Լրահոս
Օրվա լրահոսը

Մարքսիստի զորությունը

Հուլիս 22,2011 00:00

Ինչո՞ւ ՀԱԿ-ում չեն հասկանում «ազգի տրիբունին»

Իր բնութագրմամբ՝ «ՀՀՇ-իշխանություն» երկխոսությունը Հայաստանի մարքսիստական կուսակցության նախագահ Դավիթ Հակոբյանն «Առավոտի» հետ զրույցում որակեց որպես «անպտուղ քաղաքական ֆլիրտ»: «ՀՀՇ-ն, որ իրեն ինքնակոչ միակ ընդդիմություն է հայտարարել՝ պառակտելով ընդդիմադիր դաշտը «սվայակների» եւ «չուժակների», իր գաղափարական բովանդակությամբ կորցրել է իր քաղաքական պիտանելիության ժամկետը: Եվ այսօր այդ սիրախաղը հասարակության կողմից գնահատվում է ավելի շատ որպես քաղաքական կուրտիզանություն՝ ապագա պառլամենտի տեղերը բաշխելու համար»,- ասում է մարքսիստը՝ երկխոսության արդյունքը կապելով նրա հետագա հրապարակայնության հետ, այլ ոչ թե գաղտնի՝ «ինչպես թուրքերի հետ գաղտնի դիվանագիտությունն էր»: Մարքսիստը նաեւ «Առավոտին» խնդրեց ՀՀՇ-ին փոխանցել. «Ժողովուրդը մի խոսք է ասում՝ ի՞նչ ընդդիմություն՝ առանց Հակոբյան Դավթի՝ ազգի տրիբունի: Դա նույնն է, ինչ տերտերն՝ առանց խաչի եւ Ավետարանի, քանզի տերտերին զորություն տվողը փարաջան չէ, այլ Ավետարանը»: Նա նաեւ իշխանության կողմից «կատարյալ ապուշություն» որակեց ՀՀՇ-ին միակ ընդդիմություն ճանաչելը: «Մեծ հարգանք տածելով Լեւոն Ակոպիչի անցած ճանապարհի, նրա քաղաքական դիմանկարի նկատմամբ եւ դրական համարելով այն ամենը, ինչ որ նա արեց ազգի համար»՝ մեր զրուցակիցը նկատում է, որ «պատմությունն ամենաանողոք տիրամայրն է», ու իշխանություններին հիշեցնում է, որ ժամանակն այսօր պարտադրում է գաղափարական սերնդափոխություն. «Հին, անցած-գնացած կադրերով ազգն այսօր առաջնորդվել չի կարող»:

Այս ամենով հանդերձ եւ ի հեճուկս այն քաղաքական գործիչների, ովքեր համոզված են, որ հայաստանյան քաղաքական զարգացումների տրամաբանությունը տանելու է հերթական ընտրությունների, Դավիթ Հակոբյանը գրեթե կասկած չունի, որ սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին տեղի են ունենալու արտահերթ խորհրդարանական ընտրություններ: «Եվ դա կլինի ոչ թե հետեւանք ներքին, հհշ-ական ընդդիմության քաղաքական ճնշման, այլ ավելի շուտ ղարաբաղյան հակամարտությամբ զբաղվող եռապետությունների՝ իշխանությունների վրա գործադրվող դիվանագիտական ճնշման հետեւանք: Ես բազմաթիվ անգամներ ասել եմ, որ հանրապետությանը օդի ու ջրի նման անհրաժեշտ է դիվանագիտական թայմ-աուտ: Նախ, որպեսզի մենք կարողանանք զարգացումները մեկ տարով ուշացնել՝ մինչեւ Պուտինը գա իշխանության. հիշեցնեմ, որ Պուտինն առաջինն էր, որ հայտարարեց, թե Կոսովոյի անկախացման նախադեպը կլինի նաեւ Ղարաբաղի պրոտոտիպը»,- ասում է մարքսիստը: Ըստ նրա՝ դիվանագիտական թայմ-աուտը Հայաստանին նաեւ պետք է «քաղաքական դիվանագիտության ռելսերից սահուն անցում կատարելու համար ռազմական ռելսերի», որովհետեւ «նախահարձակ եւ պարտվող կողմն իրավունք չունի բանակցային գործընթացի կողմ լինելու, այնպես, ինչպես Պոտսդամում եւ Վերսալում Գերմանիայի եւ Թուրքիայի հարցում»: Ամեն դեպքում, ՀԱԿ-ի հետ երկխոսության նոր մեկնարկած գործընթացը դիտարկելով՝ մարքսիստը հետեւություն է անում. «Ինձ թվում է՝ Ազատիչը արդեն իսկ հասկացել է, թե ես ինչ եմ ուզում ասել, եւ դիվանագիտական թայմ-աուտը նա կարող է կորզել եւ եվրոպական դիվանագիտական ճիրաններից դուրս պրծնել միմիայն արտահերթ պառլամենտական ընտրությունների պարագայում: Սեպտեմբեր-հոկտեմբերը նա չպետք է ուշացնի: Սա նաեւ միակ ելքը կլինի միակողմանի զիջումներից պրծնելու՝ առանց Ղարաբաղի կարգավիճակը որոշելու պարտադրանքի»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել