Քաղաքապետարանը մաքրում է Երեւանի պատերը եւ նոր պատիժ սահմանում՝ այն նորից կեղտոտողների համար
«Կգնեմ մազեր՝ 55-80 սմ՝, գինը՝ 300 հազար դրամ», «Շտապ վաճառվում է բնակարան՝ առանց միջնորդի», «Պահանջվում է հացթուխ եւ բուլկու մասնագետ». այս եւ նմանատիպ հայտարարությունները, որոնք մայրաքաղաքի ամեն պատի, ամեն հենասյան ու էլեկտրասյան վրա փակցված են ու քաղաքը դարձնում են ազդագրերի աղբանոց, այսուհետեւ տեղադրվելու են միայն հատուկ հայտարարությունների համար նախատեսված անկյուններում: Ում մտքով անցնի սոսինձը ձեռքին գա, թաքուն հայտարարություններ փակցնի ու փողոցների պատերը նորից կեղտոտի՝ ինչ է թե իր տունը կամ հողամասը վաճառի, մազեր ծախի կամ գնի՝ կպատժվի:
Առջեւում ընտրություններ են եւ սահմանված պատիժը կիրառվելու է նաեւ թեկնածուների համար: Ներկայումս ծայրամասերում դեռ փակցված են Տարոն Մարգարյանի գովազդային քարոզչապաստառները՝ ավագանու ընտրություններից մնացած, Գագիկ Ծառուկյանի՝ «Մեր խոսքը գործ է» կարգախոսով նախընտրական պաստառները՝ պատգամավորական ընտրություններից մնացած: Փողոցներ կան, որտեղ 10 տարվա վաղեմության քարոզչապաստառներ կան, արդեն թեկնածուներին էլ ենք մոռացել, բայց նրանց թաղապետ, ավագանու անդամ դառնալու ձգտումները պատերի վրա կիսաքրքրված մնացել են:
Այս օրերին քաղաքապետարանը մեծ ջանքեր է գործադրում, լվանում ու նույնիսկ հղկիչ թղթերով քերում է մայրաքաղաքի շենքերի պատերը, որ պոկի բոլոր հայտարարություններն ու գովազդները: «Առավոտի» հետ զրույցում քաղաքապետարանի արտաքին ձեւավորման եւ գովազդի վարչության պետ Արմեն Հարությունյանը պատմեց, որ երբեմն մարդիկ այնպիսի սոսինձներով են իրենց թղթերը փակցրած լինում, որ ոչ մի կերպ այն չի մաքրվում. «Հատուկ գործիքներ ենք կիրառում, շուշաթղթում, սրանից հետո թույլ չենք տալու նման բան: Պատին հայտարարություն փակցնելը մի վայրկյանի գործ է, իսկ մաքրելը ժամեր է տեւում»: Մայրաքաղաքը պատառոտված թղթերից ու հայտարարություններից մաքրելու հանձնարարականը քաղաքապետ Կարեն Կարապետյանն է տվել, եւ այն խախտողը հետաքրքիր ու արժանի պատիժ կստանա. քաղաքապետարանը պայմանավորվածություն է ձեռք բերել Հայաստանի բջջային եւ ֆիքսված կապի ծառայություն մատուցող ընկերությունների հետ՝ «avtodazvon» ծառայությունից օգտվելու համար, եւ եթե որեւէ մեկը շփոթվի նորից հայտարարություն փակցնի չթույլատրված տեղերում, նրա թողած հեռախոսահամարները կհանձնվեն օպերատորներին: Այսինքն՝ քաղաքն աղտոտողները անընդմեջ ավտոմատ զանգեր կստանան ու ստիպված կլինեն զղջալ իրենց իսկ ստեղծած գլխացավանքի համար: Մեր հարցին՝ խոշոր եւ հայտնի մասնավոր ընկերություններին պետք է այդ նույն սկզբունքով՝ «avtodazvon»-ի միջոցո՞վ պատժեք, պարոն Հարությունյանը պատասխանեց. «Հիմնականում այդ կարգի հայտարարությունները փակցվում են ֆիզիկական անձանց կողմից, այնուամենայնիվ, եթե լինեն ընկերություններ, որոնք կխախտեն, նրանց համար հավանաբար այլ պատիժ կկիրառվի, մենք ուզում ենք նաեւ փոփոխություններ կատարել ու վարչական պատասխանատվությունը մեծացնել»:
Ա. Հարությունյանը նաեւ տեղեկացրեց, որ նախընտրական քարոզարշավից առաջ բոլոր մասնակիցներին կզգուշացնեն ու կնախատեսեն հատուկ ավելի մեծ հատված՝ քարոզչական գովազդների համար. «Մենք տեսնում ենք, թե ինչ են դառնում այդ գովազդները՝ ընտրություններից հետո, հետագայում դրա մաքրելը բավականին ծանր աշխատանք է»:
Ինչպես գիտենք, մայրաքաղաքի բազմաթիվ շենքեր ու օբյեկտներ այս կամ այն պատգամավորի, մեծահարուստի են պատկանում, եւ եթե, ասենք, Գագիկ Ծառուկյանն ուզենա իր մեծադիր նկարը իրեն պատկանող օբյեկտների կամ բազմաբնակարան շենքերի վրա փակցնել, նրան է՞լ պիտի արգելեք՝ հարցին պարոն Հարությունյանը պատասխանեց. «Մինչ օրս մենք նման խնդիր չենք ունեցել, իրենք այնպես են փակցնում, որ դրանք հեշտ ապամոնտաժվում են՝ առանց շենքին վնաս տալու»:
Պարոն Հարությունյանը կոչ արեց, որ երեւանցիները մասնակցեն իրենց նախաձեռնությանը եւ պատերի վրա հայտարարություն տեսնելուն պես՝ տեղյակ պահեն քաղաքապետարանին. «Մենք չենք կարող ամեն փակցնողի հետեւից ման գալ ու պատժել, բնակիչներն էլ պետք է իրենց մասով մասնակցեն»: