Լրահոս
Օրվա լրահոսը

Ի՞ՆՉ ՊԱՏԱՍԽԱՆ Է ՈՒՂԱՐԿՎԵԼ ՄՈՍԿՎԱ

Հուլիս 23,2011 00:00

ՌԴ նախագահի ուղերձին երեկ պատասխանել է ՀՀ նախագահը

\"\" \"\"

Կազանյան աղմկահարույց հանդիպումից հետո ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդեւը ղարաբաղյան խնդրի կարգավորման վերաբերյալ ուղերձ հղեց Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահներին: Այդ ուղերձը հուլիսի 7-ից 8-ը Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարներին էր փոխանցել ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը: Եվ արդեն հուլիսի 17-ին Մոսկվա կատարած պաշտոնական այցի ընթացքում Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը շտապեց Ռուսաստանի նախագահին հանձնել վերոհիշյալ ուղերձին Իլհամ Ալիեւի պատասխանը: Մեր երկրի նախագահը միայն երեկ արեց այդ բանը: ՀՀ նախագահի մամուլի խոսնակ Արմեն Արզումանյանը երեկ տարածեց հաղորդագրություն այն մասին, որ Սերժ Սարգսյանը պաշտոնապես պատասխանել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման վերաբերյալ առաջարկություններով Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւի ուղերձին: Ընդ որում, Արմեն Արզումանյանը չի բացահայտել պատասխանի բովանդակությունը եւ չի մանրամասնել, թե ինչ միջոցով է այն փոխանցվել Ռուսաստանի նախագահին: Սա որոշ մեկնաբանությունների տեղիք տվեց: Մեկը նկատեց, թե այ, սա է հայի հետին խելքը, մյուսը, թե՝ պատասխանի ձգձգումը մեր օգտին չի կարող լինել, եւ այս կարգի այլեւայլ մեկնաբանություններ: «Ա1+»-ը երեկ փորձել է ԱԳՆ մամուլի ծառայությունից ճշտել՝ արդյոք պատասխան ուղերձը նախարար Էդվարդ Նալբանդյա՞նն է տարել Մոսկվա, արտգործնախարարության մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը հրաժարվել է մեկնաբանել Սերժ Սարգսյանի պատասխանի հետ կապված հարցը, ասելով. «Դա մի երկրի նախագահի ուղերձ էր մյուս երկրի նախագահին, եւ հետեւաբար՝ դրա պատասխանն էլ պետք է արվի նախագահի մակարդակով»:
Մենք երեկ փորձեցինք քաղաքական ուժերի ներկայացուցիչների միջոցով պարզել, թե ինչ կարող է գրված լինել ՀՀ նախագահի պատասխանում, եւ արդյոք այդ պատասխանը հենց ա՞յն է, ինչ պետք է լինի:
ԲՀԿ խմբակցության պատգամավոր, ԱԺ տնտեսական զարգացման հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ Վարդան Բոստանջյանը երեկ մեր խնդրանքով մեկնաբանելով, թե ինչ կարող է պատասխանած լինել Հայաստանի նախագահը Ռուսաստանի ուղերձին, ասաց. «Բոլոր դեպքերում դա Բոստանջյանի կողմից կարող է ներկայանալ անշնորհակալ գործ՝ առաջ ընկնելը եւ հանրապետության նախագահին մեկնաբանելը, ենթադրելը կամ կանխագուշակելը, թե ինչ կլինի պատասխանը, բայց մի բանում համոզված եմ, որ այդ պատասխանն ամենայն հավանականությամբ պետք է բխի մեր երկրի շահերից, հասարակության շահերից եւ պետք է լինի միջազգային հանրության կողմից արդեն ամրագրված սկզբունքներից: Հիմա դա կանվանենք մադրիդյան, թե այլ սկզբունքներ, կարեւոր չէ, բայց կարեւոր է, որ դրանք հաշվի են առնում միջազգային հանրության նկատառումները, մոտեցումները, հաշվի են առնում մեր երկրի շահերը եւ ուղղված են հիմնախնդրի խաղաղ ճանապարհով լուծմանը»:
«Ժառանգություն» խմբակցության անդամ, ԱԺ պատգամավոր Արմեն Մարտիրոսյանը համոզված է, որ Սերժ Սարգսյանի պատասխանը Մեդվեդեւին, իհարկե, կարեւոր է, սակայն առավել կարեւոր է ոչ թե այն, թե ինչ է ակնկալում Մեդվեդեւը, այլ այն, թե ինչ պատասխան է ակնկալում մեր ժողովուրդը. «Ուստի, եթե այդ պատասխանը կլինի մեր ժողովրդի ցանկությունների շրջանակում, ապա, կարծում եմ, հասարակության կողմից դրական գնահատականի կարժանանա, իսկ եթե թեկուզ մի փոքր շեղում լինի այդ հասարակական եւ համաժողովրդական պահանջից, բնականաբար, այդ պատասխանը չի ընդունվելու: Իսկ դա նշանակում է, որ եթե ցանկացած պահի կփորձեն խնդիրը լուծել՝ առանց հաշվի առնելու հայ ժողովրդի պայքարը եւ իրական ցանկությունները, բնականաբար, այդ լուծումը չի կարող կյանքի կոչվել: Իսկ, ընդհանրապես, կարծում եմ, Սերժ Սարգսյանը շատ ավելի ճիշտ կվարվեր, որ այդ պատասխանը կառուցեր ստրասբուրգյան իր ելույթին համահունչ, եւ այժմ էլ այդ նույն ելույթի ոգուն համահունչ՝ հասարակությանը ներկայացնի, թե դրանք ինչ առաջարկներ են, ինքը ինչին է համամիտ եւ ինչին՝ ոչ, Կազանում ինչ առաջարկվեց, որին ինքը համաձայն էր, Ալիեւը՝ ոչ. այ, այս դեպքում մեզ համար եւս պարզ կլինի, թե մեր երկրի իշխանությունները ինչ լուծման են գնում»:
Երեկ, երբ տարածվեց տեղեկատվություն այն մասին, թե Սերժ Սարգսյանն արդեն պատասխան է ուղարկել Մեդվեդեւին, ոմանք սկսեցին չարախոսել, թե քանի որ Ալիեւն ավելի վաղ էր պատասխանել Մեդվեդեւին, նշանակում է՝ ինքն ավելի հաստատակամ է իր պատասխաններում եւ դիրքորոշումներում: Մենք հետաքրքրվեցինք՝ արդյոք ընդդիմադիր խմբակցության պատգամավորը ե՞ւս այդպես է մտածում: Արմեն Մարտիրոսյանը հակառակ կարծիքի էր. «Ես կարծում եմ՝ վերջին պատասխանողը միշտ ավելի շահեկան վիճակում է լինում, համենայնդեպս, գոնե մինչ իր պատասխանը՝ վերջին պատասխանողը կարող է իմանալ, թե իր նախորդն ինչ է պատասխանել»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել