Նաջարյանի ասածը ինձ համար… օրենք է
Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում քննվում է Հովհաննես Հովհաննիսյանի (ՀՀ քրօրի 178-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին եւ 2-րդ կետերով) եւ Արմեն Նաջարյանի (ՀՀ քրօրի 178 հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով) նկատմամբ հարուցված քրեական գործը:
Վարույթն իրականացրել է ՀՀ ոստիկանության ՔԳՎ Երեւան քաղաքի ՔՎ Կենտրոնականի քննչական բաժինը:
Ըստ նախաքննության մարմնի, Կամո Գասպարյանը (վկա), որը նախկինում դատապարտվել էր 7 տարի 6 ամիս ազատազրկման եւ պատիժը կրել է ՀՀ ԱՆ «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ում, պատժի կրումից վաղակետ ազատվելու համար, իրավաբանական օգնություն ստանալու նպատակով 2009թ. ձմռանը դիմել է իր ընկեր, գործով վկա Ռազմիկ Ավետիսյանին: Վերջինս 2009թ. դեկտեմբերի վերջերին հանդիպել է իր ծանոթ, ՀՀ փաստաբանների պալատի փաստաբան Հովհաննես Հովհաննիսյանին: Փաստաբանը ծանոթանալով Կ. Գասպարյանի խնդրին՝ այդ մասին հայտնել է Արմեն Նաջարյանին: Ըստ քրեական գործի նյութերի, Հ. Հովհաննիսյանը Ռ. Ավետիսյանին հայտնել է, որ կարող է օգնել Կ. Գասպարյանին պատժի կրումից ազատելու հարցում ու պահանջել է 5 000 ԱՄՆ դոլար գումար: Ռ. Ավետիսյանն այդ մասին հայտնել է Կ. Գասպարյանի կնոջը՝ Աիդա Միրիբյանին, որը համաձայնել է առաջարկին: Դատապարտյալի կինը նաեւ խնդրել է նշված գումարը փոխանցել մաս-մաս, ինչին Հ. Հովհաննիսյանը համաձայնել է: Կ. Գասպարյանին պատժի կրումից ծանր հիվանդության պատճառով վաղակետ ազատելու պատրվակով 2010թ. հունվարից մինչեւ ապրիլի 6-ն ընկած ժամանակահատվածում Ռ. Ավետիսյանի միջոցով Ա. Միրիբյանից պահանջել, մաս-մաս ստացել են ընդհանուր 5350 ԱՄՆ դոլարին համարժեք 2 163 326 ՀՀ դրամ գումար: Հ. Հովհաննիսյանը Ռ. Ավետիսյանի միջոցով Ա. Միրիբյանին է փոխանցել Ա. Նաջարյանի կողմից ներկայացված Կ. Գասպարյանին պատժի կրումից վաղակետ ազատելու մասին դատարանի կեղծ որոշման պատճենը:
Հովհաննես Հովհաննիսյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել կալանավորումը: Կալանավորվել է նաեւ Արմեն Նաջարյանը, որին նույնպես մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քրօրի 178 հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով:
Ի դեպ, Հովհաննես Հովհաննիսյանն իրեն մեղավոր չի ճանաչել, սակայն ցուցմունք էր տվել, որ 2009թ. հոկտեմբերին ստացել է փաստաբանական գործունեությամբ զբաղվելու իրավունք եւ այդ մասին հայտնել իր բոլոր ծանոթներին:
2009թ. նոյեմբերին ՀՀ ԱՆ «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ում պատիժը կրող, իրեն անծանոթ Կ. Գասպարյանին ծանր հիվանդության պատճառով պատժի կրումից վաղակետ ազատելու հարցով զբաղվելու համար իրեն դիմել է իր վաղեմի ծանոթ Ռ. Ավետիսյանը եւ ինքը Կ. Գասպարյանի խնդրին ծանոթանալու նպատակով պահանջել է ներկայացնել համապատասխան բժշկական ու անհրաժեշտ այլ փաստաթղթեր ու հայտնել, որ տվյալ գործը ստանձնելու վերաբերյալ վերջնական պատասխան կկարողանա տալ դրանք ուսումնասիրելուց հետո: Փաստաբանը նաեւ հայտնել էր, որ 2009թ. դեկտեմբերին դիմել է Արմեն Նաջարյանին, որի հետ ծանոթացել է իր ընկեր Մանուկ Հարությունյանի միջոցով՝ նրա արհեստանոցում: Ըստ փաստաբանի, 5250 ԱՄՆ դոլար գումարն ամբողջությամբ հանձնել է Ա. Նաջարյանին՝ որպես նրա կողմից կատարվող աշխատանքի վարձատրություն: Հովիկ Հովհաննիսյանը հանդիպել է Ա. Նաջարյանին ու նրա առաջարկով միասին գնացել են Մաշտոցի պողոտայի Ս. Շահումյանի անվան դպրոցի անմիջապես հարեւանությամբ գտնվող բնակելի շենքի կիսանկուղային հարկում գտնվող համակարգչային ծառայությունների սրահ, որտեղ աշխատակիցը Ա. Նաջարյանի թելադրանքով տպագրել է ՀՀ ԱՆ «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ի պետին հասցեագրված իր անվամբ միջնորդության տեքստը, որից հետո իրենից վերցնելով իր արտոնագրի եւ Ա. Միրիբյանի կողմից իրեն տրամադրված լիազորագրի պատճեններն ու տպագրված տեքստը, Ա. Նաջարյանը պարտավորվել է դրանք անձամբ տրամադրել իր ծանոթներին: Ա. Նաջարյանն ու ինքը հանդիպել են Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի շենքի մոտ: Հանդիպման ժամանակ Ա. Նաջարյանն իրեն փոխանցել է Կ. Գասպարյանին վաղակետ ազատելու մասին 05. 04. 2010թ. որոշումը: Վերցնելով դատավորի որոշումը, փաստաբանը գնացել է Ռ. Ավետիսյանի աշխատավայր եւ այն փոխանցել է նրան: Փաստաբանը հետագայում է հասկացել, որ Ա. Նաջարյանն իրեն եւ մյուսներին խաբել է:
Հովհաննես Հովհաննիսյանն «Առավոտին» էր ուղարկել «Ո՞ւր ենք գնում մենք» ձեռագիր նամակը՝ 24 էջից բաղկացած: Նամակում, ուր ավելի շատ խոսվում էր արտաքին եւ ներքին քաղաքականության մասին, լրտեսության համար դատապարտված Գեւորգ Հայրապետյանի մասին, հռետորական հարցադրում կար. «Եթե ուժայինների մարդաորսով հանկարծ բերման ենթարկվեցիր ու մեղադրվեցիր, արդյոք, արդեն ուշացած չէ՞, ինչպես ուշացած չէ «դատարանում» անմեղությունդ ապացուցելը»:
Արմեն Նաջարյանն իրեն մեղավոր չի ճանաչել:
Հ. Հովհաննիսյանի կինը՝ Զարինե Ղազարյանը ցուցմունք էր տվել, որ 2010թ. օգոստոսի 21-ին, ժամը 20.00-ի սահմաններում իր տուն են այցելել Ա. Նաջարյանի հարազատները եւ ճնշումներ գործադրելով իր նկատմամբ, պահանջել են, որ ամուսինը՝ Հ. Հովհաննիսյանը, տվյալ քրեական գործի շրջանակներում անհապաղ արդարացնող ցուցմունքներ տա Ա. Նաջարյանի վերաբերյալ: