Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Մի ասուլիս էլ հարուստների համար

Հուլիս 22,2011 00:00

Առաջարկում է ֆրանսահայ դերասանուհի Նորա Արմանին

\"\"Սփյուռքահայ դերասանուհի Նորա Արմանին Երեւանի քաղաքապետին չի հանդիպել, ուրախ կլիներ տեսնել, ծրագիր ունի ներկայացնելու: Այն վերաբերում է հայկական մշակույթի զարգացմանը, դրա համար անհրաժեշտ բյուջեի համալրմանը ուղղված քայլեր ձեռնարկելուն: «Կասեի, որ եթե մեկը ինչ-որ շենք է սարքելու կամ կոթող… պիտի չկարողանա դա անել, եթե իրենց ծախսի մի տոկոսը չհատկացնեն մշակույթին: Պետք է այդպիսի օրենք անցկացնեն: Քաղաքապետարանը թող չտա այդ թույլտվությունը, մինչեւ որ այդ անձը իր սարքելիք կառույցի գումարի տոկոսը չհատկացնի մշակութային ձեռնարկի»,- ասում է Նորա Արմանին՝ ներկայացնելով իր ծրագրի մյուս հատվածը. «Թող պարտադիր լինի, ըսենք, այդ շենքում ցուցադրման սրահ, փոքր թատրոն կամ դպրոց: Եթե այդպիսի մի օրենք դրվի, մարդիկ կտեսնեն, որ ասիկա շրջանցելի չէ, ուզած-չուզած փողը կհավաքվի»: Իսկ հայ հարուստներին համոզելու մասին ասում է՝ «ատիկա դժվար է»: «Մի հատ էլ անենք ասուլիս եւ հարուստներին հրավիրենք»,- ասում է նա՝ կարծելով, որ եթե նրանց հասկացնեն, թե իրենց հովանավորելիք ֆիլմը հնարավոր է միջազգային ճանաչում ունենա, հաստատ գումար կտան: Ըստ Նորա Արմանիի, ֆիլմի տիտրերում պրոդյուսերի անունը գրելը՝ նույնն է, թե «նորահայտ» եկեղեցու պատին՝ հովանավորի անունը գրեն:

Երեկվա ասուլիսում Նորա Արմանին անդրադարձավ նաեւ հայկական մշակույթի փառքը տարածելու մասին իր մտորումներին: Նա նշեց, որ Հայաստանում է «Ոսկե ծիրան» փառատոնի շրջանակներում: Դերասանուհին պատմում է, որ միշտ ցանկացել է մասնակցել այս փառատոնին, բայց չի ստացվել: Այս տարի էլ ժամանել է ուշ՝ վերջին օրերին: Այստեղ նրան գրավել են ֆիլմերի բազմազանությունը եւ այժմեականությունը, ցավում է, որ չի կարողացել տեսնել հայ ռեժիսորների գործերը՝ Հայաստան ուշ հասնելու պատճառով:

Մեր հարցին, թե, ըստ դերասանուհու, ի՞նչ տվեց «Ոսկե ծիրանը» հայ մշակույթին, նա պատասխանեց. «Ոսկե ծիրանը» եւ «ոսկեծիրանանման» փառատոները շատ կարեւոր երեւույթներ են՝ ոչ միայն ներքին ուժերը համախմբելու, մարդկանց իրար հետ ծանոթացնելու, իրար մասին իմացնելու համար, այլ նաեւ դրսից եկած բոլորովին օտարներուն մեզ ծանոթացնելու միջոց են: Այդ տեսակ ամեն մի ձեռնարկ պետք է անպայման քաջալերվի եւ շատանա, որովհետեւ մարդիկ կգան եւ կիմանան ով է հայը եւ ինչ է հայկական մշակույթը, կսիրահարվեն, կմնան»:

Դերասանուհին պատմեց նաեւ իր անելիքների մասին: Այս տարի ամերիկյան ֆիլմում է նկարահանվում, նախնական վերնագիրը՝ «Ձյուն է գալիս Լոս Անջելեսում»: Գլխավոր դերակատարն է, վերջին տեսարաններն են մնացել, հերոսուհին մահանալու է: «Պետք է ես գնամ սեպտեմբերին եւ սպանվեմ»,- կատակում է Արմանին:

Մի քանի ֆիլմի ծրագիր էլ ինքն ունի: Դրանցից մեկը պետք է նկարահանվի հայաստանյան գյուղում, գաղափարը Գնել Նալբանդյանն է հուշել. գյուղի պայմաններին անծանոթ մարդը հայտնվում է այնտեղ եւ իր համար դժվար իրավիճակ է ստեղծվում: Ռեժիսոր դեռ չկա, Նորա Արմանիի համար պարտադիր չէ, որ այն լինի հայտնի անուն. «Ինչի՞ սահմանափակվել արդեն ծանոթ ռեժիսորներով, երբ նոր սերունդ է գալիս ու կան տաղանդավորներ»: Դերասանուհին որոշել է նաեւ սեփական վեպը տպագրել, վերնագիրն ընտրել է՝ «Չորս քույրեր»: Վեպում իր տատի եւ նրա քույրերի պատմությունն է՝ եղեռնից են մազապուրծ եղել: «Նրանցից յուրաքանչյուրի պատմությունը պատմելով՝ կնշանակի պատմում եմ մի ամբողջ հայ ժողովրդի պատմություն, որովհետեւ չորսն էլ տարբեր երկրներ են սփռվել»,- ասում է Նորա Արմանին:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել