Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Կալանքը 15 օրով երկարացվեց

Հուլիս 22,2011 00:00

Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը մի քանի օր առաջ դռնփակ դատական նիստ էր հրավիրել:

Քննության էր առնվում ոստիկանության քննչական բաժանմունքի քննիչ Հ. Ասրյանի միջնորդությունը: Ըստ այդ միջնորդության, 21-ամյա Բենիամին Սոխրաբյանցի նկատմամբ կիրառված կալանքի ժամկետը պետք է երկարացվեր 2 ամսով, սակայն դատարանն այն երկարացրեց 15 օրով, այսպիսով՝ քննիչի միջնորդությունը բավարարելով մասնակի: Ըստ դռնփակ դատական նիստի, Աբովյան քաղաքի Սահմանադրության հրապարակի «Կոնվերս բանկի» մոտ վիճել են Բենիամինն ու Մուշեղ Հակոբյանը՝ գումարային խնդիրների հետ կապված:

Բենիամինը դանակահարել է Մուշեղին՝ նրան պատճառելով ծանր վնաս:

Նախաքննության ժամանակ Մուշեղն ասել է, թե ընկերոջ՝ Անդրանիկի հետ քայլել է «Անմար կրակ» հուշահամալիրի մոտ, սայթաքել է, ինչի հետեւանքով ստացել է վնասվածք: Մուշեղն անգամ հրաժարվել է ճանաչվել որպես տուժող: Բենիամինի մայրը «Առավոտին» տեղեկացրել էր, որ ոստիկանության պետի տեղակալի կանչով տղայի հետ գնացել են բաժին: Մոր աչքի առաջ բռնել են տղային, ասելով, թե՝ տղադ մարդ է խփել: «Տղաս 5 ամիս է, ինչ կալանավորված է: Նա ծառայել է ռուսական բանակում: Գիտեմ, որ Բենիամինը ոչ մի հանցանք չի կատարել: Ուզում են տղայիս վրա բարդել մի բան, որը նա չի արել: Հայրենադարձ մեր ընտանիքը բաղկացած է 9 շնչից: Ոչ աշխատանք ունենք, ոչ՝ առողջություն: Մեզ հիմա հանգիստ չի տալիս ոստիկանության քննիչ Հ. Ասրյանը, որը սպառնում է, թե տղայիս հետքը ջնջելու է: Մյուս տղաս՝ Մարտիրոսը, եւ ամուսինս ողնաշարից հիվանդ են»,- ասում է Սոխրաբյանցի մայրը՝ Ռոզա Սարգսյանը:

Այս օրերին ՀՀ գլխավոր դատախազին է դիմել Բենիամինի պաշտպանը՝ փաստաբան Լեւոն Պողոսյանը: Նախաքննությունը սկսելիս կասկածյալը 3 օր փաստաբան չի ունեցել, չի ստացել իրավաբանական օգնություն: «Իմ պաշտպանյալի հետ առանձին խորհրդապահական կարգով տեսակցությունների ժամանակ նա հայտնել է, որ նախկին ցուցմունքները գրել է հոգեբանական ճնշման տակ, առանց պաշտպանի, քննիչի թելադրանքով, եղբայրներին նեղություն չտալու նպատակով»: Պաշտպանը հայտնում է, որ նշված վեճի օրը Սոխրաբյանցի ընտանիքը գտնվել է Աշտարակում: Եվ որ ոստիկանների կանչով գնալով բաժանմունք, այնտեղ ձերբակալել են իր պաշտպանյալին: Պաշտպանը դատախազին ուղղված նամակում ասում է, որ չի հիմնավորվում իր պաշտպանյալի մեղավորությունը եւ խնդրում է ընդհանրապես վարույթը կարճել, կալանքը վերացնել:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել