Մանկատան փողերն ուտելու մեջ կասկածվող տնօրենի մասին լավ կարծիք ունի նախարարը
«Եթե պաշտոնատար անձը թույլ է տվել չարաշահում, ուրեմն պետք է պատժվի: Այնպես որ, հասարակությունը սպասում է Ձեր համապատասխան քայլերին»: Սա օրերս աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արթուր Գրիգորյանին ուղղված՝ ԱԺ պատգամավոր Անահիտ Բախշյանի նամակի մի հատվածն է, որով պատգամավորը նախարարի ուշադրությունն է հրավիրել 2007-2008թթ. ընթացքում Շիրակի մարզի «Երեխաների տուն» մանկատան տնօրենի թույլ տված մոտ 4 միլիոն դրամի չարաշահումների վրա: «Պատգամավորը խնդիրն այնպես չի ներկայացրել, ինչպես որ կա: Խոսքը վերաբերում է մանր չարաշահման: Մանկատան տնօրենին չի կարելի մեղադրել հանցագործության մեջ, որովհետեւ նա համակարգի լավագույն տնօրեններից է: Ինքը հատուկ տիպի մանկատան տնօրեն է, մասնագիտությամբ բժիշկ եւ մանկատանը գտնվող երեխաների առողջական ու սոցիալական խնդիրների լուծման ուղղությամբ մեծ աշխատանքներ է կատարել: Եվ նման տնօրենի վրա սեւ բիծ տարածելու կամ պախարակելու՝ պատգամավորի փորձից ակնհայտ է, որ կան անձնական նկատառումներ»,- «Առավոտի» հետ զրույցում ասաց նախարարը: Նրա կարծիքով, չարաշահման հարցը բարձրաձայնելով՝ ԱԺ պատգամավորը հարցը քաղաքականացնում է. «Նրա հանցանքը ապացուցված չէ, հետեւաբար նա հանցագործ չէ»,- կրկնեց նախարարը: Հիշեցնենք, որ մանկատան տնօրեն Ռուզան Ավագյանին «Քրեական օրենսգրքով» մեղադրանք էր ներկայացվել պաշտոնական անփութության համար, սակայն վարույթը կարճվել էր համաներմամբ: Նախարարի խոսքով, չարաշահումները կատարվել են սննդի ձեռք բերման ընթացքում: Տիկին Ավագյանը սխալ նախահաշիվներ է ներկայացրել. «Հաշիվները ներկայացված են եղել նախորդ տարիների բարձր գներով»:
Շիրակի մարզպետարանի՝ ընտանիքի եւ երեխաների իրավունքների պաշտպանության բաժնի պետ Լուսինե Գինոսյանն էլ մեզ հետ զրույցում ասաց, որ թեեւ մարզպետարանը մարզի մանկատների վերահսկողությամբ չի զբաղվում, բայց ինքն անձամբ չարաշահումների թեմայով զրուցել է մանկատան տնօրեն Ավագյանի հետ. «Նա ասում էր, որ թյուրիմացությունը ոչ թե իր, այլ սնունդ առաքող կազմակերպության մեղքով է եղել: Գների տատանում է եղել, կազմակերպությունն էլ սխալ հաշվարկներ է ներկայացրել»: Տնօրենը, ով 10 օրով Սանկտ Պետերբուրգ կազդուրվելու է մեկնել, մարզպետարանի աշխատակցին վստահեցրել է, որ այդ թյուրիմացությունից մի բան էլ պետությանն օգուտ է եղել, ոչ թե վնաս: ԱԺ պատգամավորն էլ, մեկնաբանելով նախարարի ասածը, թե ինքը անձնական նկատառումներից ելնելով է բարձրացրել մանկատան փողերը չարաշահած տնօրենին պատժելու հարցը, ասաց. «Ես նրան չեմ ճանաչում, բայց արդեն 3 տարի հետեւում եմ մանկատների գործունեությանը, թե ինչպես են ծախսում պետբյուջեի փողերը: Սա նշանակում է՝ անձնական նկատառումներից ելնելո՞վ եմ անում: Եթե մանկատան տնօրենը 4 միլիոն դրամը անփույթ կերպով է ծախսում, այստեղ ոլորտի ղեկավարը լուրջ եզրակացություններ պետք է անի»: