Լրահոս
Օրվա լրահոսը

ԵԽԽՎ ԶԵԿՈՒՑՈՂԸ ՈՂՋՈՒՆԵԼ Է ԵՐԿԽՈՍՈՒԹՅՈՒՆԸ

Հուլիս 22,2011 00:00

Երեւան կատարած դիտարկման այցի ավարտին ԵԽԽՎ Հայաստանի հարցով համազեկուցող Աքսել Ֆիշերը ողջունել է իշխող կոալիցիայի եւ արտախորհրդարանական Հայ ազգային կոնգրեսի միջեւ ծավալվող երկխոսությունը: Ըստ ԵԽ մամուլի ծառայության տարածած հաղորդագրության՝ Ֆիշերը հույս է հայտնել, որ զուգահեռաբար համանման կառուցողական երկխոսություն կկայանա նաեւ կոալիցիայի եւ խորհրդարանական ընդդիմության միջեւ. «Ես շատ բավարարված եմ այս երկխոսության մեկնարկով, որը վաղուց Վեհաժողովի ցանկությունն էր, եւ որը էական է Հայաստանում քաղաքական միջավայրի ընթացիկ կարգավորման առումով: Ես կոչ եմ անում բոլոր կուսակցություններին՝ առավելագույն ճկունություն ու բարեխղճություն ցուցաբերել այն հաջողությամբ պսակելու համար»:

Ֆիշերը նաեւ ընդգծել է առաջիկա խորհրդարանական ընտրությունների կարեւորությունը երկրի ժողովրդավարական զարգացման համար. «Նոր «Ընտրական օրենսգիրքն» ամուր հիմք է տրամադրում ժողովրդավարական ընտրությունների համար, սակայն այն այժմ պետք է կիրառվի բարեխղճորեն՝ ոգուն եւ տառին համապատասխան: Ընտրական շահառուները, հատկապես Հայաստանի հանրությունը պետք է լիակատար վստահություն ունենան ընտրական գործընթացի եւ դրա արդյունքների նկատմամբ: Հետեւաբար, ես կոչ եմ անում բոլոր կուսակցություններին՝ ապահովել ընտրությունների ժողովրդավարական բնույթը եւ ձեռնպահ մնալ որեւէ գործողությունից կամ հայտարարությունից, որոնք կարող են սասանել այդ վստահությունը»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել