Օրեր առաջ՝ հուլիսի 15-ին, դռնբաց դատական նիստում սկսվեց եւ նույն օրն էլ ավարտվեց Սամվել Քարամյանի դեմ հարուցված քրեական գործի դատաքննությունը: Այն ընթացավ արագացված կարգով, այսինքն՝ առանց մեղադրական հրապարակելու, առանց ապացույցները հետազոտելու, քանի որ ամբաստանյալը ինքն էր միջնորդել այդ կարգով դատաքննության եւ ընդունել էր իր կատարած մեղքը: Դատավոր Գագիկ Ավետիսյանին այլ բան չէր մնում, քան հրապարակել դատավճիռը. Սամվել Քարամյանը դատապարտվեց 5 տարի 6 ամիս ազատազրկման:
Քարամյանը կալանքի տակ է այս տարվա հունվարի 28-ից, մեղադրվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով:
Ըստ վարույթն իրականացրած ՀՀ ոստիկանության ՔԳՎ Երեւանի ՔՎ Կենտրոնականի քննչական բաժնի նյութերի, որոնք ուղարկվել էին դատարան, Ս. Քարամյանը 2008թ. ծանոթանալով Արամ Ասատրյանի հետ, ներկայացել է որպես «Բիբլոս Բանկ Արմենիա» ՓԲԸ-ի կառավարիչ եւ նշված բանկի միջոցով վերջինիս հիպոթեքային վարկ տրամադրելու պատրվակով՝ Արայիկ Մելքումյանի միջոցով Երեւանի Ամիրյան թիվ 5-Ա շենքում ստացել է 20 000 ԱՄՆ դոլար գումար: Ապա «Բիբլոս Բանկ Արմենիա» ՓԲԸ-ի մոտ ստացել է եւս 15 000 ԱՄՆ դոլար, ընդհանուր՝ 35 000 ԱՄՆ դոլարին համարժեք 10 546 550 ՀՀ դրամի գույքային վնաս էր պատճառել տուժող Ա. Ասատրյանին: Դատարանը հիմք ընդունեց մեղադրանքի հիմքում դրված ապացույցները, եւ պատիժ սահմանելիս հաշվի առավ Սամվել Քարամյանի «կատարած հանցանքի՝ առանձնապես խոշոր չափերով կատարված խարդախության՝ հանրության համար վտանգավորության աստիճանը եւ բնույթը ու ամբաստանյալ Ս. Քարամյանի անձը բնութագրող տվյալները»: Մեղմացուցիչ հանգամանք դիտվեց այն, որ Ս. Քարամյանը հանցանքը կատարում է առաջին անգամ, ընդունել է կատարած հանցանքը եւ զղջացել է դրա համար, բնութագրվել է դրական, խնամքին ունի 1 անձ:
Այս գործով տուժող՝ Արամ Ասատրյանի օգտին ամբաստանյալ Սամվել Քարամյանից պետք է բռնագանձվի 35 000 ԱՄՆ դոլարին համարժեք 10 546 550 ՀՀ դրամ գումար՝ որպես պատճառված նյութական վնասի հատուցում: Քննարկելով ամբաստանյալի նկատմամբ լրացուցիչ պատիժ սահմանելու հարցը, դատարանը գտավ, որ նշված պատժատեսակը պետք է կիրառել նրա սեփականությունը համարվող գույքի 1/2 մասի չափով: Ընդ որում, գույքի բռնագրավման չափը, ըստ դատարանի, չի կարող գերազանցել հանցագործությամբ հաuցված վնաuի կամ հանցավոր ճանապարհով ձեռք բերված oգուտի չափը: Տվյալ դեպքում՝ 10 546 550 ՀՀ դրամ գումարը, որը ձեռք էր բերել հանցավոր ճանապարհով: Ս. Քարամյանի պատիժը կրելու սկիզբը կհաշվվի այս տարվա հունվարի 28-ից: