Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ԾԱՌԱՅՈՂԱԿԱՆ ՔՆՆՈՒԹՅՈՒՆ «ԱՌԱՎՈՏ»-Ի ՀՐԱՊԱՐԱԿՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ

Հուլիս 22,2011 00:00

ՊԵԿ-ն առաջիկայում ծառայողական քննություն կսկսի «Առավոտի» «Գործարարի գլխին սարքում են» (19.07.11) հրապարակման կապակցությամբ. սա վարչապետի հանձնարարականն էր ՊԵԿ պետի տեղակալ Արմեն Ալավերդյանին:

\"\"Երեկ կառավարության նիստին վարչապետը, անդրադառնալով հրապարակմանը, ասաց. «Քանի որ բերված փաստերը շատ առարկայական էին, անհրաժեշտ է ծառայողական քննություն կատարել, եթե այդ փաստերը համապատասխանում են իրականությանը, ապա այդ տեսուչներին պատժել է պետք»:

Ինչ է արվել ու ինչ է արվելու Սանահինի «վթարային» վանքում: Մշակույթի նախարարությունը վարչապետի հանձնարարականով մշակել է վերականգնման աշխատանքների հստակ ժամանակացույց: «Վանական համալիրի վերականգնման աշխատանքները կսկսվեն հաջորդ տարի, ու դրա համար կպահանջվի 80 միլիոն դրամ»,- երեկ կառավարության նիստի ժամանակ ասաց նախարարը՝ հիշեցնելով, որ պետբյուջեով այս տարի վանքի վերականգնման համար արդեն տրամադրվել է 6 միլիոն դրամ: Նախարարի խոսքով, այս ընթացքում լրջորեն ուսումնասիրում են համալիրի հարավային ճակատի հատվածում առաջացած ճաքը: Ճաքի խորությունը, ուղղությունը պարզելու համար կրկնակի ստուգումներ են անցկացվել: «Հուշարձանի գմբեթի, ճաքի, երեք հատվածների հետ կապված բոլոր խնդիրներին լուծում կտանք»,- խոստացավ տիկին Պողոսյանը: Իսկ ինչ վերաբերում է վանքի գմբեթին առաջացած անտառին, նա ասաց, որ հատուկ նյութերի միջոցով կմշակեն հուշարձանի վրա առաջացած բուսականությունը: Վարչապետը հետաքրքրվեց, թե վանքը ուսումնասիրող գերմանացի մասնագետների եզրակացությամբ՝ արդյոք վանքին վտանգ չի՞ սպառնում: «Ճաքը աճում է, թե ոչ՝ կպարզվի 2-րդ հետազոտության ժամանակ: Նախնական տվյալներով, իրենք խնդիրը տեսնում են ոչ թե ճաքի, այլ ճաքի հիմքերի մեջ: Դրա համար հնագիտական հետազոտություն ենք իրականացնում, որ պարզենք ճաքի խորությունը: Ենթադրվում է, որ ճաքը տարածված է այն հատվածներում, որտեղ կան սողանքներ, եւ հիմնական խնդիրները հենց այդտեղից են գալիս»: Որպեսզի նախարարության մշակած վանքի վերականգնման նախագիծն իրականացվի, այն դեռ պետք է միջազգային փորձաքննություն անցնի:

Սահմանված արագության գերազանցումն ու ճանապարհային կանոնների խախտման դեպքերը նվազագույնի հասցնելու նպատակով կառավարության որոշմամբ երեւանյան փողոցներում կավելանա տեսանկարահանող ու լուսանկարահանող սարքերի թիվը: Նախատեսվում է սարքերը տեղադրել 15 մայրուղիներում, 10 խաչմերուկներում: Բարեփոխումների արդյունքում ՀՀ փոխոստիկանապետ Արթուր Օսիկյանը լրագրողներին ասաց, որ ճանապարհային ոստիկանների մի մասը կկրճատվի: «Բայց նրանք գործազուրկ չեն մնա»,- ասաց պարոն Օսիկյանը՝ վստահեցնելով, որ կրճատվածները համակարգում այլ աշխատանքի կանցնեն: Նրա տեղեկացմամբ, սարքերի տեղադրումը իրականացնելու է շվեդական Sensis Trafic կազմակերպությունը՝ սեփական միջոցներով: 9,8 եվրոյի չափով ներդրումները շվեդական ընկերությունը կիրականացնի 25 տարում: Իսկ որպես փոխհատուցում Sensis Trafic-ը կստանա գանձված տուգանքների 70%-ը՝ այնքան ժամանակ, մինչեւ կվերադարձնի ներդրած գումարն ամբողջությամբ: Տեսախցիկները, ըստ Օսիկյանի, ֆիքսելու են ավտոմեքենայի համարանիշից մինչեւ խախտման տեսակը: Նոր սարքերի տեղադրման շնորհիվ ոստիկանությունում տարեկան 200 միլիոն դրամի տուգանքի արձանագրում են կանխատեսում: Հանդիպման վերջում փոխոստիկանապետը դիմեց հայ վարորդներին՝ ավտոտեսուչն առանց համապատասխան կտրոն հանձնելու իրավունք չունի տուգանքի դիմաց գումար գանձել: Նման դեպքերում նա խորհուրդ տվեց զանգահարել ոստիկանության թեժ գիծ (54-69-14):

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել