Կարծում է ԱԺ պատգամավոր Վիկտոր Դալլաքյանը
– ՀԱԿ-կոալիցիա հանդիպումները կարծես դժվարին վիճակ են ստեղծում Դաշնակցության եւ «Ժառանգության» համար, բնական չե՞ք համարում իրենց կողմից խանդի դրսեւորումները:
– Ընդհանրապես քաղաքականության մեջ հակացուցված են զգացմունքայնությունը եւ զգայական ընկալումները: Հանրահայտ է, որ քաղաքականության մեջ դոմինանտ են այնպիսի կատեգորիաներ, ինչպիսիք են շահերը, պրագմատիզմը, հաշվարկը, քաղաքական օպոնենտին ծուղակը գցելու արվեստը, ճշգրիտ զոհաբերություն կատարելը եւ այլն: Թերեւս խորհրդարանական ընդդիմությունը մտահոգվելու հիմքեր ունի: Հանրապետության առաջին եւ երրորդ նախագահների սկսած շախմատային հայտնի պարտիան ի վերջո հանգեցրել է նրան, որ այսօր քաղաքական հիմնախնդիրները քննարկվում են քաղաքական հարթությունում: Ընդհանրապես ես բնական եմ համարում որոշ քաղաքական ուժերի եւ գործիչների անհանգստությունը հանրապետության առաջին եւ երրորդ նախագահների սկսած այս գործընթացի նկատմամբ, քանի որ նրանք հասկանում են, որ արդյունքում կարող են հայտնվել քաղաքական լուսանցքում: Հայաստանի համար չափազանց կարեւոր է, որ ընդդիմություն-իշխանություն հարաբերությունները ընթանան ոչ թե առճակատումների, այլ քաղաքական գործընթացների, կոնսուլտացիաների ձեւով, եւ ոչ թե քաղաքական գործընթացները քրեականացվեն, ինչպես եղել է նախկինում: Հույս ունենանք, որ ընդդիմություն-իշխանություն քաղաքական պարտիան դրական հանգուցալուծում կունենա: Ներկայիս քաղաքական գործընթացների տրամաբանությունը ենթադրում է, որ մոտ ապագայում՝ թերեւս մինչեւ 2011 թվականի վերջերը, անհրաժեշտություն է դառնալու այսօր հեռակա կամ միջնորդավորված ձեւով քաղաքական շախմատ խաղացող Հայաստանի առաջին եւ երրորդ նախագահների տետատետ հանդիպումը: Հատկանշական է, որ նորանկախ Հայաստանի պատմության ընթացքում առաջին անգամ ստեղծվել է քաղաքական մի իրավիճակ, երբ ինստիտուցիոնալ ընդդիմությունը ղեկավարում է հանրապետության պաշտոնաթող նախագահ: Այս հանգամանքը չի կարող իր կնիքը չթողնել առաջիկա քաղաքական գործընթացների վրա: ՀԱԿ-իշխանություն վերջին շրջանի փոխհարաբերությունները կարող են բերել այն համոզման, որ իշխանությունները գիտակցել են՝ հազիվ թե կարող են չեզոքացնել Տեր-Պետրոսյանի գլխավորած ընդդիմության գործոնը 2012-ի խորհրդարանական ընտրություններում, իսկ ընդդիմությունն էլ թերեւս գիտակցել է, որ հազիվ թե Հայաստանում տեղի ունենան արտահերթ ընտրություններ: Քաղաքական շախմատ խաղացողները կամ այդ շախմատի հետ որոշակի առնչություն ունեցողները գիտակցում են, որ Հայաստանը գնում է հերթական խորհրդարանական ընտրությունների, բայց թերեւս քաղաքական նոր մշակույթով, փոխադարձաբար ընդունելի եւ հասարակության համար ընկալելի որոշակի կանոններով:
– Այնուամենայնիվ, մեր հասարակության մեջ կա բավականին ստվար մի շերտ, որը ոչ իշխանությանն է հավատում, ոչ էլ ընդդիմությանը, հասարակության այդ մասը հավասարապես մերժում է երկուսին էլ, եւ, ըստ էության, այդ ձայները մնացել են օդի մեջ, ո՞ւմ են դրանք բաժին հասնելու:
– Ընդհանուր առմամբ համաձայն եմ ձեր այն գնահատականի հետ, որ հասարակության մեջ կա մի զգալի հատված, որը չի հավատում ոչ իշխանությանը, ոչ ընդդիմությանը՝ ես նկատի ունեմ ՀԱԿ-ին, եւ դա բնական եմ համարում, ավելին՝ հասարակության այդ հատվածը որոշ դիտարկումներով ավելի մեծ է, քան կոալիցիայի եւ ՀԱԿ-ի էլեկտորատը միասին վերցրած: Կարծում եմ՝ գործող իշխանությունները եւ ՀԱԿ-ը չեն ընդգրկում Հայաստանի քաղաքական ամբողջ սպեկտորը, նրանք ներկայացնում են ընտրողների որոշակի հատված: Հավելեմ, որ ինչպես մի առիթով նշել եմ իշխանություններին եւ ՀԱԿ-ին գնահատելիս՝ պարզունակ կլիներ առաջնորդվել հրեշտակների կանխավարկածով: Ինչ վերաբերում է ընտրողների այն մեծ հատվածին, որի մասին դուք ասացիք, ապա Հայաստանում գործող կուսակցությունները իրենց առջեւ պետք է խնդիր դնեն ներկայացնել իրենց անցած ճանապարհը եւ ապագա ծրագրերը, ինչպես ընդունված է քաղաքակիրթ աշխարհում, եւ ստանան ժողովրդի վստահության քվեն:
– Դուք հնարավոր համարո՞ւմ եք արտահերթ զարգացումներ, օրինակ՝ դրսի ուժերի պարտադրանքով կամ թելադրանքով:
– Իրավիճակը տարածաշրջանում այնպիսին է, որ հազիվ թե համաշխարհային ուժային հայտնի կենտրոնների համար՝ ԱՄՆ, Ռուսաստան, ԵՄ երկրներ, ԼՂ հիմնախնդիրը այս փուլում համարվի առաջնահերթ, քանի որ նրանք ունեն բազմաթիվ առաջնահերթություններ, մասնավորապես՝ Իրաքի, Աֆղանստանի, Իրանի պրոբլեմները, Հյուսիսային Կորեայի պրոբլեմը, ինչու չէ՝ համաշխարհային նոր տնտեսական ճգնաժամի ուրվականը, գլոբալ տաքացման հետ կապված էկոլոգիական հիմնախնդիրները եւ այլն: Իմ կարծիքով՝ աշխարհը զբաղված է շատ ավելի գլոբալ առաջնահերթություններով, եւ հազիվ թե այս փուլում քայլ կատարեն ԼՂ-ում ստատուս-քվոյի փոփոխության առումով: Ինչ վերաբերում է սոցիալական հիմնախնդիրներին, ապա Հայաստանին բնորոշ չեն սոցիալական ցնցումները, եւ չեմ կարծում, որ սոցիալական բեւեռացումը կարող է հանգեցնել լուրջ ցնցումների: Արտաքին եւ ներքին քաղաքական զարգացումները որոշակիորեն սիմետրիկ են, եւ հազիվ թե մինչեւ 2012-ի խորհրդարանական ընտրությունները ստեղծվի արտառոց իրավիճակ:
– Եթե Ձեր նշած սցենարը գործի, այսինքն՝ շարունակվի շախմատային տրամաբանությունը, ապա 2012-ին կլինեն հերթական ընտրություններ, ինչը կնշանակի, որ կանխորոշված է լինելու նաեւ 2013-ի նախագահականի ճակատագիրը:
– Այն քաղաքական ուժերը, որոնք ազատ եւ արդար ընտրությունների արդյունքում դոմինանտ կլինեն 2012-ի խորհրդարանում, նաեւ վճռական դերակատարություն կարող են ունենալ 2013-ի նախագահական ընտրությունների ժամանակ, եւ ինչ-որ առումով 2012-ի կամպանիան ավելի բեկումնային է, քան 2013-ի նախագահականը, քանի որ գործող Սահմանադրությամբ՝ իշխանությունը հիմնականում կոնցենտրացված է Ազգային ժողովում, այսինքն՝ խորհրդարանական մեծամասնությունը ձեւավորում է իր կառավարությունը, եւ, բնականաբար, այն խորհրդարանական մեծամասնությունը, որը կձեւավորի իր կառավարությունը, 2013-ին վճռական դերակատարություն կարող է ունենալ նաեւ հանրապետության նախագահի ընտրությունների ժամանակ: Ի դեպ, մի դիտարկում. ես համաձայն եմ ձեր գնահատականի հետ, որ ստեղծված քաղաքական իրավիճակում հիմնական գործող անձինք առաջին եւ երրորդ նախագահներն են: Ուզում եմ հռետորական հարց տալ՝ իսկ արդյոք այս հանգամանքը չի՞ վկայում այն մասին, որ Հայաստանի քաղաքական համակարգն անկատար վիճակում է գտնվում: Ակնհայտ է, որ Հայաստանը կանգնած է լրջագույն ռեֆորմների իրականացման շեմին եւ ժողովրդի քաղաքական ակտիվության, այսինքն՝ ներքեւից եւ վերեւից ռեֆորմների տրամադրվածությունը, որը ունի նախագահ Սարգսյանը, կարող է միաձուլվել, եւ այս ամենը կարող է հանգեցնել նրան, որ Հայաստանում տեղի ունենան համակարգային խորը փոփոխություններ՝ ներքեւինների ճնշմամբ՝ վերեւինների կողմից իրականացվող: Վաղուց եկել է լրջանալու պահը: