների գործարանի տնօրենը
Մի քանի օր առաջ մենք անդրադարձել էինք Գեղարվեստական ժամացույցների գործարանի բաժնետերերի բողոքներին: Նրանք վստահեցնում էին, որ արդեն 15 տարի է՝ իրենք որեւէ եկամուտ չեն ստանում, տարեկան ժողովներին իմանում են, որ գործարանը վնասով է աշխատում, իրենց «ստից թվեր» են ներկայացվում, ու քանի որ 5%-ից պակաս բաժնետոմսեր ունեն, չեն կարողանում աուդիտ կազմել, թղթատարությանը մոտենալ կամ որեւէ տեղեկատվություն ստանալ ընկերության ֆինանսական հաշիվներից: Բողոքի առնչությամբ գործարանի գործադիր տնօրեն Հենրիկ Մելքոնյանը «Առավոտին» պարզաբանումներ տալուց հետո հրավիրել էր մեզ գործարան՝ փաստաթղթերին եւ հաշվապահական գործերին ավելի մանրամասն ծանոթանալու, ինչը եւ մենք արեցինք:
Այսպես. 2010-ի գործունեության տարեկան արդյունքներով՝ գործարանն ունեցել է 8 մլն 604 հազար դրամ եկամուտ, որն առաջացել է վարձավճարներից եւ այլ ակտիվների իրացումից, իսկ ծախսերը կազմել են 10 մլն 485 հազար դրամ: Թե ինչ ծախսեր են դրանք՝ կոմերցիոն գաղտնիք չէ, եւ բաժնետերերը կարող էին ցանկացած հարցման դեպքում ծանոթանալ դրանց մանրամասներին: Վճարվել է աշխատավարձ, սոցվճար, պարտադիր աուդիտի գումարը, գույքահարկ, հողի հարկ, էլեկտրաէներգիայի, ջրի, հեռախոսի վարձավճարներ, դեպոզիտարիայի եւ անվտանգության ծառայության համար վարձը, եւ արդյունքում ծախսը գերազանցել է եկամուտը: Բացի այդ, ֆինանսական հաշվետվության մեջ կա նաեւ 4 մլն 881 հազար դրամ ոչ գործառնական շահույթ, որն առաջացել է կրեդիտորական պարտքի վերագնահատումից: Մեզ հետ զրույցում Հ. Մելքոնյանը բացատրում էր, որ ինքն ընդունում է բաժնետերերի բողոքը, նրանք ունեն բաժնետոմսեր, որոնցից ոչ մի եկամուտ չեն ստանում. «Բայց դրանում որեւէ մեկը մեղավոր չէ: Ինչպես հայտնի է, գործարանը հիմա չի աշխատում, մենք տարածքներ ենք վարձակալությամբ տալիս: Մինչեւ անցյալ տարի ընդամենը 1 վարձակալ ունեինք, ներկայումս էլ 3 վարձակալ կա, ու հազիվ ստացած եկամտով ծայրը ծայրին ենք հասցնում, այնպես չի, որ բարձր աշխատավարձ է նշանակված, միջին աշխատավարձը մոտ 45 հազար դրամ է: Բաժնետերերը պիտի հասկանան, որ եթե գոնե 6 վարձակալ ունենայինք՝ վնասով չէինք աշխատի: Դրանք ստից թվեր չեն, հաշվետվությունները տպագրվում են, հրապարակային են, անկախ աուդիտը հաստատում է դա, եթե որեւէ թիվ չհամապատասխանի իրականությանը՝ ջրի երես դուրս կգա»: Այսօր գործարանը մոտ 8000 քմ ազատ տարածքներ ունի, եւ եթե 1000 քմ տարածքի համար էլ հաջողվեր վարձակալ գտնել, իրավիճակը կփոխվեր, բաժնետերերի տարեկան ժողովներին էլ ստիպված չէին լինի անընդհատ վնաս արձանագրել:
Բողոքող բաժնետերերից մեկը՝ Էլմարինա Մարիկյանը, դժգոհում էր, որ եթե կառույցը 15 տարի շարունակ վնասով է աշխատում, ինչո՞ւ չի լուծարվում, ինքը 31 բաժնեմաս ունի, հիմա խնդրում է, որ տոկոսները, այս տարիների հաշվարկները իրենց պահեն, իրեն տան գոնե 310 հազար դրամ, որը նույն փոխհատուցումը չէ, բայց նույնիսկ դրան չեն համաձայնում: Իսկ գործարանի տնօրենի պարզաբանմամբ՝ եթե բաժնետերը դժգոհ է եկամտից, թող ծախի իր բաժնետոմսը. «Մարիկյանը 1 բաժնետոմսը 10 հազար դրամով է ուզում ծախել, դրա համար էլ առնող չկա, մարդիկ կան՝ 1500 դրամով ծախել են: Ինչ վերաբերում է լուծարելուն, սա ԲԲԸ է, գլխավոր բաժնետերերն են որոշելու, կուզեն՝ կլուծարեն, կուզեն՝ ոչ»:
Ժամանակին Գեղարվեստական ժամացույցների գործարանը երկրում մեծ անուն ուներ, ընկերության կապիտալը թանկ էր գնահատվում, որովհետեւ հարուստ հաստոցային պարկ կար, նորագույն տեխնիկա, մեծ արտադրություն: Իսկ հիմա տեխնիկան այնպիսի թափով է զարգացել, որ գործարանը եթե իր հաստոցները հանի վաճառքի, դա շուկայում միայն ծիծաղ կառաջացնի: Հ. Մելքոնյանի խոսքերով՝ «Մենք պիտի այդ հաստոցները որպես «լոմ» ծախենք, իսկ պատկերացնո՞ւմ եք որոշ բաժնետերեր դրանից ինչ աղմուկ կբարձրացնեն, կասեն՝ մեր լավագույն հաստոցները ջրի գնով ծախեցին: Մինչդեռ այսօր շուկայում այս հաստոցներից մի քանի անգամ ավելի փոքր չափերի, ավելի քիչ ծախսատար, քիչ աղմուկով աշխատող հաստոցներ կան, որոնք նույն ֆունկցիան են կատարում, ու ոչ ոք 2-3 սեղանի չափ մեր հին հաստոցները չի գնի»: Այնուամենայնիվ, Հենրիկ Մելքոնյանը վստահեցրեց, որ եթե իրենց վրա «քար նետողները» քիչ լինեն՝ գործարանը լավ էլ կաշխատի ու եկամուտ կբերի, պարզապես համբերել է պետք: