Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի գործադիր տնօրեն Թեւան Պողոսյանը մանրամասներ է պատմում այլ 4 հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ՝ հուլիսի 18-ին Անկարայում Թուրքիայի արտաքին գործերի նախարար Ահմեդ Դավութօղլուի եւ նրա տեղակալ Ֆերիդուն Սինիրլիօղլուի հետ հանդիպումների մասին:
– Հանդիպման այլ մասնակիցներից մասնավորապես Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի տնօրեն Ռիչարդ Կիրակոսյանը շատ տպավորված էր դրա անկեղծությամբ, բացությամբ, ինտելեկտուալ մթնոլորտով, «Թուրքիայի ԱԳ նախարարի՝ տարածաշրջանի իմացությամբ եւ տեսլականով»: Հանդիպումը նաեւ Ձե՞զ համար է եղել այդքան տպավորիչ:
– Գաղափարային իմաստով՝ այն, ինչ ասվում է, թե ազնվորեն պատմեցին այդ հանդիպման ընթացքում՝ երեւի այն բաներն էին, որոնք բոլորս էլ գիտեինք ու կարող էինք պատկերացնել, թե նրանք ինչպես են իրենց հաշվարկներն անում: Յուրահատուկ նորության խնդիր մեծ մասամբ չկար: Իրենք մի քանի հարցերի մասին բաց ու անկաշկանդ ասացին, թե ինչ են մտածում, եւ ինչն է նրանց ստիպում այդպես անել:
– Եվ որո՞նք էին այդ հարցերը:
– Օրինակ, թե Լեռնային Ղարաբաղի հարցում ինչու են իրենք նախապայման դնում. քանի որ համարում են, թե տարածաշրջանին խաղաղություն բերելու համար պետք է լուծվի այդ հարցը:
– Այդ փաստարկն առաջին անգամ չէ, որ հնչում է թուրքական կողմից:
– Այո, բայց բացատրում էին, թե ինչու են այդպես համարում, ինչու է դա կարեւոր իրենց համար, եւ այդտեղ խնդիրը ոչ թե այն է, որ Ադրբեջանն է իրենց լավագույն գործընկերը, այլ փորձում են ընդհանուր նայել տարածաշրջանին: Ինչ-որ առումով՝ կարելի է ասել, թե նույնիսկ փորձեցին մեզ բացատրել, թե այդ հարցի նախապայման լինելը պայմանավորված է ոչ թե Ադրբեջանով, այլ ուղղակի իրենց տեսլականով: Բայց դե՝ դա այն է, ինչ իրենք ասացին՝ իրականում մենք կհավատանք կամ ոչ՝ այլ խնդիր է:
– Իսկ այդ պատճառաբանությունը Ձեզ համար համոզի՞չ էր:
– Այդքան էլ չէ: Եվ ես ասացի այդ մասին, որ համարում եմ, թե առանց որեւէ խնդրի՝ գործընթացը պետք է ընթանա առաջ, ու եթե իրենք հարցեր ունեն արծարծելու՝ խնդրեմ, ուղարկեք ձեր դեսպանին, հաստատեք դիվանագիտական հարաբերություններ ու ամեն օր մեզ համոզեք՝ միգուցե այդ ժամանակ գանք ընդհանուր հայտարարի:
– Ինչպե՞ս արձագանքեց Թուրքիայի ԱԳ նախարարը դեսպան ուղարկելու Ձեր կոչին:
– Դա հանդիպման վերջին նախադասությունն էր, որից հետո Դավութօղլուն ասաց, թե ինքն էլ հուսով է, որ դա կլինի ավելի շուտ, քան ուշ:
– Տեղեկատվություն եղավ, թե հանդիպման ընթացքում անդրադարձ է եղել Ցեղասպանության հերքման թուրքական պետական քարոզարշավին: Խնդրեմ մանրամասնեք, թե ինչ քննարկումներ են եղել այդ առնչությամբ:
– Նրանք ներկայացնում էին այն իրավիճակը, թե ինչպիսի փոփոխություններ են այսօր տեղի ունենում Թուրքիայում. իրենք այլեւս չեն ասում, թե ոչ մի բան չի եղել 1915 թվականին, իրենք գիտակցում են, թե եղել են վատ դեպքեր, ու պատասխանատվության ինչ-որ զգացում ունեն պատմության այդ վատ էջերի համար, բայց թող պատմաբանները տան անվանումները կամ իրականության գնահատականը: Այս մոտեցումն էր ներկայացվում, որ եթե տասնյակ տարիներ առաջ Թուրքիան ընդհանրապե՛ս էր մերժում, թե որեւէ բան է եղել՝ հիմա ասում են, որ չէ՛, եղել է ինչ-որ մի բան, եւ ընդունում, հասկանում են, որ վատ բաներ են եղել, բայց արդյոք դա Ցեղասպանությո՞ւն է, թե՞ ոչ՝ իրենց տեսակետով, պատմաբանները պետք է դա քննարկեն: Այսինքն՝ էլի նույն տեսակետը, որը մի քանի անգամ լսել ենք իրենցից: Ուղղակի այդ փոփոխության գաղափարն էր առաջադրվում եւ այն խնդիրը, որ Թուրքիայում ավելի եւ ավելի է բացվում այդ հարցը, քննարկվում, իրենք փորձում են գիտակցել, հասկանալ, տեղեկացնել:
– Դուք էլ շեշտեցիք, թե հանդիպման ընթացքում ասվածը նորություն չէր: Այնուամենայնիվ, ուզում եմ հասկանալ՝ եղե՞լ է այնպիսի տեղեկատվություն, որ հնարավորություն կտար այդ հանդիպումը բնութագրել իբրեւ անկեղծ ու բաց՝ մտքերի փոխանակման տեսանկյունից:
– Նույնիսկ այն կետերը, որոնց վերաբերյալ պայմանավորվեցինք խոսել առանց հղումների՝ այս կամ այն կերպ արդեն արտահայտվել էին մամուլի տարբեր մեկնաբանություններում ու վերլուծություններում: Ուղղակի այս անգամ դա արդեն ասում էր արտգործնախարարը: Այդ իմաստով էր հետաքրքիր: Ու նաեւ, որ ԱԳ նախարարը ժամանակ է գտնում ու հանդիպում 5 ոչ կառավարական կազմակերպությունների հետ: («Մեդիամաքսի» կայքի իր սյունակում Թեւան Պողոսյանը մի մանրամասն էլ է հայտնել. «Հանդիպումն ի սկզբանե նախատեսվում էր հունիսի 18-ին, սակայն տարբեր պատճառներով այն տեղափոխվեց հուլիս: Այն, ըստ էության, անակնկալ էր հայկական խմբի համար, որը Թուրքիա ժամանեց հուլիսի 17-ին՝ մասնակցելու ծրագրի շրջանակներում նախապես մշակված կոնկրետ միջոցառումներին, սակայն հուլիսի 18-ի երեկոյան ծրագիրը փոխվեց: Մեզ հայտնեցին, որ հանդիպելու ենք պարոն Դավութօղլուի հետ».- Ա. Ի.):
Հասկանալի է, որ այս գաղափարի առումով ոչ երկրորդական էին, ըստ իս՝ ամերիկյան ճնշումները, հատկապես, որ Հիլարի Քլինթոնը մեր հանդիպումից ժամեր առաջ էր այնտեղ եւ յուրաքանչյուր հանդիպման ընթացքում անդրադարձել էր այս հարցին: Եվ պետք էր շատ արագ ցույց տալ, որ այսպիսի հանդիպում է եղել: Այլապես հենց հաջորդ օրը թուրքական մամուլը չէր հայտարարի դրա մասին, չնայած առանց հղումների մասին պայմանավորվածությանը: Իրենք իրենց խնդիրների համար էլի ձեռնարկեցին այս հանդիպումը: Մեզ համար այն ուղղակի որպես երեւույթ էր հետաքրքիր, թե կարելի էր լինել այնտեղ ու նաեւ հնչեցնել մեր տեսակետը:
Մի բան էր նաեւ ընկալելի, որ իրենց կողմից ցանկություն կա ինչ-որ երկխոսության գնալու, բայց թե արդյոք այդ երկխոսությունը կբերի՞ պտուղներ, թե՞ կլինի երկխոսություն հանուն երկխոսության՝ ցույց կտան իրենց գործողություններն ու ապագան: Դրա մասին մենք ասացինք մինչ Դավութօղլուի հետ հանդիպումը, երբ զրուցում էինք Սինիրլիօղլուի հետ, թե Հայաստանում կարծիք կա, որ դուք՝ թուրքերդ, չեք փոխվել, մնացել եք նույնը: Եվ ասացինք, որ ապացուցելու համար, թե փոխվել եք՝ քայլեր պիտի ձեռնարկեք ու խնդիրներ լուծեք, իսկ առաջին քայլը պետք է լինի արձանագրությունների վավերացումը: Եթե իրենք իսկապես կլուծեն այդ խնդիրը՝ ուրեմն, մի բան կփոխվի, տեղաշարժ կլինի:
Բայց դրա հետ միասին պետք է ընկալենք, որ այսօր Թուրքիան առաջնայնության իմաստով երկու մեծ խնդրի առջեւ է կանգնած՝ մեկը քրդական խնդիրն է, մյուսը՝ Կիպրոսի: Եվ արդյոք իրենք կընկալե՞ն, որ զբաղվեն միանգամից Հայաստանի հարցով, որը միգուցե ավելի հեշտ լուծելի խնդիր է՝ միայն երկու արձանագրություն են վավերացնելու, ու նոր էջ է բացվելու, իսկ հետո շատ տեխնիկական խնդիրներ են՝ տարբեր ինստիտուտներ իրար հետ բանակցելու են եւ զբաղվելու արձանագրություններում նշված կետերով: Բայց հաշվի առնելով վերոհիշյալ երկու խնդիրների կարեւորությունը Թուրքիայի եւ իր շահերի համար՝ վստահ չեմ, թե իսկապես ուշադրություն կդարձնեն հայկական խնդրի առաջընթացին:
Տեսնենք՝ իրենք հույսեր հայտնեցին, մենք էլ կսպասենք: