Պատվերով թամադաների պահանջարկը մեծացել է
Վերջին տարիներին հարսանեկան, ծննդյան, մկրտության արարողություններ կազմակերպելիս պարտադիր պայման է դարձել նաեւ հատուկ թամադա հրավիրելը, առանց որի՝ ստացված, հաջողված տոն մենք չենք պատկերացնում:
Եթե նախկինում թամադայի պարտականությունները կատարում էին հարսանքավորները, այսօր այդ հարցը հեշտությամբ լուծվում է փորձառու, մոդեռն թամադաներ տրամադրող կազմակերպությունների միջոցով:
Հայաստանում թամադա գտնելն այնքան էլ դժվար չէ: Ով կարողանում է մի քիչ գրագետ խոսել, իրեն թամադա է հռչակում: Սակայն ինքնակոչ թամադաները չգիտեն, որ այդ մասնագիտությունն առանձին եւ երկար տարիների փորձ է պահանջում:
Երեւանի փողոցներով քայլելիս հաճախ կարելի է հանդիպել պատերին փակցված հայտարարությունների, որոնք տրամադրում են «պատվերով թամադաներ, հանդիսավարներ»:
Նման ծառայությամբ է զբաղվում նաեւ «Ակունք» միջոցառումների կազմակերպման կենտրոնը: Այստեղ առաջարկվում են «լավ» թամադաներ, հանդիսավարներ, հեքիաթների հերոսներ, հարսանեկան ատրիբուտների պատրաստություններ՝ «Լիմուզինի», եկեղեցիների զարդարումներ: Բայց հիմնական շեշտը դրված է թամադաների ծառայության ապահովման վրա:
Կենտրոնի տնօրեն Սյուզաննա Գաբրիելյանի հետ զրույցում պարզեցինք, որ մեր օրերում թամադաները մեծ պահանջարկ ունեն. «Վերջին 4-5 տարիներին թամադաների պահանջը մեծացել է, քանի որ հարսանիք կամ այլ միջոցառում կազմակերպողները գիտակցում են, որ այդ արարողության ամբողջ ընթացքը իրենք չեն կարող ղեկավարել եւ գեղեցիկ վարել: Սա էլ հիմք է հանդիսանում, որ մասնագետներ հրավիրեն»:
Ըստ նրա, չնայած թամադաներից պահանջվում է դերասանի վարպետություն, բայց նրանց մեծ մասը այլ մասնագիտությունների տեր մարդիկ են. «Օրինակ, մենք համագործակցում ենք տեխնիկական կրթություն ունեցող թամադաների հետ: Նրանք բացառություններ են, քանի որ ունեն շատ լավ արտասանություն, առոգանություն, խոսք: Նրանց միայն մնում է ծանոթացնել թամադայության նոր ձեւերին: Այլ մասնագիտություն ունեցող թամադաները հիմնականում ավագ սերնդի ներկայացուցիչներ են: Նրանք վարպետորեն տիրապետում են նորամուծություններին, այդ ամենը զուգակցելով հայկական բոլոր ավանդույթներով: Այսինքն՝ լսելով, ընդունելով երիտասարդների պահանջները, կարողանում են ճիշտ եւ հասկանալի անցկացնել ավանդույթները, օրինակ՝ տարոսիկների բաժանումը, փեսայի գոտիի կապումը, հարսի ծաղկի նետումը եւ այլն»:
Ս. Գաբրիելյանը նշում է՝ հայերն արդեն բացառապես վստահում են թամադաներին. «Ի դեպ, կան նաեւ կին թամադաներ, որոնք նույնպես մեծ վստահություն են վայելում հասարակության շրջանում: Ճիշտ է, մեր մենտալիտետից ելնելով՝ մարդկանց մեծ մասը գտնում է, որ սխալ է կին թամադա ունենալը, բայց փորձը ցույց է տվել, որ կին թամադան էլ շատ լավ կարող է այդ գործը անել, հարսանիք կազմակերպողներն ավելի շատ նրանց են վստահում, քան տղամարդկանց»:
Ս. Գաբրիելյանի բնութագրմամբ, թամադայի առկայությունը հարսանեկան եւ նման այլ միջոցառումների ժամանակ՝ ուղղակի պարտադիր է. «Նա գիտի՝ երբ պետք է մատուցվի ուտելիքը, երբ է նպատակահարմար հարսի պարը կազմակերպելը կամ կնունքների, ծնունդների ժամանակ որ կենացը երբ պետք է ասվի: Մի խոսքով՝ ողջ արարողության հոգսն ընկնում է թամադայի վրա»:
Հետաքրքրվեցինք, հարսանիքից բացի ո՞ր արարողությունների ժամանակ են հայերը դիմում թամադայի ծառայությանը: Նրա խոսքով՝ արդեն գրեթե բոլոր մեծ կերուխումերի ժամանակ. «Ցանկացած ծնունդ, կնունք, հավաքույթի ժամանակ, որն անցնում է 50-60-ից ավելի հյուրերով, թամադայի ծառայությանն են դիմում: Նման արարողությունների ժամանակ թամադաներին անվանում ենք հանդիսավար, քանի որ հիմնականում վարում են միջոցառումը»:
Պարզվում է՝ թամադան նաեւ վեճեր հարթեցնող է: Մեր զրուցակցի ձեւակերպմամբ, հայկական խնջույքների ժամանակ վեճերից, տարաձայնություններից խուսափել ուղղակի անհնար է լինում. «Թամադայի պարտականությունները շատ ծանր են, որովհետեւ մի քանի բաժակից հետո, եթե կան մարդիկ, որոնք չեն կարողանում տիրապետել իրենց, ցանկանում են միկրոֆոնը վերցնել թամադայի ձեռքից, իրենց կենացներն ու ճառերն ասել: Այստեղ պահանջվում է պրոֆեսիոնալիզմ, որ այդ հարցերը արագ հարթվեն: Օրինակ, մեր կենտրոնը պատասխանատվություն չի կրում միջոցառման ընթացքում վեճերի համար, մենք նախնական պայմանավորվում ենք, որ վեճերի պարագայում արագ տեղեկացնում ենք միջոցառման տերերին: Մեր պրակտիկայում ծայրահեղ դեպքեր, բնական է, որ եղել են, նույնիսկ ստիպված ենք եղել հանդիսության սրահի անվտանգության աշխատակիցների միջամտությունը պահանջել»: