Ասում է Ռիչարդ Կիրակոսյանը
Եվրամիությունն ուզում է մեծացնել իր ներգրավվածությունը ղարաբաղյան խնդրում եւ պատրաստ է անհրաժեշտ ֆինանսական միջոցներ տրամադրել՝ կարգավորմանը նպաստելու եւ տարածաշրջանը վերականգնելու համար: Այդ մասին «Ազատություն» ռ/կ-ին տված բացառիկ հարցազրույցում ասել է Եվրամիության ընդարձակման եւ Արեւելյան գործընկերության քաղաքականության գծով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեն՝ միաժամանակ շեշտելով, որ գործող ձեւաչափի՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի փոփոխության հարց չի շրջանառվում: Ասել է թե՝ միջազգային հանրությունն այսօր ընդգծված կերպով շահագրգիռ է ԼՂ հակամարտության կարգավորմամբ, առավել եւս, եթե նկատի ունենանք վերջին 1-2 ամիսներին տարբեր մակարդակներով ու նաեւ գերտերությունների կողմից այս հարցով արված հայտարարություններն ու կողմերին համաձայնության հակելու ջանքերը:
«Առավոտն» այս հարցի շուրջ զրուցեց Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի տնօրեն Ռիչարդ Կիրակոսյանի հետ:
– Ի՞նչ եք կարծում, միջազգային հանրության այս ուշադրության եւ խնդիրը լուծված տեսնելու շահագրգռվածության պայմաններում Կազանին հաջորդելիք հանդիպումն ավելի արդյունավե՞տ կլինի:
– Ես չեմ տեսնում որեւէ հնարավորություն ԼՂ հարցում ինչ-որ լուրջ փոփոխությունների համար:
– Ինչո՞ւ, չէ՞ որ վերջին շրջանում միջազգային հանրությունը ավելի հաճախ է կոչեր անում ստատուս-քվոն փոփոխելու առնչությամբ՝ համարելով, որ այն այլեւս ընդունելի չէ:
– Իմ կարծիքով, դա ակնհայտ է, որովհետեւ, ի հեճուկս դիվանագիտական փորձերի, ոչ մի առաջընթաց չկա այն կետից, որտեղ գտնվում էինք մի քանի տարի առաջ:
– Այդուհանդերձ, ԱՄՆ-ն, Եվրոպան այս տարածաշրջանում, բացի քաղաքականից, նաեւ տնտեսական շահեր ունեն, մասնավորապես՝ էներգակիրների խնդիր, ու, ըստ Ձեզ, նրանք պատրա՞ստ են երկար հանդուրժել իրենց շահերն իրագործելուն խոչընդոտող խնդրի չլուծված լինելու փաստը:
– Իրականում հարցն այն չէ, թե որքանով Արեւմուտքը կամ գերտերությունները կհանդուրժեն ստատուս-քվոն, այլ այն, թե Հայաստանն ու Ադրբեջանը որքանո՞վ դա կհանդուրժեն: Երկու բան հստակ է. առաջինն այն է, որ ԼՂ-ն երբեք չի վերադառնա Ադրբեջանի կազմ, եւ երկրորդ՝ Ադրբեջանն է միակ խնդիրն ու վտանգը տարածաշրջանի կայունության եւ անվտանգության համար, եւ Արեւմուտքի համար հենց սա է խնդիրը:
– Եվ այդ խնդիրն Արեւմուտքը պիտի փորձի լուծե՞լ:
– Այդ հարցն ուղղված է Արեւմուտքին, բայց ես կարծում եմ, որ նրանք պիտի որ ջանան լուծել: Այլ կերպ ասած, ճնշում գործադրեն տարածաշրջանում միակ վտանգի՝ Ադրբեջանի վրա, հասկացնելու նրան, որ խնդիրը ռազմական լուծում չունի:
– Կարծիքներ կան, թե ԵԱՀԿ ՄԽ համանախագահող երկրները շահագրգիռ են ոչ միայն խնդիրը ռազմական ճանապարհով չլուծելու, բայց նաեւ առկա ստատուս-քվոն պահպանելու հարցում: Այդ հարցում նույն դիրքորոշումն ունեն նաեւ Հայաստանն ու Ադրբեջանը: Դուք համամի՞տ եք այս դիտարկումների հետ, եթե նկատի առնենք, որ դա պիտի որ հակասի տարածաշրջանում այդ երկրների տնտեսական շահերին:
– Եվ այո, եւ ոչ: Ընդհանուր առմամբ ստատուս-քվոն թույլ է տալիս ե՛ւ Արեւմուտքին, ե՛ւ Ռուսաստանին ներգրավված լինել տարածաշրջանում, բայց միաժամանակ ստատուս-քվոն նաեւ վտանգ է ներկայացնում նրանց շահերի համար: Բայց մինչեւ հիմա մենք շատ հուսադրող բաներ չենք տեսել, ու խնդիրն ամենեւին էլ Ռուսաստանը կամ Արեւմուտքը չեն: Խնդիրն Ադրբեջանն է, որը այն միակ վտանգն է եւ միակ խափանիչ ուժը, որ կարող է խոչընդոտել խնդրի լուծմանը:
– Այդ դեպքում ի՞նչ լծակներ կան Ադրբեջանի վրա ազդելու, եթե միջազգային հանրությունը իսկապես ուզում է ԼՂ հարցը լուծված տեսնել:
– Մեկ օրինակ բերեմ. եթե Ադրբեջանը միակ վտանգն է տարածաշրջանային անվտանգության համար, ապա Ռուսաստանը եւ Արեւմուտքը պետք է Ադրբեջանի համար զենքի արգելք սահմանեն եւ թույլ չտան որեւէ երկրի Ադրբեջանին զենք վաճառել: Սա մի օրինակ է, որի օգնությամբ կարող է նվազեցվել պատերազմի վտանգը՝ ստիպելով Ադրբեջանին կախված մնալ հարցի դիվանագիտական լուծումից: Բայց մինչեւ հիմա այս հարցում քաղաքական կամք չի դրսեւորվել: Ադրբեջանում էլ քաղաքական կամք չունեն՝ գիտակցելու, որ տանուլ են տվել պատերազմը եւ հավերժ կորցրել են Ղարաբաղը:
– Մեր երկրում ներքաղաքական վիճակն ինչպե՞ս կարող է ազդել ԼՂ հիմնախնդրի լուծման վրա:
– Իշխանության եւ ընդդիմության միջեւ երկխոսությունը կարեւոր քայլ էր, եւ դա ետ է պահում շատ երկրների՝ Լեռնային Ղարաբաղի հարցում ճնշում գործադրելու Հայաստանի վրա: Ուստի՝ Հայաստանն ավելի ուժեղ դիրքերում է այս արտաքին ճնշմանը դիմակայելու համար: Բայց եթե նույնիսկ վերադառնանք Կազանին, ապա ես չեմ տեսնում որեւէ հնարավորություն ԼՂ հարցում ինչ-որ լուրջ փոփոխությունների համար: