Անցած շաբաթ՝ հուլիսի 15-ին, «Առավոտն» անդրադարձել էր ՀՀ ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Վոլոդյա Բադալյանի եղբոր՝ գործարար Գագիկ Բադալյանի աշխատակիցների կողմից ՀՀ քաղաքացի Մամիկոն Այվազյանի սպանության գործին, որի առնչությամբ ՀՀ ՔՕ 109-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով՝ «անզգուշությամբ մահ պատճառելը», քրգործ է հարուցվել: Մեկ շաբաթ առաջ այս քրգործի նախաքննությունն իրականացնող ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության քննիչ Սամվել Մաթեւոսյանը մեր հարցին ի պատասխան՝ հույս էր հայտնել, որ այս շաբաթ պարզ կլինի գործով մեղադրյալի հարցը: Երեկ «Առավոտը» ՀՀ ոստիկանության ՀԿԼՎ-ից փորձեց ճշտել՝ կա՞ն արդյոք մարդիկ, ում արդեն մեղադրանք է առաջադրվել, կա՞ն կալանավորվածներ, ձերբակալվածներ կամ կասկածյալներ, եւ արդյոք այդ գործով հարցաքննվե՞լ է Գագիկ Բադալյանը: Պարզվեց, որ բազմաթիվ ականատեսների աչքի առաջ Մ. Այվազյանի նկատմամբ բռնություն կիրառած (ծեծի հետեւանքով նա օրեր անց մահացել էր) անձանցից որեւէ մեկը դեռ ձերբակալված կամ առավել եւս՝ կալանավորված չէ: Դե, նրանք հո ընդդիմադիրներ չեն, որ տեղում կալանավորեն: Ոչ մի տեղեկություն չստացվեց նաեւ Գ. Բադալյանի հարցաքննության վերաբերյալ: Իսկ քրգործի նախաքննությունը, ասացին՝ դեռ շարունակվում է: «Առավոտը» հետամուտ է լինելու այս գործի բացահայտման ու մեղավորներին պատասխանատվության կանչելու հարցում: