Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Ֆաբրիկայի բացո՞ւմ, թե՞ նախընտրական քարոզարշավ

Հուլիս 22,2011 00:00

Փողատեր ամասիացիները գովերգեցին երկրի նախագահին

Երեկ աշխատանքային այցով սահմանամերձ Ամասիա գյուղ էր ժամանել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը: Ու թեեւ այցի բուն նպատակը սփյուռքահայերի ու երեւանաբնակ ամասիացիների ջանքերով այստեղ վերջերս կառուցված կարի ֆաբրիկայի պաշտոնական բացումն էր, սակայն տպավորությունն այնպիսին էր, որ պարոն Սարգսյանը եկել էր ճշտելու ամասիացիների նախընտրական տրամադրությունները: Թե՛ գյուղապետի եւ թե՛ երեւանաբնակ ամասիացիների ելույթները ոչ այլ ինչ էին, քան հավատարմության երդում ՀՀ նախագահին: Գյուղապետ Աղասի Ամիրյանը, թվարկելով, թե ինչ աշխատանքներ են կատարվել Ամասիայում Ս. Սարգսյանի օրոք, խոսքը եզրափակեց ասելով, որ ամասիացիները նախագահի հետ են:

Նշենք, որ 180 նոր աշխատատեղ ապահովող կարի ֆաբրիկան կառուցվել է ինչպես հայ-գերմանական «ՎԿՍ Արմենիա» ընկերության, այնպես էլ 2 տարի առաջ ձեւավորված Ամասիայի վերականգնման հիմնադրամի աջակցությամբ: Իսկ այդ հիմնադրամը ստեղծվել է մի խումբ հայրենասեր ամասիացիների կողմից, որոնք այժմ բնակվում են Երեւանում, մեծ պաշտոններ են զբաղեցնում ու փորձում են թեթեւացնել իրենց «զեմլյակների» հոգսերը: Նրանք լուծել են գյուղի գազիֆիկացման, փողոցային լուսավորության հարցերը: Հիմնադրամի մեջ ընդգրկված է նաեւ ՊԵԿ նախագահ Գագիկ Խաչատրյանը, որը եւս երեկ այցելել էր իր հայրենի գյուղ: Այցը օգտագործելով որպես նախընտրական քարոզարշավ, հիմնադրամի անդամներից մեկը՝ երեւանաբնակ ամասիացի Հայկ Քեսոյանը, լրագրողների հետ ճեպազրույցում մի ամբողջ տարածաշրջանի բնակչության անունից նախագահին խոստացավ առաջիկա ընտրություններում ամասիացիների ձայնը նրան տալ. «Ես սա Ամասիայի տոնն ու վերածննդի օրն եմ համարում, Ամասիան նախկին իշխանությունների ժամանակ իր արժանապատիվ տեղն է ունեցել, բայց վերջում, որ վերափոխումներ եղան, երկրաշարժից հետո ստացվեց այնպես, որ բնակչությունը նվազեց ու դարձավ Հայաստանի ամենածանր, ամենահետին ռայոններից մեկը, բայց էսօրվա Հայաստանի ղեկավարությունը, մենք իրանից շատ շնորհակալ ենք, եւ մեր ձայնը Հայաստանի, Ամասիայի շրջանում ապրող ժողովրդի ձայնը կտանք նախագահի օգտին, որովհետեւ իր աջակցությունը, իր մասնակցությունը Ամասիայի վերակառուցման հարցում՝ շատ մեծ էր: Դուք տեսեք ինչքան մարդ կա հավաքված, սրանցից ոչ մեկը աշխատանք չի ունեցել, բայց էսօր բոլորը սպասում են, որ կարի ֆաբրիկայից հետո նոր աշխատատեղեր կստեղծվեն, եւ Ամասիան իր դիրքը կունենա»: 2007 թ.-ից Հայաստանում գործունեություն ծավալած հայ-գերմանական «ՎԿՍ Արմենիա» ընկերության տնօրենն Քրիստիան Գիրիջինն էլ անչափ գոհ էր ՀՀ իշխանություններից, նույնիսկ հարկայինի քաղաքականությունից: Իր ելույթում նա ասաց, որ ժամանակին իր ընկերները խորհուրդ են տվել խուսափել Հայաստանում բիզնես սկսելուց, քանի որ «կխաբեն, կքցեն», սակայն իրեն ոչ խաբեցին, ոչ էլ գցեցին:

Ի դեպ, վերջինիս խոսքը շատ գոհացրեց երկրի նախագահին: Ք. Գիրիջինն ասաց, որ Ամասիան պատահական չի ընտրվել, քանի որ սահմանամերձ գյուղերը շատ խեղճ են, իրենք ցանկացել են «դզել գյուղերի սոցիալական վիճակը»: Նա նաեւ տեղեկացրեց, որ իրենց ընկերությունը Հայաստանում տեքստիլագործությունը զարգացնելու նպատակով վերանորոգելու է նաեւ Ամասիայի կարի ֆաբրիկայի հին շենքը ու 200 նոր աշխատատեղ է բացելու, ժայռերի վրա Տաթեւի վանքի նման եկեղեցի է կառուցելու, մի խոսքով՝ Շիրակի մարզում տուրիզմն է զարգացնելու: Ըստ նրա, վերջին հաշվով իրենք 400 աշխատատեղ կապահովեն Ամասիայի տարածաշրջանի համար, սպառողական շուկայի խնդիր էլ չունեն, քանի որ արտադրում են իրենց կազմակերպության համար: Կարի ֆաբրիկայում աշխատավարձը կկազմի մոտ 70000-80000 դրամ: Նրանց բոլոր ծրագրերը, ներառյալ եկեղեցաշինությունը, կարժենա ավելի քան 2 միլիոն դոլար, կես միլիոն եվրո արդեն ներդրված է:

Նորակառույց կարի ֆաբրիկան օրհնվեց Արարատյան հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ տ. Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի կողմից: Մի կողմից նախագահի պատվին դհոլ-զուռնան էր հնչում, պարային խմբերն ու նվագախմբերը համերգ էին տալիս, երեւանցի մոդելները գյուղի կենտրոնում տեղադրված պոդիումի վրա զգեստներ էին ցուցադրում, իսկ մյուս կողմից շարքային ամասիացիները դժգոհում էին երկրի կառավարությունից՝ կարի ֆաբրիկայի հիմնադրումը դատարկվող գյուղի համար համարելով ուշացած քայլ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել