ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը ձայների 43 կողմ եւ 1 դեմ հարաբերակցությամբ հավանություն է տվել օրենսդրական փոփոխությանը, որը Թուրքիային կոչ է անում վերադարձնել բռնագրավված քրիստոնեական եկեղեցիները եւ վերջ տալ քրիստոնյա փոքրամասնության նկատմամբ ճնշումներին:
Վաշինգտոնի Հայ դատի գրասենյակի եւ Ամերիկայի հայկական համագումարի հաղորդագրությունների համաձայն, 2012 թվականի ֆինանսական տարվա համար Պետդեպարտամենտի լիազորման մասին փաստաթղթում Կոնգրեսում դեմոկրատների խմբակցության ազդեցիկ անդամ, Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախկին նախագահ Հովարդ Բերմանի (նկարում) եւ հանրապետական կոնգրեսական Դեյվիդ Սիսիլինիի առաջարկած այս ուղղման հիմքում ընկած են ավելի վաղ Բերմանի եւ հանրապետական կոնգրեսական Էդ Ռոյսի ներկայացրած՝ «Եկեղեցիների վերադարձը» թիվ 306 բանաձեւի նախագծի ձեւակերպումները:
«Ազատություն» ռ/կ-ի փոխանցմամբ, հիշյալ օրինագիծը հորդորում է Թուրքիային դադարեցնել ամեն տեսակի կրոնական հետապնդումները, պաշտպանել քրիստոնյաների իրավունքները եւ կրոնական ազատությունները եւ հատկապես՝ վերադարձնել քրիստոնյաների բռնագրավված ունեցվածքը, այդ թվում՝ հայերից, հույներից եւ քրիստոնյա այլ համայնքներից խլված եկեղեցիները: