Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

ՖԻՇԵՐԸ ՓՈԽԵ՞Լ Է ԿԱՐԾԻՔԸ

Հուլիս 23,2011 00:00

ԵԽԽՎ մոնիթորինգի հանձնաժողովի Հայաստանի հարցերով համազեկուցող Աքսել Ֆիշերը կոալիցիայի հետ հուլիսի 20-ի հանդիպման ժամանակ, ըստ ԱԺ պաշտոնական կայքէջի՝ ԵԽԽՎ ԼՂ հարցով ժամանակավոր ենթահանձնաժողովի մասին ասել էր, թե «ի պաշտոնե մասնակցելով ենթահանձնաժողովի առաջին նիստին, տպավորություն է ստացել՝ ենթահանձնաժողովը գաղափար չունի, թե ինչ հարցով է զբաղվելու»:
Մինչդեռ նույն պրն Ֆիշերը Ստրասբուրգում այդ ենթահանձնաժողովի առաջին նիստից հետո «Ռադիոլուրի» թղթակից Սիրանուշ Մուրադյանի հարցին՝ ի՞նչ կարող է անել այդ հանձնաժողովն առանց հայկական պատվիրակության ներկայացուցիչների, այսպես էր արձագանքել. «Թերեւս հանձնաժողովը կարող է օգնել կողմերին՝ քննարկելու խնդիրը, օգնել Հայաստանին՝ հասկանալու Ադրբեջանի դիրքորոշումը եւ օգնել Ադրբեջանին՝ Հայաստանի դիրքորոշումը հասկանալու: Եվ մենք կարող ենք միայն թերեւս օգնել լավ քննարկում ունենալ՝ խնդրի հետ կապված, բայց եւ չենք կարող քննարկել, եթե երկու պատվիրակություններից մեկը չկա այնտեղ: Դա հայկական պատվիրակության դիրքորոշումն է: Ես կարծում եմ, ավելի լավ կլինի, որ նրանք գան, մասնակցեն այդ հանձնաժողովի նիստերին, քննարկում ծավալվի: Բայց չգալը հենց առաջին նիստին այնքան էլ չեմ կարծում, որ լավ է»: Լրագրողի մյուս հարցին, թե հակամարտության կարգավորման հարցերով զբաղվում է ԵԱՀԿ Մինսկի խումբը, ի՞նչ կարող է անել այդ հանձնաժողովը Մինսկի խմբի առկայության պարագայում՝ Աքսել Ֆիշերը պատասխանել էր. «Եվրոպայի խորհրդում, հանձնաժողովներում մենք ունենում ենք շատ լավ քննարկումներ, մոնիթորինգի հանձնաժողովում, այլ հանձնաժողովներում: Եվ ես մեծ հույս ունեմ, որ ԵԽԽՎ Ղարաբաղի հանձնաժողովում էլ կլինեն լավ, արդյունավետ քննարկումներ»: Իսկ մյուս համազեկուցող Ջոն Պրեսկոտը, որը չէր մասնակցել այդ հանձնաժողովի առաջին նիստին՝ լրագրողի հարցին, թե ինչ կարող է ասել ԼՂ հանձնաժողովի մասին, այսպես էր արձագանքել. «Ոչինչ չեմ կարող ասել, ես չեմ ներգրավվել այդ աշխատանքներում: Ես իմ տեսակետն ասել եմ Հայաստանի վերաբերյալ բոլոր քննարկումներում»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել