Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ԿՈՆՍԵՐՎԱՏՈՐԻԱՅՈՒՄ ՇԱՏ ԵՆ «ԿՏՐՎԵԼ»

Հուլիս 22,2011 00:00

Բուհի ղեկավարությունը ցանկանում է պահել որակի շեմը

\"\"
Կոնսերվատորիայի պրոռեկտոր Շ. Շահինյանը գոհ չէ այս տարվա դիմորդներից:

Երեկ Երեւանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում (ԵՊԿ) դասական վոկալ բաժին դիմած 33 դիմորդ քննություն հանձնեց երաժշտական տարրական տեսությունից, որով էլ ավարտվեցին կոնսերվատորիայի 2011 թվականի ընդունելության քննությունները:

Այս անգամ դիմորդները ոչ թե երգում էին, այլ՝ գրավոր քննություն հանձնում: Ըստ ԵՊԿ պատասխանատու քարտուղար Ասյա Ղազարյանի, բանավոր քննությունները դիմորդները սթրեսով են անցկացնում. «Այս տարի անհամեմատ անվստահ եւ վախեցած էին մեր դիմորդները: Թվում էր, թե երգեցողության քննությանը ավելի ինքնավստահ պետք է լինեին, բայց կաշկանդված էին: Երգն իրենց ապագա մասնագիտությունն է, բայց դողացնում էին ձայներն ու չէին կարողանում ճիշտ ներկայացնել սեփական կարողությունները: Երեւի դա էր պատճառը, որ այս տարի, մյուս տարիների համեմատությամբ, ամենամեծ թվով կտրվողների ցանկն ունեցանք: Երբեք այսքան շատ կտրվողներ կոնսերվատորիան չէր ունեցել»:

Քննությունից առաջ տիկին Ասյան փորձում էր ամեն կերպ ոգեւորել դիմորդներին, բայց նրանք կաշկանդված էին ու անընդհատ հարցնում էր՝ դժվա՞ր ա:

Քննությունն անցկացվեց երեք քննասենյակում, 11-ական դիմորդներով՝ կոնսերվատորիայի շենքի երեք տարբեր հարկերում: Առաջին րոպեներից դիմորդները «Առավոտին» դժգոհեցին, որ այս տարվա հարցերը բարդ են: Բանն այն է, որ քննություն հանձնողների մեծ մասը երկրորդ տարին էր դիմում: Մի մասն անցյալ տարի կտրվել էր, մի քանիս էլ անվճար տեղի պայքար էր տալիս:

21-ամյա դիմորդ Անուշը, ով Արցախից է, երկրորդ տարին է դիմում: Մեզ հետ զրույցում նա ասաց, որ անցյալ տարի վճարովի էր ընդունվել, ու ընտանիքի ֆինանսական սուղ վիճակի պատճառով դասերին չի հաճախել: Ի դեպ, Անուշը նպատակային դիմորդ է համարվում. ԳԹԿ դիմում-հայտ ներկայացնելիս պայմանագիր է կնքել, որ Երեւանում ուսանելուց հետո պարտավորվում է վերադառնալ Ղարաբաղ եւ 3 տարի աշխատել Ղարաբաղի երաժշտական ուսումնարանում, որից հետո միայն Երեւանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիան Անուշին կհանձնի ավարտական դիպլոմը: Նա նշեց. «Պայմանագիր եմ կնքել Ղարաբաղի կրթության նախարարության հետ. պետությունը վճարում է իմ վարձը, ես պարտավորվում եմ վերադառնալ եւ դասախոսել տեղի ուսումնարանում: Ինձ պես եւս 5 դիմորդ կար, բայց տեղյակ չեմ՝ նախկին քննությունները հաղթահարե՞լ են, թե՞ ոչ»: Անուշը վստահ է՝ որ այս տարի կընդունվի, վոկալ-երգեցողությունից 18 միավոր է ստացել. «Այս տարի հարցերը բարդացել են, երեւի դա պայմանավորված է դիմորդների քիչ քանակով: Մասնավորապես սոլֆեջիոյի քննությունը մեծ դժվարությամբ հաղթահարեցի, այն պարագայում, երբ արդեն երկրորդ տարին եմ պարապում»:

Ուկրաինական արմատներով 19-ամյա դիմորդ Լիդիա Զակրեւսկայա-Առաքելյանի համար քննության ընթացքում խնդիր առաջացավ. ինչպես նա ասաց, չնայած կիսով չափ հայ է, բայց վատ է տիրապետում հայերենին: Նրան հանձնեցին հայերեն տարբերակով հարցաթերթիկ, այնինչ՝ նա նախապես գիտեր, թե ռուսերեն է հանձնելու քննությունը: Լիդիայի համար ռուսաց լեզվին լավ տիրապետող քննության հանձնաժողովի անդամներից մեկը հրավիրվեց, ում հանձնարարվեց քննության ընթացքում պարբերաբար թարգմանել դիմորդի հարցերը:

«Առավոտի» հետ զրույցում Լիդիան պատմեց, որ Հայաստանում է դպրոցն ավարտել, բայց ռուսական դասարան է հաճախել: Քննություն հանձնող ապագա երգչուհիներից հետաքրքրվեցինք իրենց հետագա ծրագրերից: Պարզվում է՝ նրանցից ոմանք չնայած դասական ուղղություն են ընտրել, բայց դեմ չեն 6/8 երգելուն: «Եթե ապագա ամուսինս թողնի, ռեստորանում էլ կերգեմ: 6/8 երգողներն ավելի մեծ գումարներ են վաստակում, ո՞վ չգիտի: Բայց բանն այն է՝ առայժմ ապագա ամուսինս միայն համաձայն է դասախոս աշխատելուս ծրագրերին, բե՜մ- մե՜մ չի ուզում…»,-ասում է Անուշը:

ԵՊՀ ուսումնական գծով պրոռեկտոր Շահեն Շահինյանը կոնսերվատորիայի 2011թ. ընդունելության քննությունների արդյունքների մասին ասաց. «Մեր հիմնական բազան Չայկովսկու անվան երաժշտական դպրոցն էր, բայց մյուս դպրոցների պես՝ այս տարի նրանք էլ ավարտական դասարան չունեին: Այդ պատճառով այս տարի ընդհանուր հաշվով կոնսերվատորիա է դիմել 122 դիմորդ, չնայած մենք ակնկալում էինք մոտ 60: 122 դիմորդի պարագայում կոնսերվատորիան այս տարի տրամադրել էր 59 անվճար եւ 180 վճարովի տեղ: Մինչ օրս բոլոր քննություններից 13 դիմորդ չի հաղթահարել դրականի շեմը, ինչը անակնկալ էր մեզ համար: Վերջին տարիներին այսքան շատ կտրվողներ չեն եղել նույնիսկ 200-300 դիմորդների պարագայում»: Դիմորդների մակարդակը Շ. Շահինյանը միջին գնահատեց. «Քիչ դիմորդների դեպքում էլ փորձում ենք որակը պահպանել: Այսինքն՝ բացառություն չի լինի այս տարին, նույնիսկ նպատակ ունենք որակի շեմը ավելի բարձրացնել»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել