Գաբրիել Սարգսյանը դարձավ օրվա հերոս
Շախմատի Հայաստանի տղամարդկանց ազգային հավաքականը փայլում է Չինաստանի Նինբո քաղաքում ընթացող մարզաձեւի աշխարհի թիմային առաջնությունում:
Երեկ մեր քառյակը՝ խաղալով անչափ ուժեղ կազմ ունեցող Չինաստանի ընտրանու հետ, 2,5:1,5 հաշվով պարտության մատնեց նրան: Մեր թիմի առաջատարը՝ Լեւոն Արոնյանը, որ նախորդ տուրում հանգստանում էր առաջին խաղատախտակի առջեւ, արդեն 30-րդ քայլում միավորը բաժանեց Վան Հաոյի հետ: Այնուհետեւ նրանց օրինակին հետեւեցին նաեւ Վլադիմիր Մովսիսյան-Յանգ Յուե եւ Լի Չաո-Վլադիմիր Հակոբյան զույգերը: Եվ թիմերի դիմակայության վերջնական ելքը վճռվելու էր Գաբրիել Սարգսյան-Յու Յանգժի պարտիայում: Հենց այստեղ էլ իր ծանրակշիռ խոսքն ասաց սպիտակներով խաղացող մեր օլիմպիական կրկնակի չեմպիոնը: Հենց սկզբնախաղից ձեռք բերելով տարածքային առավելություն՝ Գաբին մրցակցին հարկադրեց խաղալ իր սահմանած օրենքներով ու արդեն 45-րդ քայլում Յանգժիին պարտադրեց մատային վտանգի պայմաններում ընդունել սեփական պարտությունը:
Երբ նյութն արդեն պատրաստվում էր, Եգիպտոսը տանուլ էր տվել Ռուսաստանին՝ 0,5:2,5, Հնդկաստանը՝ ԱՄՆ-ին՝ 1:3: Իսկ Հունգարիա-Իսրայել եւ Ադրբեջան-Ուկրաինա հանդիպումները դեռ շարունակվում էին: Սակայն անկախ դրանցում գրանցվելիք արդյունքներից, Հայաստանը պահպանեց միանձնյա առաջատարի դիրքը, քանի որ Հայաստանի հիմնական հետապնդող Ադրբեջանն արդեն իսկ անհատական միավորներով չէր կարող հավասարվել մեր տղաներին: Այսպիսով, Հայաստանն աշխարհի թիմային առաջնության մասնակից տասը թիմերից միակն է, որ խաղացված հինգ տուրերում պարտություն չի կրել (3 հաղթանակ եւ 2 ոչ-ոքի):
Այսօր Նինբոյում հանգստյան օր է հայտարարված, իսկ վաղը՝ 6-րդ տուրում, հանդիպելու են Հայաստանը եւ Հնդկաստանը, Ռուսաստանը եւ Ուկրաինան, Իսրայելը եւ Ադրբեջանը, ԱՄՆ-ը եւ Հունգարիան, Եգիպտոսը եւ Չինաստանը: