Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՈՐԴՈՐ՝ ՆԱԽԱՐԱՐՆԵՐԻՆ, ԱՌԱՋԱՐԿ՝ ԹԱՏՐՈՆԻՆ

Հուլիս 22,2011 00:00

Ճանաչված օպերային երգիչ Դավիթ Վարժապետյանի նկատառումներն ու մտահոգությունները

\"\"Ծնունդով Պոլսից կանադաբնակ օպերային բարիտոն, դիրիժոր, մանկավարժ Դավիթ Վարժապետյանին «Առավոտը» ժամանակին ներկայացրել է: Հիշեցնենք, որ 1972թ. ավարտելով Երեւանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիան՝ Գոհար Գասպարյանի դասարանը, այնուհետեւ կատարելագործվել է աշխարհահռչակ Ջինո Բեքիի մոտ: Համաշխարհային օպերային գրականության բարիտոնի համար գրված առաջնակարգ դերերգերով բեմ է բարձրացել Ռուսաստանի, Եվրոպայի եւ Ամերիկայի թատրոններում: Երեւանի օպերային թատրոնում էլ ժամանակին կատարել է Սիլվիոյի (Լեոնկավալլո՝ «Պայացներ»), Ժերմոնի (Վերդի՝ «Տրավիատա»), Կոմս Լունայի (Վերդի՝ «Տրուբադուր») դերերգերը: Կարիերային զուգահեռ, արվեստագետը ծավալել է բուռն հասարակական գործունեություն: Նրա շնորհիվ է, որ սկսած 1979թ., առաջին անգամ Հայաստանից Կանադա հյուրախաղերի են մեկնել մեր արվեստագետները, իսկ 1989-ից՝ կանադացիները ժամանել Հայաստան: 1978-2006թթ. Դ. Վարժապետյանը եղել է Կանադայի «Կոմիտաս» երաժշտական միության ղեկավար:

«Առավոտի» հետ հանդիպման ժամանակ Դ. Վարժապետյանը հայտնեց, որ Երեւանի թատրոնում վերապատրաստման դասընթացներ է վարում երգիչների հետ եւ փորձում տնօրինության հետ փոխհամաձայնության ճանապարհով յուրօրինակ կամուրջ գցել Երեւանի եւ Կանադայի օպերային թատրոնների միջեւ: Ասաց, որ Սաութ Սիմքոյի (Տորոնտոյին հարակից 5 քաղաքների միություն) քաղաքապետարանի առաջարկով 2006թ. հիմնել է «OPERA BELCANTO» թատրոնը, որի տնօրենն ու գեղարվեստական ղեկավարն է: «Անցյալ տարի առաջին անգամ հանդիսատեսի դատին հանձնեցինք օպերային ներկայացում՝ Վերդիի «Տրավիատան», որտեղ Ռուդոլֆի դերերգով փայլեց Երեւանի օպերային թատրոնի մեներգիչ Հովհաննես Այվազյանը: Դրանից առաջ հանդես էինք գալիս միայն համերգներով: Մեր նպատակն էր այսպիսով նախ ճանաչելի դառնալ, իսկ արդեն «Տրավիատայի» հաջող բեմելից հետո Կանադայի թերթերն ու TV-ները, լավ իմաստով, սկսեցին գրոհել «OPERA BELCANTO»-ի վրա»,- հայտնեց Դ. Վարժապետյանը: Հետաքրքրվեցինք, թե ֆինանսական ի՞նչ միջոցներով է գոյատեւում նորաստեղծ թատրոնը: «Սկսել ենք զրոյից: Տարեցտարի անուն ձեռք բերելով, մեր կողքին հայտնվեցին հովանավորներ: Մենք շեշտը չենք դնում բեմը դեկորախեղդ անելու վրա, օրինակ, «Տրավիատայի» դեպքում, դեկորները ստացանք լուսային լուծումներով: Աշխատում ենք ոչ թանկ, սակայն ակնահաճո եւ ականջ շոյող ներկայացում հրամցնել: Ի վերջո, օպերային արվեստի սիրահարները թատրոնում առաջին հերթին «ձայն» են ուզում լսել»,- ասաց մեր զրուցակիցը: Հայտնեց նաեւ, որ պատրաստվում է կրկին հյուրախաղերի հրավիրել Հովհաննես Այվազյանին եւ հիանալի բարիտոն Դավիթ Բաբայանցին: Վերջինս այս օրերին հանդես է եկել Իտալիայի «Գուսետո» փառատոնում եւ ճանաչվելով իբրեւ «Վերդիյան լավագույն բարիտոն», արժանացել է Ժերմոնի դերերգի կատարման պատվին՝ «Տրավիատայում»: Դ. Վարժապետյանն ասաց, որ Երեւանի օպերային թատրոնի տնօրեն Կամո Հովհաննիսյանի հետ բանակցությունների արդյունքում որոշվել է եկող թատերաշրջանում Հայաստան հրավիրել «OPERA BELCANTO»-ի մեներգչուհի Ալիսիա Վիսոցքային: Մեր զրուցակիցը հորդորեց ՀՀ մշակույթի եւ սփյուռքի նախարարներին՝ բարձրակագ արվեստագետների ու կոլեկտիվների ուղարկել Կանադա, թե չէ, նրա խոսքով, գաղթօջախը «դաստիարակվում» է միայն հայաստանյան անորակ հեռուստասերիալներով եւ ռաբիսի աստղերի համերգներով:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել