Օրերս Գիտպետկոմի ղեկավար Սամվել Հարությունյանն ասել էր, թե ֆինանսական խախտումներ են գրանցվել Վ. Համբարձումյանի անվան Բյուրականի աստղադիտարանում, դրան ի պատասխան՝ «Առավոտը» տպագրել էր նաեւ աստղադիտարանի տնօրեն Հայկ Հարությունյանի խոսքը («Հայաստանի գիտպետկոմի «հայտնագործությունները», 20.07.2011): Երեկ պարոն Հարությունյանը եւ աստղադիտարանի աշխատակից, Հայկական աստղագիտական ընկերության համանախագահ Արեգ Միքայելյանը ասուլիս էին հրավիրել, որի ընթացքում մեկ անգամ եւս հանրությանը հիշեցրին, որ Բյուրականի աստղադիտարանում այսօրվա դրությամբ աշխատում է 86 մարդ՝ 36 հազար դրամ միջին աշխատավարձով: Անձամբ Հայկ Հարությունյանը ստանում է 58 հազար դրամ աշխատավարձ: «Ինչ վերաբերում է աշխատակիցների միջին տարիքին, ապա մեզ մոտ դա 50 տարեկանն է։ Իհարկե, աշխատում են նաեւ 80-ին մոտ եւ անց գիտնականներ, սակայն նրանց կողքին կան մինչեւ 33 տարեկան 10-12 երիտասարդ գիտաշխատողներ եւս։ Իսպառ բացակայում են 33-50 տարեկան մասնագետները»,- ըստ news.am-ի, ասել է պարոն Հարությունյանը։ Նա հայտնել է, որ աստղադիտարանից կադրային արտահոսք վերջին տարիներին չի նկատվում, քանի որ գիտաշխատողներն ընդգրկված են միջազգային մի շարք ծրագրերում, վարձատրվում են, ինչը ոգեւորում է նրանց եւ թույլ տալիս մնալ հայրենիքում։ «Գիտաշխատողների արտահոսք նկատվում էր հատկապես 90-ական թվականներին»,- ասաց Հարությունյանը։ Արեգ Միքայելյանն էլ ասել է, որ պետական ֆինանսավորում ստացող 114 հիմնարկությունների թվում իրենց ոչ մի գրանտ այս տարի բաժին չի հասել, մինչդեռ միջազգային «Անսեֆ» հիմնադրամի 25 գրանտներից Բյուրականի աստղադիտարանն այս տարի ստացել է 4-ը, հայ-ֆրանսիական 10 դրամաշնորհներից՝ 3-ը։ «Ստացվում է, որ պետական ոչ մի դրամաշնորհ չստանալը գնահատական է մեզ, կարծես մեզ մոտ լավ աշխատողներ եւ աշխատանքներ չկան»,- ամփոփեց Միքայելյանը։