Մինչեւ հաջորդ տարի Հայաստանի համայնքների ղեկավարները կշարունակեն մարել չվճարված աշխատավարձերի ու սոցվճարների կուտակած պարտքերը: «Խնդիրը ամբողջովին կլուծվի 2012-ին: Մեր կողմից իրականացվող աշխատանքների շնորհիվ նոր պարտքեր համայնքները չեն կուտակում»,- երեկ լրագրողների հետ հանդիպման ժամանակ վստահեցրեց Հայաստանի տարածքային կառավարման փոխնախարար Վաչե Տերտերյանը: Նրա խոսքով, 1996-2007թթ. համար չվճարած աշխատավարձերի ու սոցվճարների գծով պարտքը 2008թ. հունվարի 1-ի դրությամբ կազմում էր 2,3 միլիարդ դրամ: Արդեն այս տարվա հուլիսի 15-ի դրությամբ այն հասել է 284 միլիոն դրամի: Պարոն Տերտերյանն ասաց, որ վերջին երեք տարվա ընթացքում իրենք մեծ ուշադրությամբ են հետեւել համայնքների բյուջեների կատարողականին, եկամուտների հավաքագրմանը: Արդյունքում, այս տարվա հուլիսի 1-ի տվյալներով, համայնքային բյուջեների փաստացի մուտքերը, նախատեսված 12,113 միլիարդ դրամի փոխարեն, կազմել են 10,400 միլիարդ դրամ: Գույքահարկի հավաքագրումն իրականացվել է 85,3%-ով: Հարկման գործընթացը նախատեսվածից պակաս է եղել՝ 5,26 միլիարդ դրամի փոխարեն հավաքագրել են 4,49 միլիարդ դրամ: Նախատեսվածից քիչ են եղել նաեւ հողի հարկման մուտքերը՝ 2,215 միլիարդ դրամի փոխարեն՝ 1,815 միլիարդ դրամ: Այս փաստը պարոն Տերտերյանը բացատրեց անբարենպաստ կլիմայական պայմաններով. «Լավ մեկնարկ չապահովվեց գյուղացիների համար, բայց վստահ ենք, որ մինչեւ տարեվերջ իրավիճակը կբարելավվի»: Ամփոփելով հարկային եկամուտները՝ փոխնախարարն ասաց, որ ընդհանուր առմամբ 6,305 միլիարդ դրամի հարկ է հավաքագրվել, ինչը 2,7%-ով գերազանցում է նախորդ տարվա ցուցանիշը: