Կառավարության որոշմամբ էապես հեշտացել է վարորդական իրավունքների ստացման կարգը: Վարորդների թեկնածուներն այլեւս չեն ներկայացնի բժշկական տեղեկանքը՝ «պսիխո»-ն: Վարորդի առողջական վիճակի վերաբերյալ տեղեկություն ստանալը գործադիրը դարձրել է ճանապարհային ոստիկանության խնդիրը:
«Հոգեբուժական եւ նարկոլոգիական բժշկական հաստատություններում անձի հաշվառված լինելու հարցն այլեւս կպարզի ճանապարհային ոստիկանությունը: Այս հաստատությունների կողմից յուրաքանչյուր ամսվա մեկին եւ տասնվեցին կտրամադրվի հաշվառված անձանց ցանկը»,-տեղեկացրեց ՀՀ ճանապարհային ոստիկանության հաշվառման քննական եւ տրանսպորտային միջոցների տեխնիկական փորձաքննության բաժանմունքի պետ, ոստիկանության փոխգնդապետ Արթուր Տոնոյանը:
Նախկինում հարազատների օգնությամբ մեքենա վարել սովորած քաղաքացիների համար նույնպես պարտադիր էր համապատասխան ուսումնական հաստատության (խորհրդային տարիներին ԴՕՍԱԱՖ էր կոչվում) ավարտական վկայական ունենալը: Այսօր դա պարտադիր պայման է միայն մարդատար կամ բեռնատար մեքենաներ վարելու իրավունք ստանալու համար: Փորձառու վարորդները A, B, C կարգերի եւ A1, B1, C1 ենթակարգերի տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքի համար կարող են միանգամից ներկայանալ քննության, իհարկե, պետտուրքի անդորրագրով, դիմումով եւ անձնագրով: Վարորդական իրավունքի վկայականն ունենալու համար այսօր անհրաժեշտ է վճարել ընդամենը 28 հազար դրամ, որից 10 հազարը մատուցվող ծառայությունների, 3 հազարական դրամները՝ տեսական ու գործնական քննությունների համար է: Դրանց հաջող ավարտի դեպքում հարկ է վճարել եւս 12 հազար դրամ վկայականի համար:
Մյուս նորությունն այն է, որ գործնական քննության ժամանակ վարորդի թեկնածուն կարող է վկա ունենալ, ով կարող է հետեւել քննական գործընթացին՝ առանց միջամտելու իրավունքի: Մինչեւ ճանապարհային ոստիկանության ավտոհրապարակի կառուցումն ու հատուկ «քննական» մեքենաների ձեռքբերումը, գործնական քննությունը կկատարվի իրական երթեւեկության պայմաններում՝ վարորդի թեկնածուի մեքենայով, այստեղ միակ պահանջն այն է, որ հաղորդակը մեխանիկական լինի:
Մեկնարկել է ավտոմեքենաների տեխզննման նոր գործընթացը
Հուլիսի 1-ից մեկնարկել է նաեւ տեխզննման նոր գործընթացը: Վարորդներն այլեւս տեխզննման կտրոն ձեռք բերելու համար տեխնիկական կայան չեն գնա, վճարումներ կկատարեն բանկերում, այդտեղ իսկ ձեռք կբերեն տեխզննման կտրոնները, որից հետո՝ դարձյալ բանկից վերցված մյուս կտրոնով՝ տարվա ընթացքում իրենց հարմար ժամանակ կդիմեն իրենց նախընտրած տեխզննման կայան: Կառավարության նպատակն այս փոփոխությամբ այն է, որ վարորդները տեխզննման կայաններին տարբեր չափերի ավելորդ գումարներ չվճարեն, իսկ տեխզննման կայանները՝ մրցակցության ուժով անցնեն որակյալ սպասարկման:
Հիշեցնենք, նախկինում քաղաքացին ամեն տարի անցնում էր մի պարտադիր գործընթացով, որը որակապես հիմնականում որեւէ կերպ չէր անդրադառնում իր մեքենայի վրա, այլ միայն 5-7 հազար դրամ պարտադիր վճար էր ենթադրում այս կամ այն տեխզննման կայանում:
Կառավարության այս որոշումը նպատակ ունի նաեւ նպաստելու տեխզննման կայանների միջեւ մրցակցության առաջացմանը: Այն, որ վարորդներն այլեւս իրենց «քմահաճույքով» կընտրեն իրենց տեխզննման կայանը, ստիպելու է վերջիններին, որպեսզի նրանք որակյալ ծառայություններ առաջարկեն, քանի որ կայանների ֆինանսներն այժմ գոյանալու են բացառապես վարորդների կտրոններից, որոնց համար, հիշեցնենք, վճարումն արդեն իսկ կատարված էր լինելու բանկերում: