Վերջերս երկրի լրատվամիջոցներում ակտիվ քննարկում էր գնում Գանձասարի վանքի պարսպի հյուսիս-արեւմտյան հատվածի երեսպատման շուրջը, որն ամենեւին էլ լրագրողների խնդիրը չէ: Ամեն օր մի «մասնագետ» իր «վճռական» կարծիքն էր արտահայտում, մեղադրում բարերարին, որը ստանձնել էր Գանձասարի քարհանքից բերած սրբատաշ քարով երեսպատման ծախսատար գործը: Հարցի շուրջը աղմուկ բարձրացնող մարդիկ իրենց հեռուստաելույթներում պարիսպը բնորոշում էին որպես հին հուշարձան, որը կերպարանափոխելու դեպքում իբր ՅՈՒՆԵՍԿՕ-ն պահպանվող հուշարձանների ցուցակում չի գրանցի
Գանձասարի տաճարը:
Տպագիր ու օնլայն լրատվամիջոցներում գրում են, թե իբր պարիսպը երեսպատվում է կերամիկական սալիկներով, մարմարով կամ հղկած տրավերտինով, որը անտեղյակության արդյունք է: Պարիսպը իրականում դարերի ընթացքում ունեցել է տասնյակ վերակառուցումներ ու վերանորոգումներ: Բարերար Լեւոն Հայրապետյանի եղբայրը, որը ղեկավարում է շինաշխատանքները, հայտարարեց, որ այս պարիսպը 1980-ականների կառույց է: Թղթակիցը հարց է տալիս, թե այդ դեպքում թեմի առաջնորդ Պարգեւ արքեպիսկոպոս Մարտիրոսյանը ինչո՞ւ թղթակիցներին չհայտնեց այդ մասին ու անմիջապես էլ փաստագրեց. «Թեմի առաջնորդը տարաձայնություններ ունի Լեւոն Հայրապետյանի հետ եւ իրեն ձեռնտու է, որ վարկաբեկվի այդ բարերարը»: Տեղեկանալով այս անիմաստ աղմուկի մասին, թեմի առաջնորդը լրատվամիջոցներին հայտարարեց, որ տաճարի շուրջը պարսպի կառուցման արմատները, հավանաբար, պետք է փնտրել 7-րդ դարում, քանի որ այն ժամանակ էլ այս վանքը մեծ հռչակ ուներ Հայոց աշխարհում, իսկ նման վանքերը պարսպապատվում էին: Դեռ ավելին, դրանք պաշտպանական աշտարակներ էին ունենում: Հայտնի է, որ Հասան Ջալալյան Մեծ իշխանը 13-րդ դարում հին եկեղեցու տեղում նոր շքեղ տաճար կառուցեց, որն էլ պիտի որ պարսպապատեր: Հայտնի է, որ Երեմիա կաթողիկոսը շինարարություն էր ծավալել վանքի տարածքում: Ըստ երեւույթին, նա վերակառուցել էր ձյան, անձրեւի տակ անընդհատ քայքայվող պարիսպը: Սակայն այն կրկին վնասվել էր խորհրդային տարիներին: 80-ական թվականներին պարիսպը վերանորոգել է հուշարձանների վարչությունը: 1996 թ. Պարգեւ սրբազանը ստիպված էր վերակառուցել պարիսպը: 2004 թ. Արցախի թեմը կրկին վերանորոգեց այն, քանի որ անձրեւաջրերը թափանցել էին շարվածքի արանքներն ու քանդել: Այս անգամ կղմինդրով ծածկեցին պարիսպը, որպեսզի անձրեւաջրերն այլեւս չվնասեն: Այսօրվա պարիսպը փաստորեն 95 տոկոսով քարի ու ցեմենտբետոնի շարվածք է, ուստի եւ այն հնադարյա հուշարձան համարել ոչ մի կերպ չենք կարող:
Եթե խոսքը պարսպի հնաոճ տեսքի պահպանման մասին է, ապա այդ մասին եւս ավելորդ է խոսել: Ոճական առումով, ըստ իս, բարեգործ Լեւոն Հայրապետյանի ձեռնարկը ճիշտ է, քանի որ նույն հանքաքարով կրկնում է տաճարի ու գավթի սրբատաշ շարվածքը: Դա հարյուրավոր տարբերակներից մեկն է, գուցե եւ ամենաթանկը, որի վրա կանգ են առել բարերարն ու թեմի առաջնորդը: Այն «անգրագետ հայրենասիրություն» համարելը դիտավորություն է: Իսկ Գորիսից գլաքարեր բերելու, գորիսյան պատնեշների ոճով շարելու առաջարկությունն իրոք «անմիտ հայրենասիրություն» է:
Ինձ հետաքրքրեց նաեւ ՀՀ վերականգնող ճարտարապետների ասոցիացիայի նախագահ Գագիկ Սողոմոնյանի ելույթը: Նա հայտնում է, որ խորհրդային օրերին, 1989թ. պատվիրվել եւ մշակվել է Գանձասարի վանքի վերակառուցման նախագիծը: Հուշարձանագետը առաջարկում է Գանձասարի վիճահարույց պարիսպը քանդել, բոլոր քարերը համարակալել եւ վերաշարել: Կարծում եմ, որ պարսպի մեջ միլիոնավոր փոքր չափի քարեր կան, որոնց վրա վեցանիշ թվեր տեղադրելն էլ անհնար կլինի: Ապա պարոն Սողոմոնյանն առաջարկում է կրկին վերավաճառել այդ նախագիծը եւ այդ նախագծով նորից կառուցել պատը: Ասոցիացիան դեռեւս ՅՈՒՆԵՍԿՕ-ին չի դիմում, բայց պատրաստվում է հացադուլ անել պարսպի տակ: Քանի որ Հաագայի դատարանն ու ՅՈՒՆԵՍԿՕ-ն լուրջ չեն վերաբերվի նման դիմումին, խորհուրդ կտայի դիմել Իլհամ Ալիեւին, որը կգա եւ սիրով մի քանի օրով կմիանա պատային հացադուլին:
Իսկ իմ կարծիքով՝ այդ պատնեշը խանգարում է դեպի վանական համալիրը բացվող տեսարանին: Սակայն դա իմ սուբյեկտիվ կարծիքն է: Բուն պատն ու նրա շարվածքի ոճը այստեղ միայն առիթ են այլ նպատակներ հետապնդող աղմուկ բարձրացնելու համար:
Պարգեւ սրբազանն ու մյուսները իրենց ելույթներում տասնյակ օրինակներ բերեցին: Մայր աթոռ Էջմիածնի պարիսպները հին էին, սակայն հարիր չէին Մայր տաճարին: 60-ականներին այն քանդեցին եւ կառուցեցին սրբատաշ տուֆով: Այսօր ո՞վ է խոսում նրա ոճի անհամապատասխանության մասին: Ի՞նչ է, Հռիփսիմեի, Շողակաթի, Գայանեի, Գեղարդավանքի, Խոր Վիրապի տաճարների շուրջը կավաշեն պատե՞րը պետք է պահպանվեին: Տասնյակ օրինակներ կարելի է բերել եվրոպական, ռուսական սրբավայրերից, որոնց հին պատնեշները փոխարինում են նորերով, նրանց մոտ ժամանակակից հյուրատներ կառուցում: Կիեւ-Պեչորյան Մայրավանքի 12 մ երկարության պատնեշի շուրջ մի քանի տարի շարունակ վիճում էին ճարտարապետները, մինչեւ այն փլուզվեց: Հայտնի է, թե որքան ձգձգվեցին Տաթեւի վանքի վերականգնման աշխատանքները: Հատակը գրանիտապատեցին, որն անհամապատասխան է համալիրի շինություններին: Սակայն Մայր աթոռը համբերությամբ լռեց: Մեկ այլ օրինակ: Հուշարձանների վարչության մասնագետները Արցախի թեմին առաջարկեցին վերանորոգել Հեր-հերի 7-րդ դարի Սուրբ Գրիգոր Լուավորիչ եկեղեցու վեղարը: Նրանք ամբողջությամբ քանդեցին վեղարը: Սակայն Արցախում քաղաքական իրավիճակը շիկացավ, ու մասնագետները հուշարձանը թողեցին քանդած վիճակում եւ հեռացան: Շուտով փլուզվեց եկեղեցու ողջ տանիքը: Արցախի թեմը չբողոքեց Հուշարձանների պահպանության վարչության դեմ: Գարեգին 2-րդ կաթողիկոսը արցախյան իր շրջագայության ժամանակ Արցախի թեմի եւ բնակիչների խնդրանքով համապատասխան միջոցներ տրամադրեց գոնե այս վիճակում տանիքով ծածկի տակ առնելու եւ հինավուրց հուշարձանը փրկելու հետագա կործանումից: «Մոսկվա» ամառային կինոթատրոնի տեղում երեւանյան հրաշալի տաճարներից մեկի՝ Պողոս-Պետրոս եկեղեցու վերականգնման խնդրում լրատվամիջոցների աղմուկը խանգարեց սրբագրելու մեր նախնիների մեղքը: Իհարկե, վաղը այդ տեղում մեր երկրի օլիգարխներից մեկը բարձրահարկ շենք, ռեստորան կամ հյուրանոց կտեղադրի, ու լրատվամիջոցները կլռեն: Օրերս նույն լրատվամիջոցներում մի նոր աղմուկ է ձեռնարկվել Սանահինի վանքի տաճարի պատի ճեղքվածքի հարցի շուրջը: Այն ուսումնասիրում են գերմանացի մասնագետները, որոնք աշնանը կտան իրենց եզրահանգումը: Իսկ լրատվամիջոցների աղմուկը, որն ուղղորդված է մշակույթի նախարարության եւ կաթողիկոսի դեմ, ուղղակի երկրում մթնոլորտը շիկացնելու միտում ունի:
Ինտերնետային այս հախուռն հարձակումների, բազում նյութերի հեղինակներին հարց եմ տալիս. ո՞ւմ դեմ է ձեր պայքարը, բարեգործ Լեւոն Հայրապետյանի՞, Պարգեւ սրբազանի՞, ՀՀ պետականությա՞ն, եկեղեցո՞ւ, Հուշարձանների վարչությա՞ն, կարո՞ղ եք կոնկրետացնել: Պատասխանն անսպասելի էր. «Մեզ հանձնարարված է աղմուկ բարձրացնել, ձգձգել քննարկումները, ամեն անգամ մի նոր մարդ պետք է ելույթ ունենա: Կարեւոր չէ, թե ինչ կասի: Ուղղակի հարցը պետք է շիկացնել»: Սակայն արդեն նկատելի է դառնում թեմի առաջնորդի ու բարերարի դեմ հարձակումների ուղղվածությունը:
Բարերարի խնդրով դիմեցի Պարգեւ արքեպիսկոպոս Մարտիրոսյանին, որը պատմեց հայտնի գործարար եւ մտավորական Լեւոն Հայրապետյանի տասնյակ բարեգործական ձեռնարկների մասին: Շուրջ 20 կմ երկարության նրա կառուցած ասֆալտապատ ճանապարհով Գանձասարի վանքը կապվել է Հյուսիս-հարավ մայրուղու հետ: Վանք գյուղում հիմնել է մանրափայտի ժամանակակից գործարան, երկու հյուրանոց, դպրոց, հիվանդանոց, մանկապարտեզ, այժմ Սուվորովյան ռազմական դպրոց է կառուցում: Հարյուրավոր աշխատատեղեր է բացվել Խաչենի ենթաշրջանում, դադարել է արտահոսքը: Լեւոնի հայրենի գյուղում բարեգործական մղումը իր խորքում մայրական կողմից Հասան-Ջալալյան իշխանական տոհմի ժառանգորդը լինելու արմատներն ունի: Իսկ լրատվամիջոցները չպետք է խանգարեն նրա հայրենասիրական ձեռնարկներին: Լրատվամիջոցներում գրում են, թե բարերարը որոշել է անջատել վանական համալիրի գիշերային լույսերը, որը չի համապատասխանում իրականությանը: Իրականում բարերարը ափսոսանք է հայտնել պատնեշի շուրջը նման աղմուկի համար: Ընդհանրապես, Հայաստանում անհոգ են ապրում այն մարդիկ, որոնք իրենց կյանքում ոչինչ չեն ձեռնարկում: Գիտեմ մարդկանց, որոնք ՀՀ երեք նախագահների ժամանակահատվածներում պասիվ են եղել, ուստի եւ մնացել են իրենց պաշտոններին, իսկ ակտիվ, հանուն համընդհանուր բարօրության, երկրի զարգացման համար պայքարող մարդիկ դուրս են մղվել եւ հալածվել:
Երբ տեսնում ենք մեկ այլ հայտնի բարերարի՝ Ռալֆ Յիրիկյանի դեմ լրագրողական հետեւողական հարձակումները, արդեն սկսում ես նման մոտեցման այլ արմատներ որոնել: «ՎիվաՍելի» տնօրենը իր գործունեությամբ բարեգործական նոր մշակույթ է արմատավորում Հայաստանում: Նա նաեւ ցույց է տալիս, որ, ընդհանրապես, խոշոր գործարարների եկամուտների մի մասը ժողովրդինն է, որը բաշխման անկատար համակարգի պատճառով զրկվել է դրանք ստանալու իրավունքից: Հայրենանվեր այս գործարարը իր նպատակային բարեգործությամբ այն վերադարձնում է երկրին: Իհարկե, ինչպես համոզվել ենք բազում դեպքերում, բարերարին վիրավորելն ու խրտնեցնելը հեշտ է: Հարյուրավոր բարերարներ, գործարարներ՝ վիրավորվելով, այսօր խուսափում են ՀՀ-ում կամ ԼՂՀ-ում ներդրումներ կատարել:
Սակայն Գանձասարի պարսպի հարցի արհեստական շիկացման մեջ ես միանգամայն այլ բան էլ եմ տեսնում: Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը հուլիսի 12-ին կառավարության նիստում ունեցած ելույթում հայտարարեց, որ անցած կիսամյակում Հայաստանի Հանրապետությունը ընդմիշտ լքել է 70 հազար մարդ: Մինչեւ 2020 թ. ՀՀ բնակչությունը կկազմի մեկ միլիոն մարդ, իսկ Ադրբեջանական Հանրապետության բնակչությունը կկազմի 11 միլիոն մարդ: Այսինքն, ՀՀ բնակչության նվազեցումը մեր հարեւանների կարեւորագույն նպատակներից է, որի իրականացման համար մշակվում եւ իրականացվում են բազմաթիվ ծրագրեր, որոնցից են տեղեկատվական պատերազմի բազմաթիվ ձեւերը, տեղեկատվական դիվերսիաները: Այս ուղղությամբ մեր ոխերիմ հարեւանների նպատակաուղղվածությունը ավելի ցայտուն բացահայտվեց ԱՀ արտգործնախարարի ելույթում: Նման դիվերսիաների արդյունք են «ղարաբաղցի»-«հայաստանցի», «սա երկիր չի» հորինված ու մեր ժողովրդի երկու հատվածներին պարտադրված քայքայիչ գաղափարները: Գանձասարի վանքի պարսպի հարցը ուռճացնելը եւս թշնամական դիվերսիայի հետեւանք է, ու լրատվամիջոցները, նրանց խմբագիրները, մասնագետները պարտավոր են զանազանել «թացը չորից» ու թշնամու տեղեկատվական դիվերսիոն ծուղակում չհայտնվել:
Բայց եւ ասում են՝ թշնամին տնից է, ինչը ավելի սարսափելի է ու ավելի վտանգավոր, որովհետեւ այն չի երեւում: