Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

ԵՐԿԽՈՍՈՒԹՅՈՒՆՆ ԱՅԼԸՆՏՐԱՆՔ ՈՒՆԻ

Հուլիս 23,2011 00:00

\"\"ՀՀՇ վարչության նախագահ Արամ Մանուկյանը, սակայն, հույս ունի,  որ այլընտրանքի անհրաժեշտությունը չի առաջանա:

– Հայ ազգային կոնգրեսի ներկայացուցիչները, վերլուծելով ընդդիմադիր քաղաքական դաշտը, մշտապես հայտարարել են, որ այդ ընդդիմադիր ուժերը կառավարելի են իշխանության կողմից: Այժմ, երբ իշխանությունը որոշեց այնուհանդերձ մեկ սեղանի շուրջ նստել ՀԱԿ-ի հետ, սա չի՞ նշանակում, որ ՀԱԿ-ն էլ է հավակնում դառնալ կառավարելի ընդդիմություն:
– Ձեր հարցը վիրավորանք է ՀԱԿ-ի նկատմամբ, որովհետեւ ՀԱԿ-ը ժողովրդի երեք-չորս տարվա պայքարի եւ տառապանքի հաշվին է հասել այն վիճակին, ինչն այսօր կա, եւ իշխանության բարեհաճության շնորհիվ չէ, որ այսօր երկխոսություն է իրականացվում:
– Ամսի 26-ին կայանալու է ՀԱԿ-ի եւ իշխանության պատվիրակությունների երկրորդ հանդիպումը, Կոնգրեսում արդեն քննարկվե՞լ է, Դուք տեղյա՞կ եք՝ ի՞նչ օրակարգի շուրջ է լինելու հանդիպումը:
– Մեր օրակարգը վաղուց հայտնի է, հանրահավաքում հայտարարվել է, ժողովուրդը գիտի՝ մենք ունենք օրակարգային մեկ հարց՝ արտահերթ ընտրություններ:
– Եթե ՀԱԿ-ի ներկայացրած մնացյալ պահանջների կատարման վերաբերյալ իշխանավորներն անընդհատ կրկնում են, որ լուծելի հարցեր են, ապա արտահերթ ընտրությունները կամ բացառում են, կամ, լավագույն դեպքում, ասում են, որ պատրաստ են քննարկել այդ հարցը՝ իրենց հակափաստարկները ներկայացնելու համար: Եթե արտահերթ ընտրությունների պահանջը չկատարվի՝ ՀԱԿ-ը դուրս կգա՞ երկխոսությունից:
– Մենք մեր օրակարգը հայտարարել ենք եւ ասել ենք, որ պատրաստ ենք լսել նաեւ իշխանության առաջարկները: Դուք մի քիչ խեղաթյուրում եք մեր երկխոսության փաստերը: Իրենք ոչինչ չեն բացառում, մենք էլ ասում ենք, որ պատրաստ ենք լսել նաեւ նրանց առաջարկները: Երկխոսությունը լինում է երկու կողմից, եւ յուրաքանչյուրն էլ իր ասելիքը պետք է ունենա՝ եթե վարում ենք քաղաքակիրթ երկխոսություն, եւ եթե իսկապես ուզում ենք, որ երկխոսություն լինի: Իսկ ես հույս ունեմ, որ դա այդպես է: Միայն մեր կողմից կարող եմ ասել, որ մենք ուզում ենք, որպեսզի երկխոսությունը կայանա, բանակցությունները գան կոնկրետ արդյունքի:
– Ամսի 26-ի հանդիպման տեղը, ժամը Կոնգրե՞սն է առաջարկել:
– Ես չեմ կարծում, թե դա կարեւոր է, նույնիսկ ինքս չեմ հարցրել, թե ով է առաջարկել: Ինձ համար բովանդակությունն է կարեւոր, երկխոսության իրական արդյունքը, որովհետեւ այդ արդյունքից մեր երկիրը կարող է շահել: Մանրամասները, էդպիսի փոքր բաները, տեխնիկական կողմերն ինձ չեն հուզում:
– Պարզապես առաջին հանդիպումից հետո ՀԱԿ-ի տարածած հինգ կետանոց հայտարարության մեջ Կոնգրեսը շեշտադրում էր կատարել հենց այդ մանրամասների վրա:
– Մենք գրել էինք, եւ շատ լավ է, որ իշխանությունն ընդառաջ եկավ եւ փոխեց հանդիպման վայրը: Բայց այդ հայտարարության մեջ մենք դա չէինք ներկայացրել որպես ուլտիմատում, եւ եթե չլիներ այդ փոփոխությունը, կամ հանդիպումն ուրիշ տեղ լիներ, մենք երկխոսությունից դուրս կգայինք: Ընդունեք այսպես. մեզ համար իրավիճակի ծայրահեղ լինելն է ստիպել երկխոսության գնալ: Հայաստանի առջեւ այսօր կանգնած են ահավոր բարդ խնդիրներ, լուրջ մարտահրավերներ՝ ներքին, արտաքին, որոնց բացասական ելքերի դեպքում կարող է երկիրը կործանվել: Եվ այս դեպքում փոքրիկ տեխնիկական տարրերը կարեւոր են, բայց որոշիչ չեն: Մենք պահանջներ ներկայացնելու ենք, մեր ասելիքն ասելու ենք, մեր ծրագիրն առաջ ենք տանելու, ու նպատակը մեկն է՝ քաղաքական իրավիճակի լուծումներ գտնել, եւ այս դեպքում փոքր փոխզիջումներ կարող են լինել, իհարկե՝ հիմնական թեմայից չշեղվելով:
– Վերլուծելով ՀԱԿ-իշխանություն առաջին հանդիպումը՝ քաղաքական շատ ուժերի ներկայացուցիչներ ամենատարբեր որակումները տվեցին՝ «մի բարձի ծերանաք», «շոու», «զավեշտ»…
– Լուրջ չեմ վերաբերվում այդ գնահատականներին: Այդ ուժերն ունեին հնարավորություն պառլամենտում իրենց ասելիքն ասելու, իրենց ծրագրերը ներկայացնելու: Ամբիոն ունեին այս ամբողջ տարիների ընթացքում՝ բարի լինեին օգտագործելու: Ապա՝ այդ նույն ուժերին մենք բազմիցս՝ տարբեր մարդկանց ելույթներում, կոչերի մեջ դիմել ենք համագործակցելու, լինելու ժողովրդի կողքին: Երեք տարի մենք էդ քարոզն ենք արել, այդ կոչերն ենք արել. թող գային՝ կանգնեին ժողովրդի կողքին, հանրահավաքներին ու մասսայական միջոցառումներին մասնակցեին: Ումի՞ց են բողոքում, ի՞նչ են բողոքում: Այդ բողոքները բարդույթի արդյունք են:
– Հնարավոր համարո՞ւմ եք, որ աշնանը իշխանությունն այնուհանդերձ գնա արտահերթ խորհրդարանական ընտրությունների՝ ԼՂՀ հարցում պարտադրվող լուծումներից խուսափելու եւ ժամանակ շահելու նկատառումով: Արդյոք սա՞ էր երկխոսության գնալու հիմնական պատճառը:
– Հայաստանի ձախողումները մի ամբողջության մեջ են՝ եւ տնտեսությունը, եւ սոցիալական իրավիճակը, եւ արտագաղթը, եւ արտաքին ճնշումները, եւ տարածաշրջանային խնդիրները, եւ Ղարաբաղը. որեւէ մեկը ես չեմ ուզում առանձնացնել: Իսկապես Հայաստանը եւ Հայաստանի իշխանություններն այսօր ձախողված վիճակում են, որեւէ մեկն առանձնացնել որպես դոմինանտ շարժառիթ՝ երկխոսության գնալու, չեմ գտնում: Համալիր խնդիրներ են, որոնք լուծելու համար երկխոսության անհրաժեշտություն կա: Օր առաջ Հայաստանը փրկելու կարիքը կա, եւ իշխանությունը, կարծում եմ, հույս ունեմ՝ համարեք լավատեսություն, զգացել է իրավիճակի բարդությունը, եւ գալիս են ընդառաջ՝ խնդիրները լուծելու: Դա խոհեմություն է, իրավիճակի ճիշտ գնահատում է: Ես լավատես եմ՝ երկխոսությունը կբերի հանգուցալուծման: Մենք մեր լուծման տարբերակն ունենք, եւ իշխանությունն էլ շատ լավ գիտի, որ կա նաեւ երկրորդ տարբերակը: Երկխոսությունն ունի այլընտրանք:
– Ո՞րն է:
– Իրենք մեզնից լավ գիտեն: Ժողովրդի ճնշումն է: Ժողովրդի կամքով խնդիրների լուծումը: Ժողովուրդը պատվիրակել է այդ մարդկանց՝ խնդիրները լուծելու, այդ մարդկանց չկարողանալու եւ իշխանության մերժելու դեպքում ժողովուրդը կմիացնի խնդիրների լուծման իր երկրորդ մեխանիզմը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել