Երեկ տեղի է ունեցել Եգիպտոսի նոր կառավարության երդմնակալության արարողությունը, որն ընդունել է երկրի ռազմական ուժերի գերագույն խորհրդի նախագահ Մուհամմեդ Հուսեյն Տանտաուին: APA-ի փոխանցմամբ, կառավարության ղեկավար Իսամ Շարաֆն արդեն դուրս է գրվել հիվանդանոցից, ուր նա արյան ճնշման հետ կապված բուժում էր ստանում: Նա հերքել է վարչապետի պաշտոնից իր հնարավոր հրաժարականի մասին լուրերը՝ հայտարարելով, թե դրանք տարածվում են «որոշ ուժերի կողմից, որոնք չէին ուզենա տեսնել, որ ինքը, որպես կառավարության ղեկավար, նոր շունչ է հաղորդում երկրին»:
Եգիպտոսի իշխանությունները կառավարությունում կադրային տեղաշարժերի միջոցով փորձում են կանխել երկրում ժողովրդական նոր հուզումները: Անցած ուրբաթ օրը Կահիրեի Թահրիր հրապարակում նորից զանգվածային բողոքի ցույց էր տեղի ունեցել, որի մասնակիցներն իշխանություններից տնտեսական եւ սոցիալ-քաղաքական բարեփոխումներ էին պահանջում: