Այս տարի Երեւանի կենդանաբանական այգու գլխավոր բնակիչները՝ առյուծները, բնակարանամուտ կտոնեն: Արդեն աշնանը նրանց համար կկառուցվի նոր, ընդարձակ ազատավանդակ՝ 1500 քմ մակերեսով: Ըստ «Արմինֆոյի», այդ նպատակով Հայաստան է ժամանել Bernard Harrison and Friends Ltd նախագծային ընկերության ղեկավար Բեռնարդ Հարիսոնը, ով կենդանաբանական, բուսաբանական այգիներին եւ ազգային պարկերին առնչվող աշխատանքի փորձ ունի: Ինչպես երեկ լրագրողներին հաղորդել է Հարիսոնը, ազատավանդակի գլխավոր զարդը կլինեն ջրվեժն ու ջրամբարը: Բացի այդ, ազատավանդակում կտնկվեն մեծ ծառեր եւ վայրի ծաղիկներ: Հարիսոնը նշել է, որ նոր ազատավանդակը կկառուցվի բնական ժայռերի մոտ, ինչը նույնպես հրապուրիչ կդարձնի այն: Նրա հավաստմամբ, նախագծման աշխատանքները կավարտվեն այս շաբաթվա ընթացքում, իսկ բուն շինարարությունը՝ առաջիկա հոկտեմբեր-նոյեմբերին: Ծրագրի ընդհանուր արժեքը կազմում է 60 մլն դրամ, որը կհատկացնի քաղաքապետարանը, ինչպես նաեւ՝ տարբեր միջազգային հիմնադրամներ: Այսօրվա դրությամբ Երեւանի կենդանաբանական այգում ապրում է 10 առյուծ: Մի քանի օր առաջ էլ առյուծների ընտանիքը համալրվել է 3 կորյունով: