Երեկ Սյունիքի մարզկենտրոնի բնակիչները կրկին մնացել էին առանց ջրի: Խմելու մշտական ու մաքուր ջուր ունենալը երազանք է, որ այսօր իսկական գլխացավանք է դարձել կապանցիների համար: Ամեն անգամ տեղումներից հետո մարզկենտրոնի բնակիչները կամ ընդհանրապես խմելու ջուր չեն ունենում, կամ էլ պղտոր ու խմելու համար ոչ պիտանի ջուր են ստանում: Երեկվա հինգշաբթին նման հերթական օրերից մեկն էր: Վաղ առավոտից բնակիչ-բաժանորդները ծորակները բացելով անակնկալի են եկել, այս շոգին ծորակից ջուր չի հոսում: Եվ քանի որ ջրազրկման մասին նախապես չեն ծանուցվել՝ ջրի անհրաժեշտ պաշար չեն հավաքել: Բայց նման վիճակներից անպակաս կապանցիները արդեն հմտացել են եւ գիտեն նմանատիպ օրերին ինչպես հարցը լուծել՝ հիմնականում խանութներից շշալցված ջուր են գնում կամ քաղաքի առանձնատների աղբյուրներից ջուր վերցնում:
«Հայջրմուղկոյուղու» Հարավային մասնաճյուղի «Կապան» տեղամասի պետ Հովհաննես Գեւորգյանը մեզ հետ զրույցում նշեց, որ լույս հինգշաբթի գիշերը, ժամը 3-ի մատույցներում տեղացած ուժեղ անձրեւից ու կարկուտից ջրընդունիչներում ջուրն ամբողջությամբ պղտորվել է, ստիպված ժամանակավոր դադարեցրել են ջրամատակարարումը, մինչեւ տիղմից լիովին կմաքրեն ջուրը: «Աշխատանքներ ենք տանում էդ ուղղությամբ, մաքրելուց հետո 6-7 ժամ պահանջվելու է, որ օրակարգավորիչ ջրամբարներում ջուր հավաքվի, որ հետո նոր կարողանանք ջուր բաշխել բաժանորդներին: Չնայած որոշ չափով ջրի պաշար ունենք, երեկոյան արդեն որոշ քանակությամբ ջուր ենք տրամադրելու բնակիչներին»,- մեզ տեղեկացրեց Հովհաննես Գեւորգյանը:
Կապանցիների համար սա մեծ սփոփանք չէ, քանզի չկա երաշխիք, որ նման վիճակ նորից չի լինի հերթական անձրեւից հետո: